Կոմիտասով իջնում է արևելքցի կինը – գիտեք, պարսկուհիները` սև գլխաշորով և սև կիսավերարկուով են լինում, բայց այս մեկը… Հագած էր մաքուր-սպիտակ կիսավերարկու, պայծառ-սպիտակ գլխաշորով, որի տակից գնում էր կարմիր ժապավենը և պսակում էր ալաբաստրե ճակատը… Լավատեղյակ չեմ – գուցե մուսուլմանության տարբեր ճյուղերը կնոջ տարբեր հագուկապ են ենթադրում, բայց այս մեկը այդպես տոնականորեն էր հագնված: Գեղեցիկ էր արևելուհին – սիրտս եղբայրորեն ողջունեց նրան: Եվ նորից սրտիս մեջ հնչեց կնոջ գեղեցկության ու ազատության մեղեդին – առանց կնոջ ազատագրության` մենք չենք հալեցնի այս մոլորակի սառույցները: Եվ ինչքան էլ արևելորեն «ճիշտ» հնչի, թե արևմտյան սանձարձակության դեմ պետք է պայքարել, սա չի արդարացնում կնոջ արևելյան ճորտության որևէ դրսևորում՝ սկսած սևաշոր արտաքինից մինչև հոգու թաքուն թիարանները…
Ասֆալտին նստած է մուրացիկ տղամարդը – օրն արև է, տաք է: Աչքերիդ նայում է ուշադիր, խաղաղ հայացքով, սպիտակախառն միրուքը ծածկում է նիհար այտոսկրերը: Դեմքին գուցե և ժպիտանման բան կա – այդպես նայում են մեր մարդաշահ գեղջուկները, նրանք կռիվ չունեն աշխարհի հետ… Մի կես ժամ հետո նույն ճանապարհով ետ եմ դառնում – մուրացիկը նույն տեղում է, նայում եմ, աչքս առնում է աչքին – Ճանաչեց… Նուրբ ու խաղաղ ակնարկում է` նոր տվեցիր, կարող ես անցնել… Անցա – մի զուգահեռ փայլատակեց մտքիս մեջ – այս մուրացիկի և մեր մարդկության միջև:
Մուրացիկների Համաշխարհային կազմակերպությունը – այս մարդկությունը… Նստել է Տիեզերքի խաչմերուկներից մեկին և Աստծուց կյանք ու հաջողություն է խնդրում: Աստված ասում է. «Քեզ Կյանք տվել եմ, Արև տվել եմ, Հող տվել եմ, Սեր տվել եմ, էլ ի՞նչ ես ուզում»… Չէ՜, մեր մարդկությունը պինդ նստել է մեր գալակտիկայի տաք ասֆալտին, ձեռքը պարզել գալակտիկայի կենտրոնին և բոլոր մակարդակի աստվածներից բան է խնդրում: Աստվածներն էլ, ձենը մեկ արած, ասում են. «»Մարդկությու՜ն, քո սրտի մեջ է գրված քո երջանկության գաղտնագիրը, կարդա՜ և ապրի՜ր, դու նույնիսկ Աստծո ու հրեշտակների կարիք չունես… Եվ ասում են` մարդկությունը լսել է այս հորդորը, վեր է կացել, կանգնել է աստեղային ճանապարհի եզրին, ձեռքը տարել է սրտին և ԱՐԴԵՆ ԼՍՈՒՄ Է ԻՐ ՍՐՏԻ ձայնը:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/levon.drnoyan/posts/3437208629484
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել