Պատերազմի առաջին օրերին Կովկասի փոխարքայության կյանքում տեղի ունեցավ մի արտասովոր իրադարձություն. 1914թ. դեկտեմբերի 8-ին Թիֆլիս ժամանեց Նիկոլայ 2-րդ ցարը: Նույնիսկ խաղաղ ժամանակներում ռուսական միապետերը հազվադեպ էին այցի արժանացնում իրենց հպատակներին, իսկ այժմ ցարը եկել էր Կովկաս՝ ոգևորելու տեղի ժողովուրդներին: Չորս օր Թիֆլիսում մնալուց հետո նա մեկնեց ճակատ, եղավ աբգա Սարիղամիշի ճակատային առաջավոր դիրքերում: Սակայն թուրքական զորամասերի առաջխաղացումը Սարիղամիշի ուղղությամբ հարկադրեց ցարին թողնել ճակատ: Փոխարքայության նստավայրում գտնվելու օրերին ցարն այցելեց նաև Թիֆլիսի քաղաքային հիվանդանոց՝ քաղաքապետ Ա,Խատիսյանի ուղեկցությամբ: Վերջինս ցարին տարավ այն հիվանդասենյակը, ուր պառկած էր Բայազետի կռիվներում վիրավորված Դրոն: Այցի մասնակից գեներալ  Յուդենիչը փայլուն գնահատական է տալիս կամավորական երկրորդ ջոկատի հրամանատարին, որից հետո ցարը, շրջվելով դեպի Դրոն, հարցնում է. «Դուք որտե՞ղ եք ստացել ձեր զինվորական կրթությունը»:
Հետևում է պատասխանը. «Հեղափոխության գործի մեջ, Ձերդ մեծություն»: Նման պատասխանից ցարը մի պահ այլայլվեց (հեղափոխություն բառը նրան միշտ էլ սարսափեցնում էր), սակայն Դրոն կարողացավ շտկել իրավիճակը. «Մեր հեղափոխական գործը կատարվում էր Թուրքիայում»: Ռուսական միապետը հանդարտվեց, ապա Դրոյի շապիկի վրա ամրացրեց Գեորգիևյան խաչը:

Ըստ Ա.Խատիսյանի հուշերի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել