Ճառերի, ելույթների, բանավեճերի առատության մեր ժամանակներում զարմանալիորեն ավելի սուր ես զգում Խոսքի բացակայությունը: Բառերի տեղատարափը երբեմն ասես խելագարության է հասցնում, և լեզվանիության՝ երկիրը բռնած այս աղմուկի մեջ սիրտդ կեղեքում է քաղցը կիսաձայն մի զրույցի, հանդարտ մի երկխոսության, որտեղ գուցե թե բառերն էլ այնքան տեղ չունեն, որքան փոխըմբռնումի խաղաղ լռությունը:
Նման պահերին ես դարձյալ ու դարձյալ վերադառնում եմ Բակունցին: Արտասովոր այդ գրականությունը բացառիկ երևույթ է մեր արձակում. այդքա՜ն սակավ երկխոսություններով այդքա՜ն առատ խոսք մարդու, աշխարհի, գեղեցիկի մասին: Որքա՜ն կշահեր ժամանակակից հասարակությունը, եթե խորությամբ ճանաչեր խոսքի և գեղագիտության այն աշխարհը, որ Բակունցն է մեր առջև բացել: Ո՛չ մի բոցաշունչ մենախոսություն, ո՛չ մի պաճուճապատ միտք… Մեկ-երկու պարզ երկխոսություն, հերոսին վերաբերող մի զուսպ մակդիր, և ահա քո առջև բացվում է սիրո և տառապանքի, երջանկության ու ցավի, հոգեկան խորը զգացումների մի անսահման աշխարհ, որտեղ արևի պես շողարձակում են մարդն ու մարդկայինը, խոնարհությունն ու արիությունը, կորովն ու ոգու ամրությունը:
Ակսել Բակունցի արձակը մի վիթխարի գանձարան է, մի ամբողջ մտածողություն: Նրա փոքրիկ պատմվածքներից ընդամենն օրական մեկը ընթերցելով՝ յուրաքանչյուր ոք կարճ ժամանակում կբացահայտի խոսքի և խոսելու բարձր մշակույթը, կզգա լռելու հմայքը, կսովորի տեսնել պարզ մարդու մեծ հոգին, կհղկի իր ճաշակը, գեղեցիկի իր ընկալումը, օրվա հասարակ ակնթարթների մեջ կկարողանա կյանքի հրաշքը նկատել: