ԵՊԲՀ սեքսապաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսապաթոլոգիայի կլինիկայի ղեկավար, դոցենտ Սևադա Հակոբյանը |
Սեռահասունության տարիքում կարծեցյալ հասարակ հիվանդություն թվացող խոզուկը հիվանդի անհետևողական վերաբերմունքի պատճառով կարող է հանգեցնել լուրջ հետևանքների: Բոլորին հայտնի խոզուկ հիվանդությամբ (Էպիդեմիկ պարոտիտ), հաճախ հիվանդանում են մանկական տարիքում: Այն իրավամբ համարվում է մանկական ինֆեկցիա, որի կանխարգելման համար երեխաներին մինչև 1 տարեկան հասակը կատարվում է պատվաստում. կայուն իմունիտետ ապահովելու համար պարտադիր է կրտսեր դպրոցական տարիքում կրկնապատվաստումը (ռեվակցինացիա): Ահա այդ գործընթացի չկատարման պարագայում երիտասարդը կարող է սեռահասունության տարիքում հիվանդանալ պարոտիտով. այդպիսի մեծ թվով դեպքեր արձանագրվեցին մի քանի տարի առաջ, որոնք, իհարկե, հետևանք էին 90-ականներին վակցինացիաների գործընթացի ոչ հետևողական կատարման:
Պարոտիտով հիվանդանալու ժամանակ, եթե պրոցեսի մեջ ընդգրկվում են սեռական գեղձերը (տղամարդկանց մոտ` ամորձիները, աղջիկների մոտ՝ ձվարանները), ապա համապատասխան մասնագիտացված բուժօգնության (ինֆեկցիոն ստացիոնարի պայմաններում) բացակայության պարագայում կարող է հանգեցնել անպտղության: Խնդիրը նրանում է, որ պարոտիտի վիրուսը (սեռահասունության տարիքում) գրեթե անդարձելի կերպով ախտահարում է սպերմատոգենեզը՝ ամորձիներում սերմնաբջիջների առաջացման պրոցեսը, դրան է գումարվում նաև օրգանիզմի աուտոագրեսիան սեփական սերմանբջիջների սպիտակուցների նկատմամբ, ինչը լիովին խաթարում է սերմնառաջացման գործընթացը:
Երիտասարդը մի քանի տարի հետո ամուսնանում է և կանգնում լուրջ խնդրի առաջ. մի՞թե արդեն ուշ է: Այո, այդ պարագայում ամենաժամանակակից դեղորայքային բուժումը հնարավոր է լինի ոչ արդյունավետ: Բայց ինչո՞ւ չկանխել (ի նկատի ունենք վակցինացիաները), ինչո"ւ ժամանակին չկատարել համապատասխան մասնագիտացված բուժումը, երբ սեռահասուն տարիքում երիտասարդը հիվանդացել է խոզուկով: Չէ՞ որ այդ պարագայում չենք ունենա անպտուղ ընտանիքներ, և այդ կարծեցյալ հասարակ հիվանդության պատճառով չի խաթարվի ընտանիքի երջանկությունը: