Այսօր վերջապես կարողացա դիտել Ռ-էվոլյուցիա հաղորդման վերջին թողարկումը, որտեղ հյուր էր ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը։ Ի վերջո, այս մարդուն ու նրա ղեկավարած մարմինը վերջին օրերին քննադատում է ով չալարի, իսկ «մեղադրվող» կողմի խոսքը ոչ ոք չի էլ լսել։ Այնինչ, լսելու շատ բան կար, մտածելու էլ ու պետք է խոստովանեմ՝ նաև ընդունելի բաներ, որքան էլ դա դառը լինի։ Որո՞նք են Նազարյանի հիմնական դրույթները ու դիրքորոշման հիմնավորված մասերը։ Առանձնացրել եմ ըստ իս կարևորագույն կետերը.
- ՀԷՑ-ի ու ընդհանուր էներգետիկ դաշտի վնասները շատ են, բայց դրանց մեջ լուրջ դերակատարություն ունեն օբյեկտիվ այնպիսի գործոններ, ինչպես դրամի փոխարժեքի տատանումն է, 3 տարի տևող սակավաջրության հիմնախնդիրը, ինչպես նաև Ատոմակայանի վերանորոգման հարցը։
- ՀԷՑ-ը հայտ է ներկայացրել 17 դրամ թանկացնելու համար, բայց էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունները եվս թանկացման մասին հայտ են ներկայացրել և այդ հայտերի ուսումնասիրությունից ՀԾԿՀ-ն հանգել է այն եզրակացության, որ հիմնավոր է 7 դրամով թանկացումը՝ վերոնշյալ պատճառներով։
- Այսօր ամենաշատ աղմուկը թանկացման հետ կապված, առաջացնում է հայտի այն մասը, որտեղ ակնհայտ է, որ ՀԷՑ-ը իր վատ կառավարումն ու չարաշահումները, անտեղի շռայլությունն ու բացահայտ յուրացումները ցանկանում է «խուրդել» ժողովրդի վրա, մինչդեռ Ռոբերտ Նազարյանը հավաստացնում է, որ ՀԷՑ-ի ներկայացված հայտում նշված մի շարք հովածներ ՀԾԿՀ-ն 0 է գնահատել ու հաշվի չի առել։ Այդ կետերի ընդհանուր գնային արտահայտումը 23 միլիարդ դրամ է կազմում ու ըստ Նազարյանի, անհարկի շռայլության ու ոչ արդյունավետ ծախսերի վրա հատկացված ոչ մի լումա չի ներառվել՝ սակագնի դիտարկման հարցում։
- Այս պահի դրությամբ, Հայաստանի էներգետիկ դաշտում շուրջ 37 միլիարդ դրամի վնաս է կուտակվել՝ հատկապես սակավաջրության ու Ատոմակայանի տևական վերանորոգման պատճառով ու այժմ օրվա հրամայական է, որպեսզի այդ վնասները ազգովի փակվեն, եթե չենք ուզում վաղն ավելի մեծ խնդիրների առջև կանգնել։ 7 դրամով թանկացումը հենց այն թիվն է, որի միջոցով պլանավորում են այս վնասները փակել մեկ տարում։
- Եթե մեկ տարի հետո կրկին օբյեկտիվ պատճառներ չլինեն, որոնք վնաս կգոյացնեն, ապա հնարավոր կլինի քննարկել սակագնի նվազեցման հարցը։
- Նազարյանն արձանագրում է, որ վատ կառավարումն ու անհարկի շքեղությունը զրոյական դերակատարում են ունենալու նույն սակագնի հաշվարկման հարցում։ Այն օբյեկտիվ նախադրյալները, որոնք առկա են, ստիպում են այնուամենայնիվ թանկացնել սակագինը 6.9-7 դրամով։ Իհարկե, սա չի կարող դուր գալ ժողովրդին, բայց ՀԾԿՀ-ի գործն էլ հենց հավասարակշռելն է ու արդյունքում հանձնաժողովիդ դժգոհ են լինում թե՛ մարդիկ, թե ՀԷՑ-ն ու էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունները։
Ամփոփելով, կասեմ իմ կարծիքը՝ հարցազրույցի ու անձմաբ Նազարյանի մասին. որքան էլ քննարկվող թեման սուր է, վիճահարույց և տհաճ եզրահանգումով, չեմ կարող չխոստովանել, որ Նազարյանը խոսում էր խելացի ու փաստարկված։ Իհարկե, կարելի է բանավիճել առանձին կետերի ու պնդումների հետ, բայց մի բան հաստատ է՝ Նազարյանը տիրապետում է թեմային ու այնպես չէ, որ ՀԷՑ-ի դուդուկի տակ է պահում։
Ռոբերտ Նազարյանի հարցազրույցը կարող եք դիտել այստեղ