Արծվի ձագը, գլուխը բնից հանելով, տեսավ ժայռերի մեջ ճախրող թռչունների բազմությունը:
- Մայրիկ, այս ի՞նչ թռչուններ են, - հարցրեց նա։
- Մեր ընկերներն են,- ասաց մայր արծիվը որդուն,- արծիվն ապրում է մենության մեջ. այդպիսին է նրա ճակատագիրը, սակայն ժամանակ առ ժամանակ նա ևս շրջապատի կարիք է զգում, այլապես նա էլ ի՞նչ թռչունների թագավոր: Բոլորին, ում դու տեսնում ես ներքևում, մեր հավատարիմ ընկերներն են:
Մոր բացատրությունից բավարարված` արծվի ձագը հետաքրքությամբ շարունակեց հետևել թռչուններին`այսուհետև համարելով նրանց իր հավատարիմ ընկերները: Բայց հանկարծ նա գոռաց.
-Վա՜յ, վա՜յ, նրանք գողացան մեր սնունդը:
-Հանգստացի՛ր, որդիս: Նրանք մեզնից ոչինչ չեն գողացել, ես ինքս եմ նրանց հյուրասիրել: Ընդմիշտ հիշիր, թե քեզ հիմա ինչ կասեմ, ինչքան էլ արծիվը սոված լինի, նա անպայման պետք է իր որսը կիսի հարևան թռչունների հետ: Այս բարձրությունից նրանք ի զորու չեն գտնելու սնունդ, և անհրաժեշտ է նրանց օգնել:
Յուրաքանչյուրը, ով ցանկանում է ունենալ հավատարիմ ընկերներ, պետք է լինի բարի և համբերատար` ուշադիր լինելով ուրիշների կարիքներին: Պատիվ ու հարգանք ձեռք են բերում ոչ թե ուժով, այլ մեծահոգությամբ և կարիքավորների հետ անգամ վերջին կտորը կիսելու պատրաստակամությամբ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/smbatsarkavag/posts/841010992634039?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել