Ահա այս ներքին կարգախոսով ապրում ենք դարեր շարունակ: Մի կարծրատիպ կեցվածք, որը կարծես փոխվելու միտում չունի: Նրանք են մեզ ուղղորդում ամեն ինչում, մկրտում են մեզ, պսակադրում ու ճանապարհ գցում: Նրանք են բացահայտում սիրո ու երջանկության գաղտնիքները: Հիմա արդեն գիտական, հասարակական, քաղաքական, տնտեսական, կարճ ասած՝ ամեն ինչին անդրադառնում են անխտիր: Դարբնին` հարվածել, ջութակահարին՝ նվագել, մասնագետ բժիշկներին էլ` դարման անել են սովորեցնում: Վերջին խոսքը իրենց է վերապահված, իրենց խորհուրդներն էլ` արդիական: Քրիստոնեական սուրբ գրքերը իրենցից դուրս փիլիսոփայություն չեն ընդունում, արդի գիտությունները մերժվում են, սակայն ժամանակակից հոգևորականները դա էլ են շրջանցում, և արդեն հասել ենք այստեղ, երբ, օրինակ, մի հասարակությանը շատ հայտնի հոգևորական իրեն իրավունք է վերապահում քննարկել մի հարց, որից բացարձակ տեղյակ չէ: Ոչ միայն այն պատճառով, որ դրա փորձառությունը չունի, այլև տեսականորեն էլ չգիտի դրա մասին: Ահա նա մասնակցում է մի բանավեճի, որը սեռական դաստիարակության ու հարաբերության մասին է, և, ցավոք, մասնագետ հոգեբանը բացակայում է, սակայն մյուս մասնագետին` սեքսոպաթոլոգին (որը, իմ կարծիքով, շատ լավ տիրապետում է իր գործին) նա անընդհատ ընդհատում ու հակասում է, ապա պահանջում մասնագիտական տերմիններ չգործածել, այլ պարզ խոսել: Նաև բողոքում է, թե այսօր Հայաստանում ամեն մակարդակի մարդ խոսում է սեռական հարաբերությունների մասին՝ իհարկե, ինքն իրեն բացառելով: Սեռական հարաբերություններ. մի բան, որ դարեր շարունակ մեծ գիտնականները չեն կարողանում համատեղել բարոյական արժեհամակարգի հետ` առանց դրանց առանցքում հակասական բախումներ ունենալու: Աշխարհին ամենահայտնի հոգեբանների գլուխկոտրուկն է եղել սա, բոլոր մշակույթների ամենատաբու մասը: Իսկ Հայր Սուրբը մի հարվածով «լուծում» է խնդիրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել