Araratnews.am-ը գրում է.
Չնայած հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեռեւս որոշում չի ընդունել հոսանքի սակագների վերաբերյալ, այնուհանդերձ, այլեւս պարզ է, որ օգոստոսի 1-ից այն 6,93 դրամով կթանկանա։ Դա նշանակում է բնակչության համար ցերեկային սակագինը կբարձրանա 16,5, գիշերայինը՝ 21,7 տոկոսով։ Բարձր լարման սպառողների կամ տնտեսության դեպքում հոսանքի թանկացումը կտատանվի 20 տոկոսի շրջանակներում։
Էլեկտրաէներգիայի գների բարձրացումն, անշուշտ, մեծացնում է ինչպես բնակչության, այնպես էլ տնտեսական հատվածի ֆինանսական բեռը։ Հաշվի առնելով այդ հանգամանքը՝ կառավարությունը պատրաստվում է օժանդակել սոցիալապես անապահով խավերին։ Որքան կլինի օժանդակության չափը՝ առայժմ հայտնի չէ։
Ուզած, թե չուզած կմեծանա ճնշումը նաեւ տնտեսության վրա։ Ճիշտ է, հոսանքի թանկացումը տարբեր կերպ կարտահայտվի տնտեսության տարբեր ոլորտներում՝ կապված արտադրության ինքնարժեքում էլեկտրաէներգիայի մասնաբաժնից, բայց որ ազդեցությունը լինելու է՝ միանշանակ է։ Դա նշանակում է, որ էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումը մեծացնում է տնտեսական աճի ռիսկերը։
Առավել եւս, որ վերջին շրջանում դրանք ակտիվացել են նաեւ արտաքին հատվածում՝ կապված Ռուսաստանի տնտեսության եւ հանքահումքային ապրանքների միջազգային շուկաներում տեղի ունեցող դրսեւորումների հետ։ Ինչ-որ չափով բարելավելուց հետո վերջին շրջանում արտահանման համար կրկին վատացել է իրավիճակը ռուսական շուկայում։ Թեեւ, ըստ էության, մինչ այդ էլ մի բան չէր։
Շուրջ երկու-երկուսուկես ամիս տեւած արժեւորումից հետո հաշված օրերի ընթացքում ռուսական ռուբլին դարձյալ մեծ արագությամբ կորցրեց քաշը։ Այն արժեզրկվեց ավելի քան 10 տոկոսով։ Եթե մինչեւ այդ դոլարի գինը ռուսական շուկայում տատանվում էր 49-50 ռուբլու սահմաններում, ապա այժմ հաստատվել է 56 ռուբլու շրջանակում։ Սա ճնշում է ոչ միայն հայկական արտահանումը ռուսական շուկայում, այլեւ մեծացնում է ազդեցությունը այս երկրից ուղարկվող տրանսֆերտների վրա։ Իսկ թե դրանց նշանակությունն ինչքան մեծ է Հայաստանի ՀՆԱ-ի ձեւավորման մեջ՝ դժվար չէ պատկերացնել։
Մյուս կողմից՝ իրավիճակը Հայաստանի տնտեսության համար դարձյալ վատացել է որոշ ապրանքների միջազգային շուկաներում։ Խոսքը, բնականաբար, առաջին հերթին վերաբերում է պղնձի գներին։ Վերջին 20-25 օրվա ընթացքում այն դարձյալ էժանանում է։ Եթե մինչ այդ պղնձի գինը հասել էր տոննայի համար գրեթե 6,5 հազար դոլարի, ապա վերջին օրերին տատանվում է 5,9 հազարի շրջակայքում։
Արտաքին եւ ներքին այս իրավիճակը անշուշտ նախանձելի չէ Հայաստանի տնտեսության համար։ Ամեն դեպքում, կառավարությունը շարունակում է պահպանել լավատեսությունը եւ համոզված է, որ այս տարի Հայաստանում անպայման տնտեսական աճ է արձանագրվելու։ Այդ մասին անցած օրը մեկ անգամ եւս հայտարարեց հանրապետության վարչապետը։ Տնտեսական ակտիվության վրա ազդեցության հավելյալ գործոնների հետեւանքները կառավարությունն ակնկալում է մեղմել նոր ծրագրերի իրականացմամբ, որոնք նախատեսվում են տարվա երկրորդ կիսամյակում։