Եթե դուք գոհ չեք ձեր ղեկավարից, ապա չի բացառվում, որ նա հոգեկան հիվանդ է, ով հաճույք է ստանում այն բանից, որ ազդում է շրջապատի մարդկանց նյարդերի վրա: Նման տեսակետ է հայտնել բրիտանացի հոգեբան Քեւին Դաթոնը, ով կազմել է այն մասնագիտությունների ցուցակը, որոնք հոգեկան հիվանդներն ամենաշատն են նախընտրում:

«Հոգեկան հիվանդների փիլիսոփայությունը. թե ինչպես կարող են սրբերը, լրտեսները եւ սերիական մարդասպանները մեզ սովորեցնել հաջողության հասնել» գրքի հեղինակն առանձնացրել է 10 աշխատանքներ, որոնք հաճույք են պատճառում անհավասարակշիռ հոգեվիճակ ունեցողներին եւ այն 10 մասնագիտությունները, որոնք վերջիններս կընտրեն ամենավերջին հերթին, հաղորդում է Business Insider պարբերականը:

Օքսֆորդի համալսարանի գրողը եւ հոգեբանը փորձել է հասկանալ հոգեկան հիվանդներին եւ բացահայտել նրանց մասնագիտական հաջողության գաղտնիքը, մասնավորապես սեփական դիլեր հոր փորձի վրա, ով աչքի է ընկնում անտանելի բնավորությամբ, սակայն կարողանում է վաճառել ամեն ինչ, գրում է Guardian-ը: Դաթոնը վստահեցնում է, որ հոգեկան հիվանդները մեծ լավատեսներ են:

Իր գրքի սկզբում գրողը ներկայացնում է այն օրինակը, երբ աղջիկն իր մոր թաղման արարողության ժամանակ առաջին հայացքից սիրահարվում է մի երիտասարդի, սակայն մոռանում է վերցնել նրա հեռախոսահամարը: Որոշ ժամանակ անց նա սպանում է իր քրոջը այն հույսով, որ իր սիրելին կժամանի թաղման արարողությանը: Այս օրինակով Դաթոնը բացահայտում է, որ հոգեկան հիվանդների գլխավոր հատկանիշներից է սառնասրտությունը, անխղճությունը, եսասիրությունը, զգացմունքների բացակայությունը եւ նպատակասլացությունը, ասվում է գրքի նախաբանում, հաղորդում է NEWSru.com-ը:

Հիմնվելով անհավասարակշիռ հոգեվիճակով մարդու համար լավագույն աշխատանքային պայմանների վրա` գրողը կազմել է 10 «ամենապսիխոպաթիկ» մասնագիտությունների վարկանիշը, դրանք են`

1) Ընկերության նախագահ

2) Փաստաբան

3) Հեռուստա կամ ռադիոլրագրող

4) Վաճառական

5) Վիրաբույժ

6) Լրագրող

7) Ոստիկան

8) Քահանա

9) Խոհարար

10) Զինվորական

Իսկ հոգեկան հիվանդների համար ամենաանհրապույր մասնագիտությունների թվում են հայտնվել հիվանդապահի, բուժքույրի, թերապեւտի, սպասարկման ոլորտի աշխատակցի, ոճաբանի, բարեգործական ֆոնդի աշխատակցի, ուսուցչի, նկարչի, բժշկի եւ գանձապահի մասնագիտությունները: Բոլոր նրանք պահանջում են զգացմունքներ եւ ուշադրություն` դիմացինի հանդեպ, ինչը հոգեկան հիվանդներին հատուկ չէ:
news.am

Կից նյութն`այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել