Նախևառաջ չեմ ցանկանում որևէ ձևով վիրավորած լինել այս աղջկան, որին, անկեղծ ասած, չեմ ճանաչում: Ով ծանոթ չէ նրա գրառմանը, ապա հակիրճ ասեմ, որ իր ասածն այն է, որ կրոնը և գիտությունը իրար հակադրվում են, և պետք է աշխարհի կրոնները վերանան ընդհանրապես:  

«Իմաստութեան աղբիւրը բարձրեալ Աստծու խօսքն է, եւ նրա ճանապարհները յաւիտենական պատգամներ են»: (Սիրաք 1:15) 

Առաջին հերթին՝ Աստծուց է իմաստությունը գալիս, Ով հեղում է այն Իրենից Երկյուղ ունեցողների վրա: 

Երկրորդ՝ գիտության խնդիրն է պատասխանել, թե ինչպես են տեղի ունենում մեր շուրջ տեղի ունեցող երևույթները՝ հիմնվելով օբյեկտիվ իրականության մեջ գոյություն ունեցող օրինաչափությունների վրա: Ի հակադրություն գիտությանը՝ կրոնի առաքելությունն է պատասխանելու, թե ինչու են այս կամ այն երևույթները տեղի ունենում: Մի վառ օրինակ` Ծով: Գիտության խնդիրն է պատասխանել, թե ինչպես է այն գոյացել, ինչ հոսանքներ ունի այն, ոնց է աշխատում այն և այլն, իսկ կրոնի խնդիրն է պատասխանել, թե ինչու է Աստված ստեղծել այն, օրինակի համար այն մխիթարանք է մեր հոգու համար և Աստծու Փառքի տեսանելի օրինակ: Նույն այդ Ծովում էր, որ, գիտության բոլոր կանոններին հակառակ, Մովսեսի միջոցով Աստված Կարմիր Ծովը կիսեց երկու մասի և Իր ժողովրդին փրկեց:

«Այս աշխարհի իմաստութիւնը յիմարութիւն է Աստծու առջև» (Ա. Կորնթ. 3:19)
Երրորդ՝ Աստծո կողմից ստեղծված կանոնները նույն Ինքը Աստված կարող է փոխել դրա կանոնները: Աստված լինելով միակ Արարիչը՝ ինքը կարող է փոփոխել հենց նույն այն ֆիզիկայի կանոնները, որոնցով այժմ գիտությունը բացատրում է կյանքում տեղի ունեցող օրինաչափությունները: Դրա լավագույն օրինակներից է Կարմիր Ծովով անցումը, երբ Աստված հիմարացրեց աշխարհի իմաստուններին: Այսինքն՝ ինչքան աշխարհի իմաստունները կուտակեն գիտելիքներ, միևնույն է Աստծո առաջ այդ գիտելիքներով չենք կարող գոռոզանալ, քանի որ մեկ վայրկյանում Աստված կարող է փոխել այդ կանոնները, և վերջում արդեն կպահանջվեն երկար տարիներ, որպեսզի այդ նոր օրինաչափությունները ուսումնասիրվեն:

Ահա այսպես, գիտությունն ու կրոնը երբեք իրար չեն հակադրվում, այլ միայն և բացառապես համագործակցում են, մեկը որոնում է, թե ինչից է կազմված նյութը (գիտություն), մյուսը՝ ինչի համար (կրոն):

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել