Երեկ կարդացի, որ երգիչ Սասունցի Դավիթը՝ Դավիթ Թուջարյանը, նույնիսկ չի շնորհավորել իր և Լիլիթ Կարապետյանի որդու՝ Կարենի տարեդարձը։ Սա այն «տղամարդն» է, ով վերջին շրջանում գլուխներս տարավ Աստծո ու հավատքի մասին խոսակցություններով ու քարոզներով։ «Պարկեշտ կյանքով» ապրել սկսած Դավիթը որոշել է իր կյանքից ջնջել անցյալը, այդ թվում՝ որդուն, թեև երեխան մեղավոր չէ ծնողների չստացված հարաբերությունների համար։
Մի 2 տարի առաջ իր հարցազրույցներից մեկում Դավիթն ասել էր, որ ամուսնանալուց հետո ավելի քիչ է տեսնում որդուն, քանի որ նոր, ավելի ամուր ընտանիք է կազմել։ Դավթի այս արտահայտությունը կարելի էր որպես մտքի սայթաքում ընկալել, եթե մեկ այլ հարցազրույցի ժամանակ ասած չլիներ. «Կարծում եմ` մարդ ամեն օր պետք է տեսնի իր այն երեխային, ում մոր հետ ապրում է: Երբ տղաս մեծանա ու իր արյան մեջ գոնե մի կաթիլ իմ արյունից լինի, ինքը կփորձի ինձ գտնել. ես այս պահին վստահ մի բան կասեմ, որ շատ լավ հայր եմ եղել ու շարունակում եմ լինել»։ Փաստորեն, Դավիթը որոշել է, որ կարող է հայրություն չանել որդուն, բայց նա հետո կգտնի իրեն. «երկաթե տրամաբանություն» ունի այս տղան։
Այս հարցազրույցից հետո սկսեցի որպես անմեղսունակ ընկալել նրան, քանի որ նման հայտարարություն անելիս պետք էր գոնե հաշվի առնել, որ մի քանի տարուց իր որդին էլ կարող է կարդալ հարցազրույցը։ Պատկերացրե՞լ էր արդյոք նա երեխայի հոգեվիճակը... Հավանաբար ոչ, համենայն դեպս, նախընտրում եմ կարծել, որ նա անմեղսունակ է, քան որ կարող է այդքան անողոք լինել սեփական երեխայի հանդեպ։ Այսքան բան ասելուց հետո Դավթի խոսքը, թե ինքը լավ հայր է, որպես սուր հումոր է հնչում։ Չեմ հասկանում, թե ինչպես է դրսևորվում Դավթի՝ լավ հայր լինելը, եթե նա հրապարակային հայտարարում է, որ կապը Լիլիթ Կարապետյանի հետ անցյալի սխալ էր՝ առանց հաշվի առնելու, որ խոսում է ոչ թե ինչ-որ կնոջ, այլ իր տղա երեխայի մոր մասին, մայր, ով, անկախ ամեն ինչից, միայնակ մեծացնում է իր որդուն ու ամեն ինչ անում, որ փոքրիկը ոչնչի կարիք չունենա։
Լիլիթ-Դավիթ հակամարտությունը սկսվեց Դավթի տված հարցազրույցներից հետո, վիրավորված Լիլիթը, ի պատասխան, իր հարցազրույցում ասաց. «Դավիթն ասել էր՝ ինչպես երեխան չխանգարեց իմ ամուսնությանը, այնպես էլ կինս չի խանգարում իմ ու երեխայիս հանդիպմանը… Թեև այնքան էլ այդպես չի… Երեխան, բնականաբար, չէր խանգարի, քանի որ այդ երեխայի մայրն է անընդհատ հրահրել, որ Դավիթն ամուսնանա, իր անձնական հարցը կարգավորի, քանի որ ինքս նրան չէի կարող տալ այն, ինչ պետք էր… Բայց տղա երեխային ուշ-ուշ տեսնել չի կարելի, կարծում եմ…»։ Ապա նա հավելել էր, որ Դավթի մայրը շատ լավ կին էր, մինչ նրա մահը նրանք հաճախ էին Կարենին տանում իրենց տուն, հիմա հասկանում է, որ դա Դավթի մայրիկի շնորհիվ էր։
Որոշ ժամանակ անց հայտնի դարձավ, որ Դավիթն ընդհանրապես չի շփվում որդու հետ, նա ներկա չէր նաև Կարենի կնունքին։ «Աստվածավախ» այս տղան հիմա չի էլ խոսում որդու մասին։