Fact.am-ը գրում է.
Կասպից ծովը աշխարհի ամենամեծ փակ ջրային տարածքն է, որի ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 370 հազար քառակուսի կմ.: ԽՍՀՄ-ի փլուզումը վերակենդանացրեց Կասպից ծովի շուրջ ընթացող պայքարը պետությունների միջև: Եվ եթե նախկինում Կասպից ծովը բաժանված էր միայն ԽՍՀՄ-ի և Իրանի միջև, ապա այսօր այնտեղով անցնում են 5 երկրների սահմաններ` Իրան, Ռուսաստան, Ադրբեջան, Թուրքմենստան և Ղազախստան:
Այս երկրներից յուրաքանչյուրն իր յուրովի մոտեցումն ունի ծովի և նրաբնական պաշարների բաշխման վերաբերյալ: Կասպից ծովի շուրջ ընթացող պայքարը կարելի է բնութագրել որպես քաղաքական շահերի բախում, երբ երկրների մի խմբի համար (Իրան, Ռուսաստան) այդ տարածաշրջանը առավել կարևոր է որպես սեփական քաղաքական ազդեցության պահպանման գոտի, իսկ մյուսների համար (Ադրբեջան, Թուրքմենստան, Ղազախստան) Կասպից ծովը կարևորվում է, առաջին հերթին, որպես նավթով և գազով լեցուն տարածք:
Ինչ վերաբերում է Կասպից ծովի իրավական խնդրի կարգավորմանը, ապա հարկ է նշել, որ այն դեռևս վերջնական լուծում չի ստացել, քանի որ պետությունները չեն կարողանում գալ ընդհանուր հայտարարի: Իսկ հիմնական պատճառներից մեկն այն է, որ Կասպից ծովի դեպքում, որը փակ ջրային ավազան է, չեն կարող կիրառվել միջազգային ծովային իրավունքի նորմերը, այդ թվում «բացառապես տնտեսական գոտի», «տարածքային ծով», «մայրցամաքային խութ» և այլ հասկացություններ:
Երկրներից յուրաքանչյուրը սահմանային բաժանման իր տարբերակն է առաջարկում: Ռուսաստանն առաջարկում է բաժանել ծովի հատակը միջին գծով, որպեսզի յուրաքանչյուր երկիր` ծովի իր սահմաններում կարողանա ինքնուրույն վերահսկողություն սահմանել բնական ռեսուրսների նկատմամբ: Ադրբեջանը և Թուրքմենստանը հանդես են գալիս Կասպից ծովի ազգային գոտիներով բաժանման օգտին, որի արդյունքում հստակ տարանջատվում են ծովի հատակը, մակերեսն ու օդային սահմանները և հենց այստեղ էլ բախվում են այս երկու երկրների շահերը: Իրանը առաջ է քաշում Կասպից ծովի ընդհանուր օգտագործման գաղափարը` բաժանելով այն հավասար մասերի` 20% յուրաքանչյուր երկրին:
Հարկ է ավելացնել, որ տվյալ գործընթացի վրա իրենց բացասական ազդեցությունն ունեն նաև երրորդ երկրները` ԱՄՆ, Չինաստան, Թուրքիա, Եվրամիություն, որոնք տարածաշրջանում ունենալով որոշակի տնտեսական և քաղաքական հետաքրքրություններ, ցանկանում են այս կամ այն կերպ ազդել բանակցային գործընթացների վրա: Տարածաշրջանում շարունակվում է պահպանվել լարվածությունը, քանի որ հակասություններ կան ինչպես Իրանի և Ադրբեջանի, այնպես էլ Թուրքմենստանի և Ադրբեջանի միջև, որոնք նավթի և գազի վիճելի տարածքներ ունեն: Ռուսաստանն էլ չի ցանկանում, որպեսզի թուրքմենական և ղազախական նավթը և գազը Ադրբեջանով դեպի Արևմուտք մատակարարվի, ինչի արդյունքում տարածաշրջանում կարող է թուլանալ վերջինիս դիրքերը:
Իսկ այն հարցին, թե արդյոք մոտ ապագայում այս խնդիրը կստանա իր վերջնական հանգուցալուծումը, դժվար է պատասխանել, քանի որ տնտեսական ու քաղաքական շահերի բախման արդյունքում, դժվար թե կնքվի մի փաստաթուղթ, որի տակ լինեն ափամերձ հինգ երկրների ստորագրությունները: