Արդեն մի քանի օր է, ինչ հայտնի տաքսիստն էլ հերոս չէ, չնայած որ նա երբեք էլ հերոս չէր եղել, նրան հերոսացրել էինք մենք. նա մեկն էր, ով պարզապես դեմ էր տաքսիների լիցենզավորման նոր կարգին։
Իսկ ժողովրդը հերոսի կարիք ունի ու հերոսի թափուր հաստիքն այս անգամ որոշեցին զբաղեցնել վերջերս մեկնարկած «Սոս» հաղորդման ստեղծողները: Իսկ թե որքանով էին նրանք ծանոթ «հերոսի» իրավունքներին և պարտականություններին, կփորձենք պարզել:
«Երբ իրական հերոսները գնում են, ասպարեզ են գալիս ծաղրածուները». Հենրիխ Հայնե.
Մեր երկրում խոսքի ազատությունը երբեք էլ ամենաբարձր արժեքը չի եղել, ու հենց դա է պատճառը, որ մեր ջահելների մոտ խեղաթյուրվել է ազատության իրական ընկալումը: Նրանք կարծում են, որ ազատ ես, երբ կարող ես մարդկանց վիրավորել ու մնալ անպատիժ: Չէ, տղես, քո բռունցները թափահարելու ազատությունն ավարտվում է այնտեղ, որտեղ սկսվում է հարևանի քիթը:
«Սոս»-ի համահեղինակ Հայկ Բարսեղյանը հայտարարում է, որ չի կարող առանց վիրավորանքների ու ագրեսիայի խոսել, քանի որ մարդ է և էմոցիաներ ունի: Հայկ ջան, եթե չես կարողանում քեզ զսպել, ուրեմն լրատվությունն այն գործը չէ, որով պետք է զբաղվես, որովհետև համոզված եմ, որ դու ինքդ չէիր ցանկանա ապրել այն երկրում, որտեղ բոլորն անպատիժ կվիրավորեն բոլորին: Քեզ հարց եմ տալիս, Հայկ, ինչպե՞ս էիր քեզ զգում, երբ ամբողջ համացանցը քո հորը՝ Լևոն Բարսեղյանին, վիրավորում էր ամենավերջին քֆուրներով, երբ Ասպարեզ ակումբում Գեորգի Վանյանի հետ ադրբեջանական ֆիլմեր էին ցուցադրում: Դա՞ է ձեր երազած ազատությունը. չեմ կարծում: Ձեր երազած ազատությունը համացանցում դալբա*ոբ, շիզոֆռենիկ, գ*ոթ, սոված իձյոտ, գ***դոն, ք*ձ ու էլի շատ նման կեղտոտ բառերով խոսե՞լն է: Ուրեմն դուք արժանի եք ձեր իշխանությոններին: Թե չէ, էլ ինչի՞ ես բողոքում Շմայսից, եթե քո պատկերացրած ազատությունը Շմայսի պես խոսելն է:
Ոստիկանությունը դատի է տվել հաղորդավար Վիլեն Գայֆեջյանին հաղորդման ընթացքում ոստիկանության հասցեին անվայել արտահայտություն անելու համար: Թող դատարանը որոշի, թե ով է ճիշտ, և ով՝ սխալ, ու պետք չէ աղջկա պես ձայնը գլուխը գցել ու ժողովրդին խնդրել, որ իրենց պաշտպանի: Ադեկվատ մարդը ձեր կողքին չի կանգնի, իսկ եթե կանգնի էլ, դա ոչինչ չի փոխի, եթե վիրավորել ես, պետք է դատվես օրենքով (դիտել 0:27 րոպեից):
Լևոն Բարսեղյանն (հաղորդման համահեղինակ Հայկ Բարսեղյանի հայրը) իր ֆեյսբուքյան էջում գրում է, որ ոստիկանությունը պետք է ապացուցի, որ արված «Գ7» արտահայտությունն ուղղված է եղել ոստիկանությանը և վիրավորանք է, այլ ոչ տառերի ու թվերի համադրություն: Ո՞ւմ համար պարզ չէ, որ «կռուտիտ» են լինում: Բա էլ ինչի՞ եք նեղանում կռուտիտ լինող իշխանություններից, այդքան վիրավորվել էի՞ք, որ արծաթե բաժակներով կոնյակ են խմում ու փորձում «կռուտիտ» լինել, բա դո՞ւք ինչով եք տարբերվում: Ասում եմ, չէ՞, դուք արժանի եք ձեր իշխանություններին:
Ու էլ ինչի՞ ես բողոքում պետության կատարած գողություններից, եթե YouTube-ը քեզ պատժում է տեսանյութ գողանալու համար: Մի բան էլ բողոքում են, որ ջնջվել է տեսանյութը: Էդ օրենքներն էլ հո մեր երկրի օրենքները չե՞ն, որ բողոքում եք: Ժողովրդավարության սիմվոլ Ամերիկայինն է YouTube-ը, ու նրա օրենքները շատ հստակ են, մի՛ վերցրու ուրիշի տեսանյութը՝ առանց նրանց համաձայնության: Ազատությունը բոլոր հնարավոր օրենքները խախտելու մեջ չէ, դա ամենաթողությունն է: