Araratnews.am-ը գրում է.
Տարեսկզբին Հայաստանում արձանագրված տնտեսական աճը ակնհայտորեն գերազանցեց միջազգային կազմակերպությունների գնահատականներով ներկայացվող սպասելիքները։ Թերեւս դա էլ պատճառ դարձավ, որպեսզի ոմանք փոխեն տնտեսական աճի վերաբերյալ իրենց տոնայնությունը։ Խոսքը, մասնավորապես, Արժույթի միջազգային հիմնադրամի մասին է։
Մինչեւ վերջերս ԱՄՀ-ն հայտարարում էր Հայաստանում 1 տոկոս անկման սպասումների մասին։ Սակայն, արդեն օրերս ֆինանսական այս կառույցի հայաստանյան գրասենյակի ղեկավարը խուսափեց նման գնահատականներ տալուց։ Վերջինս բավարարվեց հայտարարել միայն զրոյական աճի ապահովման հավանականության մասին։
Այս գնահատականն արդեն էապես տարբերվում է նախորդից, որքան էլ այն դեռեւս շատ հեռու է ոչ միայն արձանագրված ցուցանիշներից, այլեւ կառավարության սպասելիքներից։
Պետք է ենթադրել, որ ԱՄՀ գնահատականների փոփոխությունը կապված է առաջին հերթին տնտեսական գործընթացների հետ։ Առաջին եռամսյակի նախնական տվյալներով, Հայաստանում տնտեսական աճը կազմեց 2,2 տոկոս։ Սակայն դրան հաջորդող շրջանում եւս տնտեսական ակտիվությունը շարունակեց ավելանալ։ Հիշեցնենք, որ եթե առաջին եռամսյակին տնտեսական ակտիվությունը 2,5 տոկոս էր, ապա արդեն չորս ամիսների տվյալներով՝ հասավ 2,7 տոկոսի։
Անշուշտ, միջազգային կազմակերպությունների սպասումները տնտեսության զարգացումների վերաբերյալ ոչ միշտ են փայլում բարձր կանխատեսելիությամբ։
Ընդ որում, երբեմն այնպիսի տպավորություն է, որ դրանք ընդհանրապես կտրված են իրականությունից։ Պատահական չէ, որ մինչեւ վերջերս, երբ Հայաստանի տնտեսական զարգացումների համար արտաքին ու ներքին գործընթացները շատ ավելի բարենպաստ էին, ԱՄՀ-ն նվազեցրեց տնտեսական աճի կանխատեսումը։ Սակայն, վերջին շրջանում, երբ դարձյալ նկատվում է ռիսկերի ավելացում, արեց հակառակը։
Մասնավորապես, կրկին արժեզրկվում է ռուսական ռուբլին, ինչը ճնշում է ռուսական շուկայում հայկական ապրանքների արտահանումը։ Դա ուղղակիորեն ազդում է նաեւ այս երկրում արտագնա աշխատանք կատարող հայաստանյան քաղաքացիների եկամուտների, հետեւաբար նաեւ ուղարկվող գումարների վրա։ Մինչդեռ, այն կարեւոր գործող է տնտեսական ակտիվության բարձրացման տեսակետից։
Արտաքին հատվածից բացի, վերջին շրջանում տնտեսության մեջ լարվածություն է ձեւավորվել էլեկտրաէներգիայի սպասվող թանկացման հետեւանքով։ Կասկած չկա, որ այդ դեպքում ճնշումը տնտեսական ակտիվության վրա կավելանա՝ նվազեցնելով աճի հավանականությունը։
Սրանք գործոններ են, որոնք վերջին շրջանում գլուխ են բարձրացրել։ Բայց որքան էլ տարօրինակ է, այդ պայմաններում ԱՄՀ-ն մեղմացնում է նախկինում հնչեցրած գնահատականները։ Թեեւ թվում է, որ եթե դրանք մինչ այդ օբյեկտիվ էին, ապա պետք է հակառակը արվեր։