Վաչե Ամարյանը հանդիսանում է հայկական շոու բիզնեսի ամենամասսայական լսարան ունեցող ներկայացուցիչներից մեկը, ինչը շոկ է անձամբ ինձ համար։ Սակայն սա ապացուցում է, որ մեծամասնությունը միշտ չէ, որ ճիշտ է և հաճախ նախապատվություն է տալիս ամենացածրորակ արվեստին, եթե այս դեպքում արվեստ բառն առհասարակ կիրառելի է։ Վաչե Ամարյանը հենց ցածրորակ արվեստի կրող է, և ահա 5 պատճառ, թե ինչու է նա մեր էստրադայի ամենավուլգար ու անճաշակ կերպարը։
1. Տեսահոլովակների բիլբորդային գովազդներ
Ես միայն Հայաստանում եմ տեսել, որ ճանապարհային բիլբորդների վրա գովազդվի երաժշտական տեսահոլովակ, և այդ նորամուծությունն արեց հենց Վաչե Ամարյանը, երբ ներխուժեց մեր շոու բիզնես՝ իր «Բալա» կոչվող անճաշակությամբ։ Բիլբորդների վրա գովազդ անելն իմաստ ունի, եթե գովազդվում է ինչ-որ ավելի մնայուն բան, որը չի կորցնելու իր ակտուալությունը մի քանի օր կամ էլ շաբաթ հետո, ասենք՝ խանութ, բրենդ, սոցիալական գովազդ և այլն, բայց գովազդել մի բան, որը լավագույն դեպքում մի քանի շաբաթ է պահանջարկ ունենալու և այն էլ՝ հեռուստատեսությամբ ու համացանցով դիտելու բան է, անիմաստ եմ համարում։
2. Ոչ էստրադային արտաքին
Թող ինձ ներեն Վաչե Ամարյանն ու նրա իմիջմեյքերը, բայց արտաքին նման տվյալներով ես ավելի շուտ կպատկերացնեի խորհրդային հեռուստատեսությամբ կոլխոզային տնտեսության վերելքի մասին խոտի դեզի ֆոնին երգող ռանչպարի, քան կրակոտ մաչոյի, ում հետ ողջագուրվելու և համբուրվելու համար իրենց կոտորում են հոլովակի մեջ ներգրավված մոդելային արտաքինով աղջիկները։ Ու ևս մի դիտարկում՝ վերաբերող արտաքին տեսքին. եթե ոմանց պարագայում չսափրված արտաքինն ավելի բրուտալ կերպար է ստեղծում, ապա Վաչե Ամարյանը չսափրված վիճակում անթրաշ խոպանչու է հիշեցնում։
3. Ակցենտով ռուսերեն
Տանել չեմ կարողացել ակցենտով այլ լեզուներով երգողներին, լինի դա Սոսո Պավլիաշվիլի, թե Վաչե Ամարյան։ Ախր ի՞նչ իմաստ կա դրանում, եթե ոչ լսարանդ է առանձնակի ռուսախոս, ոչ քո ռուսերենն է ոսկեղենիկ, ոչ էլ երգիդ լիրիկան է այնքան սպեցիֆիկ, որ միայն ռուսերենով է հնարավոր փոխանցել ողջ էմոցիաներն ու խորությունը։ Արդյունքում, Վաչե Ամարյանի ամեն երգ վեր է ածվում «Խոպանի սիմֆոնիայի», որը չի կարող չնյարդայնացնել և ոչ մի մարդու, ով էսթետիկական ճաշակի գոնե նշույլներ ունի։
4. Վուլգար ոճ
Ոսկե ֆենաձև միկրոֆոն, ոսկյա պատյանով կոշիկներ, ճչան ու ոչ ներդաշնակ ճոխություն… Այս ամենը կարելի է տեսնել Վաչե Ամարյանի ցանկացած հոլովակում։ Հարց է առաջանում, թե ինչի համար է արվում այդ ամենը, եթե, ինչպես 2-րդ կետում նշվեց, մարդու մնացած տվյալներն ակամա ասոցիացիաներ են առաջացնում խոտի դեզի մոտ բալալայկայով երգող ռանչպարի հետ։ Արդյունքում, մարդու մոտ առաջանում է դիսոնանս, որովհետև «ռանչպարը» նույնն է, իսկ «բալալայկան» ու «խոտի դեզը»՝ ոսկեջրած։
5. Անբովանդակ ռեպերտուար և բացարձակ բաղաձայն կատարում
Վերոնշյալ բոլոր կետերի վրա կարելի էր աչք փակել, եթե, այդքանով հանդերձ, Վաչե Ամարյանը պարգևեր մեզ խորը և իմաստալից երգեր՝ լավ վոկալային կատարմամբ, բայց արի ու տես, որ Վաչեի ձայնային տվյալներով անգամ կարաոկե ակումբում աչքի չես ընկնի, իսկ նրա մատուցած երգի ու երաժշտության իմաստը հասկանալի է թերևս միայն իր՝ Վաչե Ամարյանի համար։ Ասածիս վառ վկայությունն էլ թող լինի «Օլյա բուչա բուդաբի» կոչվող «գլուխգործոցը»։