Տերը վերևից հրաման տվեց ամպերին ու բացեց դռները երկնքի։ Եվ մանանա տեղացրեց նրանց վրա որպես կերակուր։ Երկնքի հացը տվեց նրանց, մարդիկ հրեշտակների հացը կերան...
(Սաղմ. 77:22-24) :
Դավթի սաղմոսի հրաշալի այս խոսքերը, թեև հիշատակում են սրանից ավելի քան 3000 տարի առաջ հրեա ժողովրդի կյանքում տեղի ունեցած բոլորին քաջածանոթ պատմությունը, այնուհանդերձ, ինչպես Աստվածաշնչի ցանկացած խոսք, դրանք արդիական են դառնում նաև այսօր։
Փառք Աստծուն, որ «ՄԱՆԱՆԱ» երիտասարդական-քրիստոնեական ծրագիրը, հիրավի, հազարավոր երիտասարդների համար դարձել է աստվածճանաչողության կարևոր մի աղբյուր, որի ակունքն ու հիմքը Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցին է՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին կենտրոնով։
Այսօր էլ Տերը աներևույթ մի հրամանով բացում է երկնքի դռներն ու ամպերը և հոգևոր կերակուրը՝ իմաստությունը, շնորհը, սերն ու օրհնությունը՝ որպես մանանա, լիառատ հեղում է երիտասարդների վրա։
Հետաքրքրական է, որ Սուրբ Գրքում մանանան անվանվում է «հրեշտակների հաց»։ Ամենևին պատահական չէ, որ ի հետևումն սաղմոսերգուի այս ակնարկի «ՄԱՆԱՆԱ» ծրագրի տարբերանշանում ևս պատկերված են հրեշտակներ, ովքեր խորհրդանշում են երիստասարդներին. չէ՞ որ հրեշտակները մշտապես երիտասարդ են, գործուն ու մշտաշարժ, Բարձրյալի կամքին հավատարիմ և միասնական։ Այսպես և «ՄԱՆԱՆԱ»-ի հրեշտակները տարբերանշանում ուս ուսի տված միասնականորեն իրենց հայացքը հառել են դեպի Փրկչական Խաչը՝ իրենք իրենցով մի մեծ խաչ կերտելով։ Այս է «ՄԱՆԱՆԱ» ծրագրին մասնակից յուրաքանչյուր երիտասարդի կոչումը, այս է ծրագրի նպատակը, այս է քրիստոնյա ամեն երիտասարդի ուխտը։
2012թ. նոյեմբերի 10-ին Հայոց Եկեղեցին տոնախմբում է Սուրբ Հրեշտակապետերի և երկնային զորությունների տոնը։ Այսուհետ այս տոնը պիտի դառնա «ՄԱՆԱՆԱ» ծրագրի մասնակիցների ուխտի օր՝ դեպի Սուրբ Էջմիածին, ուխտ, որի նպատակն է միասնությունը, աղոթքը, հոգևոր նորոգումը և զորացումը։ Այս հիանալի առիթով նոյեմբերի 10-ին ծրագրին մասնակցող յուրաքանչյուր երիտասարդի սիրով հրավիրում ենք մասնակցություն բերելու ուխտերթի, որը կմեկնարկի Զվարթնոց տաճարից և կավարտվի Սուրբ Էջմիածնի Սրբոց Հրեշտակապետաց մատուռում Սուրբ և Անմահ Պատարագի մասնակցությամբ։ Հավելյալ տեղեկությունների համար անցեք սույն հղումով:
Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը, Աստծու սերը և Սուրբ Հոգու հաղորդությունը ձեզ հետ լինեն։ Ամեն
ՄԱՆԱՆԱ երիտասարդական-քրիստոնեական ծրագրի
Նյութի աղբյուր՝ http://www.sarkavag.blogspot.com/2012/11/manana-uxt.html#more
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել