Երեկ ընկերության միջազգային օրն էր, ու դա առիթ տվեց լիքը մտածելու, թե ինչ ա ընկերությունը: Սկսենք սկզբից` առաջին մարդիկ, ում ես իմ մանկական գիտակցության ողջ էությամբ ընկեր եմ համարել, մանկապարտեզի ընկերներս էին, ում հետ խաղում էի, չարություն անում, դաստիարակների գլխին օյիններ բերում, հետո, երբ արդեն ինձ մենակ բակ դուրս գալ էր կարելի, դարձան բակի ընկերներս, մեր շունը՝ Արջուկը, ով ինձ էնպես էր հսկում, որ ոչ ոք էդպես չէր կարող հսկել, հլը փորձեր մեկը վրաս բարձր խոսեր, մատ թափ տար կամ ես փորձեի վազել դեպի բանուկ փողոց կամ դեպի մեր փողոցով անցնող կանալը. դեմս կտրում էր ու, մի տեսակ համոզելով, հետ տանում ավելի անվտանգ վայր: Հետո դպրոց, դպրոցի ընկերներ, հետո համալսարան, ուր ես ձեռք բերեցի երկու էնպիսի ընկերներ, երբ ես բանակ գնացի, իրենք չգնացին, մեր տանն արդեն իմ փոխարեն երկու տղա էր: Բանակի ընկերները լրիվ ուրիշ էին, քանի որ նեղության մեջ է ընկերդ երևում ավելի ուրիշ կողմերով։
Ուզես թե չուզես, մի օր ընկերների ճանապարհները բաժանվում են, ու ամենքը գնում է իր կյանքով, բայց ընկերը նա է, ով հանդիպելուց կրկին դառնում է այն մարդը, ում ճանաչել ես հենց այդպիսին: Ընկերը նա է, ում հետ վերադառնում ես անցյալ, ընկերը նա է, ով ներկայում մեջքիդ կանգնած է, ում մեջքին դու ես կանգնած:
Ընկերության մեջ ամենավատը կիսած հացը, նեղությունն ու ուրախությունը մոռանալն է... Բնական է, որ մեկը կարող է հասնել մեծ բարձունքների, տիրապետել մեծ հնարավորությունների, մյուսը ոչ այնքան, բայց երբ նստում են նույն սեղանի շուրջ, պիտի հանեն բոլոր համազգեստները ու դառնան նույն մայկա-տռուսիկով սաղ օրը գետում լողացող ընկերները, ովքեր չունեին ո՛չ պաշտոն, ո՛չ կոչում, ո՛չ դիրք...
Կամաց-կամաց համոզվում եմ նաև, որ սիրած մարդուն ամենաառաջինը պիտի դիտարկես կյանքի ընկերոջ տեսանկյունից, քանի որ հնարավոր է՝ գա մի պահ, երբ հօդս ցնդեն բոլոր կոչումներն ու պաշտոնները, արտաքին հմայքն ու առողջությունը, ու մնան ուղղակի երկու մարդ իրենց մերկ մարդկային կերպարի մեջ ու դառնան ուղղակի ընկերներ...
Հ.Գ. Շնորհակալություն պարոն մարկ Ցուկերբերգին, որ ընկերներիս մի ստվար հատվածը համալրեց իր դարակազմիկ հայտնագործությամբ:
Ապրեք, որ կաք, ընկերնե՛ր ջան...