Թափառական Շիդհարը վեր բարձրացրեց մտազբաղ աչքերը, որոնց վրա արևակեզ ճակատի խորշոմներն էին իջել:
Եվ տեսավ զարմանքով, որ ա՛յն վաղեմի ծանոթ ծովը, որի շառաչուն ափերով ինքն անցել էր մի քանի անգամ իր դարավոր թափառումների անկայան ընթացքում, հիմա մի ծարավուտ և տատասկոտ անապատ է դարձել:
Եվ տեսավ, որ նախկին ծովի կանաչ ալիքների փոխարեն, որոնց վրա նավերն էին օրորվում փետուրի պես, հիմա ավազի դեղին ալիքներն են գալարվում անապատային առյուծի բաշերի պես:
Եվ նավերի փոխարեն դանդաղ քայլում է քարավանը խուլ ղողանջումով:
Երկաթեղեն ոտներով մոտեցավ նա քարավանի պետին և խլաձայն հարցրեց.
- Քանի՞ ժամանակ է, որ այստեղ անապատ է գոյացել:
- Խե՜ղճ ծերուկ, խելքդ թռցրել ես,- բարձրաձայն ծիծաղեց առաջնորդը:
- Ճիշտ եմ ասում, անծանոթ բարեկամս, տարիներ առաջ երբ անցա, այստեղ մի անեզր ծով կար, իսկ հիմա` անջուր անապատ է:
Եվ նրա ահազդեցիկ ձայնը գալիս էր դարերի մռայլ խորքերից:
- Սակայն քո աչքերից չի երևում, թե դու խելագար ես: Բայց ի՜նչ անհասկանալի բաներ ես ասում: Մեր պապերի պապերի պապերը անցել են այս տեղով, ու նրանցից էլ շա՜տ առաջ շատերն են անցել, իսկ այս անապատն աշխարհի սկզբից կար ու կմնա…
Երազի մեջ ես, ծերուկ, երազի մեջ:
Մի դաժան ծաղր կծկվեց Շիդհարի սևաթույր շրթների անկյունում: Եվ նորից քայլեց առաջ:
Անցան դարեր, նորից դարեր:
Թափառական Շիդհարի հարյուր անգամ երկիրը չափող ոտները մի անգամ վերստին ուղղվեցին դեպի անապատը:
Երբ մոտեցավ ծանոթ վայրի սահմաններին, տեսավ, որ երեկվա ամայի անապատում հիմա մի մարդաշատ քաղաք է եռում:
Մոտեցավ քաղաքի մեծ դռանը և միամտորեն հարցրեց դռնապանին.
- Ի՜նչ շուտ շինեցիք այս քաղաքը:
Դռնապանը շատ տարօրինակ գտավ այս հարցը:
- Ինչպե՜ս թե… շինեցիք: Վաղո՜ւց, վաղո՜ւց գոյություն ունի այս քաղաքը. մեր պապերի պապերի պապերը չգիտեն անգամ, թե ով և երբ ձգեց այս քաղաքի հիմերը: Այս քաղաքն այնքան հին է, որքան աշխարհը:
Մռայլներով լեցուն աչքերը մեծ թափառականը նետեց քաղաքի վրա – փողոցներում և շուկաներում խռնվում էին այրեր, կանայք և երեխաներ:
Ոմանք աճապարում էին մտահոգ, ոմանք արևի տակ զվարճանում էին անհոգ, և երեխաները զվարթ խաղ էին անում աղբյուրների շուրջը:
Կանայք` պճնված վարդերով ու գոհարներով, հրապուրում էին հավերժական ճշմարտի և գեղեցիկի մասին, մարդու տիեզերական արժեքի և նրա գերագույն նպատակների մասին…
Նորից մի դաժան ծաղր գալարվեց` անապատի օձի պես` Շիդհարի մթագին շրթների վրա:
Այն թռչող վայրկյանը, որ մարդիկ կյանք են անվանում, հավերժական է թվում այս խեղճերին… Սակայն, ով փրկարար պատրանք… Իրենց խխունջից տիեզերական օվկիանի խորհուրդներն են լուծում և օրենքներ են սահմանում անհունին և անսահմանին… Անապատի վրայից սահող ամպի ստվերից ավելի ստահոգ է ձեր էությունը… Սակայն տեսնենք վաղը ի՞նչ է լինելու…»:
Եվ վերստին քայլեց անդուլ դարերի թափառականը:
Անցան դարեր, նորից դարեր, և եկավ վաղը:
Հիշեց Շիդհարը վաղեմի քաղաքը և ուզեց այցելել նրան:
Երբ հասավ նրա սահմաններին, տեսավ, որ քաղաքի տեղը հիմա փռվում է մի դաշտավայր` ծաղկավետ և գարնանագեղ: Գետակի ափին պարում էին ու երգում նորաբողբոջ աղջիկները: Եվ հովիվը արածեցնում էր խաշների հոտը սրնգի դայլայլների տակ:
- Ո՞ւր գնաց այստեղից քաղաքը,- հարցրեց նա հովվին:
- Ի՞նչ քաղաք,- ապշեց հովիվը:
- Տարիներ առաջ իսկ և իսկ այս կողմերն էի. մի մարդաշատ քաղաք էր եռում այստեղ: Նրա մասին է խոսքս…
Հովիվը քար կտրած նայում էր Շիդհարին:
- Ե՞րբ առաջ եկավ այս դաշտը,- հարցրեց Շիդհարը:
- Ի՞նչ սարսափելի բաներ ես ասում. ես քեզ չեմ հասկանում… Մեր պապերի պապերի պապերը, և էլի առաջ, այստեղ իրենց հոտերն են արածեցրել: Այս դաշտը կար աշխարհի սկզբից և կմնա…
Հինավուրց թափառականի մռայլ շրթները նորից գալարվեցին, և արգահատանքի մի հայացք դաշույնի պես շողաց նրա աչքերում:
«Եղկելի մարդիկ, երեկը նրանց համար գոյություն չունի, այսօրն է նրանց համար միակ իրականը… Երգում են, պարում և չգիտեն, որ իրենց ոտների տակի երեկվա գերեզմանը վաղը իրենց գերեզմանն է լինելու…»:
Եվ նորից քայլեց Շիդհարը: Ձյունաթույր մազերը ալեկոծվում էին նրա մթին ճակատի վրա: Քայլում էր և հոգու խորքում դառնագին խորհում մարդու միամտության և նրա գոյության ակնթարթի վրա և բոլոր իրերի գահավերժ հոսման վրա…
Հ. Գ. «Առավելագույնը, որ ժամացույցը մեզ կարող է տալ, 1 ակնթարթ առաջվա ժամանակն է. այն ի վիճակի չէ ցույց տալ նույնիսկ տվյալ պահի ժամանակը» (Ջոն Բոսլոու):
Շնորհակալ եմ Տիգրան Հայրապետյան գրադարանի աշխատակիցներին` բարեխիղճ աշխատանքի ու նյութն ինձ տրամադրելու համար (http://gradaran.mskh.am/node/3046 )
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/alvina.babayan/posts/3797115417177
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել