ԻՄ հայտարարությունն այսօր՝ ԱԺ դահլիճում
ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ
9.06. 2015.

Հունիսի 7-ին Թուրքիայում ընտրվեց նոր գումարման Ազգային մեծ ժողով: Արդեն համաշխարհային մամուլն էլ է արձանագրել, որ այս ընտրությունները դարձան Թուրքիայի նախագահի ֆիասկոն: «Արդարություն և զարգացումը» հաղթեց, բայց կորցրեց խորհրդարանական մեծամասնությունը՝ և հիմա արդեն Էրդողանը շատ երկար պիտի մտածի Սահմանադրության փոփոխության և նախագահական կառավարման մոդելի մասին, որ նրա երազանքն էր թե վարչապետության, թե նախագահության ընթացքում: Չեմ ուզում թվերի ու տոկոսների մեջ մտնել, առավել ևս չեմ ուզում ընտրություններից հետո Անկարայում ստեղծված իրավիճակի զարգացումները կանխատեսել, բայց ուզում եմ խոսել մեր հարևան երկրում կատարված փոփոխության մասին: Մթնոլորտի փոփոխության: Չափազանց բացահայտ են այդ փոփոխությունները, որ կասկածի տեղ թողնեն: Թուրքական հասարակությունը այս ընտրություններում աննախադեպ ակտիվ էր, ակտիվ էր նաև իր գաղափարներն ու տեսակետները բռնություններով պաշտպանելու մեջ՝ Թուրքիան մնում է Թուրքիա: 
Ես համոզված եմ, որ հասարակության ներսում արագորեն փոխվում են համամասնությունները, ևս երկու այսպիսի ընտրություններ և այսօրվա գործող մեծամասնությունը կարող է փոքրամասնության վերածվել: Իսկ ո՞վ է դառնալու մեծամասնություն և ի՞նչ անդրադարձ են այդ փոփոխություններն ունենալու հայ-թուրքական հարաբերություններում:
Ընտրությունների իրական հաղթող համարում են քրդական Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությանը, որ հրապարակավ ընդունել է հայոց ցեղասպանությունը: Այսինքն ՝ Թուրքիայի չափահաս բնակչության 13 տոկոսը, որ ձայն է տվել այդ կուսակցությանը ու նրա համար ապահովել 78 մանդատ Ազգային մեծ ժողովում, կողմնակի ձևով ընդունել է հայոց ցեղասպանությունը և թուրք-հայկական հարաբերությունների կայացման անհրաժեշտությունը:
Կարծում եմ՝ մեզ համար հարևան երկրի ընտրություններում սա ամենակարևոր ցուցանիշն է: Ես, իհարկե, այնքան միամիտ չեմ, որ բացարձակացնեմ փաստը և հավատամ, որ քրդերը հայերի լավագույն բարեկամներն են ու օրենսդիր իշխանություն ստանալով՝ միանշանակ կշարունակեն նույն քաղաքականությունը: Առավելևս, որ չի բացառվում Թուրքիայում խորհրդարանական նոր ընտրություններ լինեն, եթե չկազմվի կոալիցիոն կառավարություն: Քրդերը վարելու են քրդական քաղաքականություն՝ սա միանշանակ է, մեր խնդիրն է հնարավորինս պաշտպանել մեր շահերը և առաջ տանել այն հարցերը, որ հայոց ցեղասպանության 100-ամյակի համահայկական Հռչակագրով հաստատել ենք: 
Մի քանի ամիս առաջ այս ամբիոնից ես դիմեցի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին բաց նամակով: Նա, իհարկե, չպատասխանեց, բայց պատասխան ես չէի էլ սպասում: Այսօր ուզում եմ՝ շարունակելով իմ իսկ ստեղծած ավանդույթը՝ ասել.«Արդարություն և զարգացում» կուսակցությունը, որի հետ պարոն Էրդողան, այդքան հույսեր էիք կապում, հաղթեց ու պարտվեց միաժամանակ, ու սա շատ լավ պատճառ է, որ վերագնահատեք ոչ միայն անցյալի նկատմամբ ձեր վերաբերմունքը, այլև ներկայի ու ապագայի: Դուք ծրագրում եք մի իրականություն ձեր ու ձեր երկրի համար, իսկ ձեր ժողովուրդը խափանում է ձեր ծրագրերը, ուրեմն մտածեք ձեր սխալների մասին: Ձեր անձնական ճակատագիրը ինձ բոլորովին չի մտահոգում, բայց այսօր դուք եք նախագահը մի երկրում, որի տարածքում իմ պատմական հայրենիքի վեց վիլայեթներն են ու իմ հայրենակիցներն են ապրում՝ բացահայտած կամ ծպտյալ ինքնությամբ, նրանց ճակատագիրը որևէ հայի չի կարող չմտահոգել: Ժամանակն է, որ «Հարևանների հետ զրո պրոբլեմներ» ձեր իսկ հռչակած կեղծ քաղաքականությունից անցնեք «Թուրքիայում զրո պրոբլեմներ» քաղաքականությանը: Սա գուցե միակ դեպքն է, որ ես ձեզ հաջողություն եմ մաղթում, եթե ի զորու լինեք շրջադարձը հասկանալ ու ինքներդ էլ համապատասխանեք ձեր ժողովրդի ձգտումներին: Խելքը գլխին հարեւան ունենալը բխում է ձեր բոլոր հարեւանների շահերից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել