Հայաստանի Հանրապետության գործող պետական խորհրդանշանների` դրոշի և զինանշանի ծագումն ու կիրառությունն ընդունված է դիտել 1918-1920թթ. Հայաստանի Հանրապետության շրջանից: Ս. Վրացյանի ներկայացմամբ՝ երկու խորհրդանշաններն էլ ընդունվել են ՀՀ կառավարության որոշումներով, որոնց վերջնական հաստատումը հետաձգվել է մինչև ակնկալվող, բայց այդպես էլ չկայացած Սահմանադիր ժողովի գումարումը, պայմաններում, երբ «պատմական կամ գեղագիտական ուսումնասիրություն անելու ժամանակ չկար»: ՀՀ եռագույն դրոշը հաստատվել է 1918թ. հուլիսի վերջին, առաջին արտասահմանյան պատվիրակության` Գերմանական կայսրության ներկայացուցչի Երևան այցելության նախօրեին: Զինանշանը հաստատվել է գրեթե երկու տարի անց` 1920թ. հուլիսի սկզբներին:
Դրոշի գույների` կարմիր, կապույտ, նարնջագույն, քննարկման և ընդունման մանրամասները դեռևս մեզհայտնի չեն: Գիտենք միայն, որ քննարկման մասնակիցները լսել են հայագետ Ստ.Մալխասյանի զեկուցումը հայոց պատմական դրոշների և գույների մասին, տեղյակ են եղել նաև 1896թ. հետո հատկապես արևմտահայ մտավորականության շրջանակներում տարածում գտած կարմիր-սպիտակ-կանաչ, ոչ թե հորիզոնական, այլ ուղղահայաց երիզներով դրոշին, կազմությամբ նման ֆրանսիական եռագույնին:
Տարակարծությունների վերջնական լուծումն ապագային թողնելով, կառավարությունը հաստատել է կարմիր-կապույտ-նարնջագույն հորիզոնական երիզներով դրոշը: Ընդ որում, վերջին գույնը, ըստ Ս. Վրացյանի, «առանձնապես պաշտպանում էր Քաջազնունին, որ ղեկավարվում էր սոսկ գեղասիրական նկատումներով. կարմրի, կապույտի և նարնջագույնի ներդաշնակությունը դուր էր գալիս նրա ճաշակին»: Ըստ նույն հեղինակի` «դրոշակն իր ամբողջության մեջ, գույների ընտրությունն ու դասավորությունն ավելի շուտ արդյունք էր քվեարկության պատահականության»:
Առայժմ պարզ չէ, թե հատկապես ինչ տեղեկություններ է հաղորդել Ստ.Մալխասյանը գործադիր մարմնին, և ինչ չափով է նրա զեկուցումը ազդել դրոշի գույների ընտրության վրա: Դրոշի կիրառությունից կարճ ժամանակ անց` 1919թ. Վենետիկում լույս տեսած Վ. Հացունու «Հայ դրօշները պատմութեան մէջ» աշխատության վերջում հեղինակն առաջարկել էր եռագույնի հետևյալ կազմությունը` ծիրանի, կարմիր, կապույտ, ընդ որում չի նշում Հայաստանի Հանրապետության արդեն ընդունված դրոշին իր առաջարկության որևէ առնչություն, թեև նշված գույները, բացառությամբ «ծիրանի» (purple, porphyros) - «նարնջագույն» (orange) համընկնում էին Հայաստանի Հանրապետության արդեն կիրառություն գտած դրոշի գույներին: Հացունին իր գույները ներկայացնում է որպես պատմական հայկական դրոշապաստառների առավել տարածված գույներ՝ բերելով նաև Աքեմենյան դարաշրջանից մինչև ուշ բյուզանդական շրջանը ներառող մատենագրական և պատկերագրական փաստարկումներ հայերին հարևան ժողովուրդների դրոշների գույների և (հեղինակ` Արտակ Դաբաղյան մշակութաբան, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ) ձևերի մասին:
Դրոշի գույների և կառուցվածքի որոշման որոշ հապճեպությունն անդրադարձավ դրա հետագա կիրառությանը գունավոր երիզների վերից վար դասավորության, ինչպես նաև «նարնջագույն» կոչվող գույնի առումով: Բավական է նշել, որ նույն Ս.Վրացյանը դրոշի այս գույնն անվանում է ոչ միայն «նարնջագույն», այլև «ոսկի», ինչը բոլորովին այլ հերալդիկ գույն է` «aureus»
կամ դեղին: 1918-1920թթ. միջև Նյու-Յորքում թողարկված մի կրծքանշանի վրա այս դեղին կամ ոսկի երիզը երկրորդն է, իսկ կապույտը` երրորդը կամ ստորինը: Բնականաբար, այս շփոթությունները դրոշի կազմության կանոնակարգված չլինելու և հայոց առաջին հանրապետության կարճատև գոյության հետևանք էին:
Հայաստանի Հանրապետության զինանշանին առնչվող տարաբնույթ հայտնի փաստերի թիվը, իհարկե, ավելի մեծ է, քանի որ զինանշանը ինքը խիստ բարդ կառուցվածք ունի, պարունակում է բազմաթիվ «հղումներ» պատմական անցյալին, հետևաբար առնչվում է տարբեր դարաշրջանների հայոց նշանների և զինանշանների դեռևս չլուծված հարցերին: Շրջանցելով զինանշանի մաս կազմող պատկերների պատմականության խնդիրները, ստորև հարկ ենք համարում ներկայացնել դրա ընդհանուր կառուցվածքի և առանձին տարրերի ձևավորման ընթացքը XVIII-XX դդ., ինչպես նաև այն փոփոխություններ, որոնք կարելի է նկատել` 1992թ. ՀՀ Գերագույն խորհրդի կողմից ընդունված զինանշանի և իր նախօրինակի` 1920թ. զինանշանի հետ համեմատելիս: Հարկ ենք համարում նկատել, որ ինչպես առաջինը, այնպես էլ երկրորդը չունեն պաշտոնական մանրամասն նկարագրություն, հիմնավորում կամ կանոնադրություն, իսկ ներկա վերլուծության համար հիմք ենք ընդունում դրանց առավել տարածված գծագրային տարբերակները՝ առանց գույների հաշվառման:
Ս. Վրացյանը հետևյալ կերպ է նկարագրում 1920թ. հուլիսին ակադեմիկոս Ա.Թամանյանի կազմած և նկարիչ Հ.Կոջոյանի գծած Հայաստանի պետական զինանշանի նախագիծը. «Զինանշանի կենտրոնում կար վահանաձև մի տարածություն` բաժանված չորս մասի. յուրաքանչյուր մասում տեղավորված էր հին Հայաստանի չորս անկախ շրջաններից մեկի զինանշանը` Արտաշեսյան, Արշակունյաց, Բագրատունյաց, Ռուբինյան: Մեջտեղը դրված էին մեծ ու փոքր Մասիսները և նրանց վերև` «Հ Հ» տառերը: Վահանի աջ ու ձախ կողմերը բռնել էին մի արծիվ ու մի առյուծ, իսկ ներքևը` սուր, գրիչ, հասկեր և շղթա»:
1995թ. հուլիսի 5-ին ընդունված Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 13 հոդվածի համաձայն. «Հայաստանի Հանրապետության զինանշանն է. կենտրոնում, վահանի վրա պատկերված են Արարատ լեռը` Նոյյան տապանով, և պատմական Հայաստանի չորս թագավորությունների զինանշանները: Վահանը պահում են արծիվը և առյուծը, իսկ վահանից ներքև պատկերված են սուր, ճյուղ, հասկերի խուրձ, շղթա և ժապավեն»:
Առաջին և երրորդ հանրապետությունների զինանշանները համեմատելիս, թե դրանց բառային նկարագրությունների, և թե պատկերագրական ընդունված տարբերակների միջև նկատելի են որոշ տարբերություններ: Ժամանակակից զինանշանն իր նախորդից տարբերվում է ընդհանուր ոճավորմամբ, որը միտված է որոշ չափով մեղմելու 1920թ.-ի զինանշանի «գիշատիչ» բնույթը: Ընդ որում այդ փոփոխությունն արտահայտված է կենտրոնական վահանը պահող աջ արծվի և ձախ առյուծի կեցվածքի փոփոխությամբ` «կատաղի»-ից դեպի հանդիսավորը. հերալդիկայում լեզուն դուրս հանած գիշատիչները անվանվում են «կատաղի»: Այսպիսով` իրականացված ոճավորումը նաև բովանդակային նշանակություն ունի:
Երկու հանրապետությունների զինանշանի առավել պահպանողական հատվածը նրա կենտրոնական վահանն է, որը նաև արտահայտում է զինանշանի հիմնական գաղափարական բովանդակությունը: Դրանում ի մի բերված հայոց պատմական արքայատոհմերի խորհրդանշաններն արտահայտում են պետականության շարունակականությունը հերթական` հինգերորդ պետության զինանշանում: Չորս վահանամասերում հայոց նախորդ արքայատոհմերին վերաբերող կենդանապատկերների ուղղահայաց դիրքի փոխարինումը անկյունագծային տեղադրությամբ չունի որևէ իմաստային նշանակություն և ընդամենը ժամանակակից զինանշանի ոճավորման արդյունք է: Վահանից ներքև գտնվող պատկերներց մեկը բառային նկարագրությունում անվանվում է «գրիչ», իսկ երկրորդում` «ճյուղ»: Վերջինում նաև լրացվել է ստորին առարկաների շարքը` առաջին զինանշանի համեմատությամբ ավելացվել է ժապավեն` առանց որևէ նշանաբանի:
Վահանի կենտրոնական հատվածում` երկգագաթ Արարատ լեռան վրա առաջին զինանշանի «Հ.Հ.» գրությունը երկրորդում փոխատեղվել է Նոյյան տապանով:
Նկատված փոփոխությունները ճիշտ գնահատելու համար հարկ ենք համարում անդրադառնալ զինանշանի առաջին տարբերակի առնչությանը նախորդող շրջանի հայերին առնչվող պատկերագրության և հերալդիկայի հետ, քանի որ մեր կարծիքով, զինանշանի կառուցվածքը և դրա տարրերի ընտրությունը միայն հեղինակների գեղագիտական ճաշակի արդյունք չեն: Հետաքրքրական է զինանշանի ընդհանուր կառուցվածքը, քանի որ հայկական զինանշանային պատկերագրության մեջ կարելի է նման կառուցվածքի հանդիպել միայն XIXդ. երկրորդ կեսից: Նախ` զինանշանի «պահապանները», այսինքն` հերալդիկ վահանը պահող կենդանական երկու կերպարները նման են «Հայաստանի փառքը» հայտնի պատկերի կառուցվածքին, ըստ Լ. Սարյանի, առաջին անգամ հրատարակված ԱՄՆ Բոստոն քաղաքում Օհան Կայծակյանի հեղինակած Illustrated Armenia and the Armenians (Boston: B.H.Azniv 1898) գրքում: Տարբերությունները զինանշանի և այս պատկերի միջև բավական շատ են, նման է միայն ա) պահապանների կիրառությունը, ընդ որում, «Հայաստանի փառքը» պատկերում երկու պահապաններն էլ առյուծ են, բ) վահանի ձևը, դրա բաժանումը չորս դաշտերի և կենտրոնական վահանակի գոյությունը, որը հերալդիկայում անվանվում է նաև «սիրտ»: Այս վերջին հատվածի ներսում պատկերված Արարատ լեռը միագագաթ է, ունի քառանկյուն տապանի պատկեր գագաթի վրա, ինչը տարբերում է այն հետագա պետական զինանշանի վրա պատկերված երկգագաթ Արարատ լեռան պատկերից: Բուն վահանը դասական հերալդիկ վահան է, հայտնի նաև «ֆրանսիական» անունով, որի կիրառությունը XIXդ. տարածված էր հատկապես Ռուսական կայսրության տարածքում: XIXդ կեսերից Հարավային Կովկասի երկրամասերի և քաղաքների համար հաստատված զինանշանների մեծամասնությունն ունեն նույնպիսի վահաններ: Դրանք հիմնականում եռամաս են, ընդ որում` ներկայիս Հայաստանի, Վրաստանի և մասամբ` Ադրբեջանի տարածքային միավորները խորհրդանշող զինանշանների (Վրաց-Իմերեթական մարզինը հաստատված 1851թ., իսկ Ախալցխա, Ալեքսանդրապոլ, Գորի, Ելիզավետպոլ, Երևան, Զաքաթալա, Թելավ, Թիֆլիս, Նախիջևան, Քութայիս, Օզուրգեթի քաղաքներն ավելի ուշ) վերին աջ քառորդը զբաղեցնում է Արարատ լեռան պատկերը, Նոյյան տապանով: Արարատն այս զինանշաններում նույնպես միագագաթ է և կրում է տապանը, ինչն այսպիսով, կարելի է համարել մինչև XXդ. սկիզբ հայ զինանշանային նախօրինակների հատկանիշը: Երկգագաթ Արարատ կամ Մասիս լեռը, դիտված արևելքից, առաջին անգամ զինանշանային կիրառություն է գտել հենց առաջին Հայաստանի Հանրապետության զինանշանում: Այն, որ պատկերված է միևնույն սարը, ընդգծվում է դրա ստորոտին Ջրհեղեղի ջրերի պատկերմամբ: Վերջերս կրկին հրատարակված այս զինանշաններն ուսումնասիրած ռուսաստանցի մասնագետ Օ.Ռեվոյի կարծիքով Վրաց-Իմերեթական մարզն Արարատի պատկերանշանն ստացել է 1840թ. լուծարված Հայկական մարզի զինանշանից, որի պատկերը հայտնաբերելու փորձերն առայժմ չեն հաջողվել: Պահպանված նկարագրության համաձայն սպիտակ գագաթով և ոսկեգույն տապանով Արարատ լեռան պատկերը զբաղեցնում էր Հայկական մարզի զինանշանի վերին կեսը: Այսպիսով, Հայկական մարզի զինանշանն իր ընդհանուր ուրվագծով, Արարատ լեռան (թեև միագագաթ) և Նոյյան տապանի պատկերով առայժմ կարելի է համարել Հայաստանի Հանրապետության զինանշանի հնագույն հերալդիկ նախորդը: Սակայն պետք է ավելացնենք, որ ինչպես այս զինանշանը, այնպես էլ վերը նշված «Հայաստանի փառքը» պատկերը անկասկած կրել են մեկ այլ պատկերի ազդեցություն, որի գոյությունը ենթադրում ենք ելնելով 1783թ. Հովսեփ արքեպիսկոպոս Արղությանի կողմից առաջարկված հայ-ռուսական պայմանագրի նախագծի տեքստից, որը Գեորգիևյան ռուս-վրացական պայմանագրի նմանությամբ պետք է որոշեր Ռուսաստանին Հայաստանի միացման պայմանները: Նշված պայմանագիրը չի հաստատվել Եկատերինա կայսրուհու կողմից:
Հեղինակը, ի թիվս այլ առաջարկությունների, նախագծում ներկայացնում է նաև հետագա հայոց պետության նշանի, ավելի ճիշտ` շքանշանների («կավալեր», «օրտն» - «օրդեն»` Ա.Դ.), ենթադրվող տարրերի նկարագրություն, թվարկելով ինչպես Նոյյան տապանը, այնպես էլ «Հայաստանի փառքը» պատկերում տեղ գտած պատկերների մի մասը: Այսպես` վերջին պատկերի աջ ստորին քառորդում տեղ գտած դիմացը սրբապատկեր ունեցող առյուծի նկարը թերևս առնչվում է ԺԲ հոդվածի տեքստին` «հաստատեսցի և առաջին նշան մեր դաստառակի Քրիստոսի, զոր և առաքեաց առ Աբգար թագաւորն մեր. տացի այն հաղթանակողացն միայն կարմիր լենտերի»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել