«Ռուսաստանի երկաթուղիներ» ընկերության տնօրեն Վլադիմի Յակունինը հայտարարել է, որ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը անհեռանկարային է, ու մեջբերում եմ. «Դա նույնն է, որ պատի վրա անցք բացես դեպի ոչ մի տեղ՝ դեպի հարևան տան պատը»։ Հիշեցնեմ, սա ասում է նույն այն մարդը, ով դեռ մեկ տարի առաջ Երևանում հայտարարել էր, որ նույն Հայաստան-Իրան երկաթուղու կառուցումը բավականին արդիական հարց է։
Սա ևս մի վկայություն է առ այն, որ ռուսական կապիտալը Հայաստանում հղփացել է ու կորցրել է իրականության զգացումը և գնալով կորցնում է ադեկվատությունը։ Ռուսական ընկերություններն իրենց պահում են ասես դասական օլիգոպոլիաներ գաղութացված տարածքներում, ու սրա մեղավորությունը միայն մասնակիորեն կարելի է բարդել այդ ռուսական ընկերությունների վրա։
Նրանցից ոչ պակաս, եթե չասեմ ավելի մեղավոր են մեր իշխանությունները, որոնց վարած անատամ քաղաքականությունը ռուսական բիզնեսին (չխառնել Ռուսաստանի հետ) թույլ է տվել, որ այսօր ռուսական մեծ ընկերությունները զգան իրենց Հայաստանում, ասես իրենց հոր տանն են։ Մինչդեռ, իրավիճակը կարելի է շեշտակի փոխել՝ չդիմելով որևէ ռադիկալ քայլերի, որոնք կարող են վատացնել հարաբերությունները Ռուսաստան պետության հետ։
Բոլորիս աչքի առաջ է Բելոռուսիայի օրինակը, որի իշխանությունները ոչ պակաս կախված են Ռուսաստանից, բայց սկզբունքային դիրքորոշում ունեն, որով թույլ չեն տալիս ռուսական բիզնեսին հղփանալ իրենց երկրում և տեղն եկած ժամանակ լավ էլ թրխկացնում են դրանց ճաշակին։ Ու այդքանով հանդերձ, Բելոռուսիան չի դադարում հանդիսանալ Ռուսաստանի ամենահուսալի և հավատարիմ դաշնակիցներից մեկը։ Ի՞նչն է խանգարում, որ մեր իշխանությունները որդեգրեն բելառուսական ռազմավարությունը ռուսական թոփային ընկերությունների՝ ՌԱՕ ԵԷՍ-ի, Գազպրոմի, Ռուսական երկաթուղիների ու այլ նման հսկաների հանդեպ, և ամեն անգամ, երբ վերջիններս հետ են կանգնում իրենց ստանձնած պարտավորություններից, կամ դրանց գործունեությունը սկսում է ուղղակիորեն հակասել ու վնասել Հայաստանի ներքին շահերին, միանգամից հակազդեն դրանց այնպես, ինչպես դա անում է Բելոռուսը։ Թերևս ոչինչ չի խանգարում՝ բացի քաղաքական կամքի և վճռականության բացակայությունից։
Կա կարծրատիպ, որ Գազպրոմը Ռուսաստանն է, Երկաթուղիները Ռուսաստանն է, ՌԱՕ-ն Ռուսաստանն է, ու ինչ-որ քայլեր ձեռնարկելով նրանց դեմ՝ գործում ես Ռուսաստանի դեմ։ Մինչդեռ դա այդքան էլ այդպես չէ։ Կա ռուսական բիզնես էլիտա և կա ռուսական քաղաքական էլիտա, որոնք թեև սերտաճած են, բայց նույնը չեն։ Ու եթե բիզնես էլիտան միայն իր շահերն է պատրաստ դիտարկել, ապա քաղաքական էլիտայի հետ կարելի է ընդհանուր լեզու գտնել ու նույնիսկ հասնել նրան, որպեսզի հայ-ռուսական հարաբերությունների հարցը գերակայի Ռուսաստանի առանձին շահերին, ինչպես դա եղավ Ցեղասպանության օրը Պուտինի այցի պարագայում, որը, կարելի է ասել, հիմնովին փչացրեց հարաբերությունները Թուրքիայի հետ և հարցականի տակ դրեց բազմամիլիարդանոց բիզնես-պրոյեկտներ, որոնց այդքան ձգտում է Ռուսաստանի բիզնես էլիտան։
Ավելի վճռական եղեք, պարոնա՛յք, և այդժամ կունենաք թե՛ ժողովրդի աջակցությունը, թե՛ ավելի շահեկան տնտեսական միջավայր։