Պետությունը՝ որպես այդպիսին, քարացած համակարգ չէ: Դրա որակական դրսևորման կարևորագույն չափորոշիչը պետականության ավանդույթների առկայությունն է, որը զուգորդվում է որակական ամենօրյա զարգացմամբ և կատարելագործմամբ: Այսինքն, ըստ էության, գործ ունենք համակարգային ավանդույթների և ինստիտուցիոնալ զարգացման գործընթացի յուրօրինակ սինթեզի հետ:
Վերևում արված շեշտադրումների առարկայական դրսևորումների վերաբերյալ պատկերացում կազմելու համար առաջին հերթին պետք է ուշադրություն դարձնել Հայաստանի հարևան և անմիջապես առնչվող պետությունների վրա:
1. Թուրքիա. այս երկիրը ժառանգորդն է մարդկության պատմության հզորագույն կայսրություններից մեկի՝ Օսմանյան կայսրության, որի հարվածների ներքո մի քանի անգամ լրջագույն սպառնալիքի տակ է հայտնվել Եվրոպան: Առաջին աշխարհամարտից հետո թուրքերը հմտորեն կարողացան հաղթահարել կայսրությունից դեպի ազգային պետություն տանող փորձություններով լեցուն ճանապարհը (Չնայած Թուրքիայում առկա են բազմաթիվ էթնո-քաղաքական սառեցված և գործող հակամարտություններ, բայց դա այլ թեմա է):
2. Իրան. 1971 թվականին Պերսեպոլիսում մեծ շուքով տոնվում էր Պարսկական տերության 2500-ամյակը: Միայն Պերսեպոլիսը բավական է պատկերացում կազմելու համար հազարամյա պետականության փառքի մասին, որը չկարողացան արմատախիլ անել ո՛չ արաբները և սելջուկ-թյուրքերը և ո՛չ էլ մոնղոլները և թուքմենական ցեղերը: Ավանդույթների այդ ամբողջական կոմպլեքսն Իսլամական հեղափոխությունից հետո յուրօրինակ շարունակականություն գտավ արդեն շիականության համատեքստում:
3. Վրաստան. հնագույն այս պետությունը, դարեր շարունակ չցուցաբերելով աշխարհաքաղաքական լուրջ հավակնություններ, արդեն 12-13-րդ դարերում դառնում է Առաջավոր Ասիայի հզորագույն պետություններից մեկը: Հետագայում, թեկուզ կիսակախյալ վիճակում, վրացիները կարողանում են պահպանել իրենց իշխանական-ազնվական ինստիտուտները՝ ընդհուպ մինչև 19-րդ դար, որը չի կարողանում կոտրել անգամ ռուսական գաղութացումը: Այդ ինստիտուտների առկայությունն օբյեկտիվորեն ժողովրդին զերծ է պահում գենոցիդներից և այլ մարտահրավերներից: Ի դեպ, վրացական իշխաններից մի մասի սերունդներն ապրում են անգամ մեր օրերում, ովքեր պահը չեն կորցնում ամեն պահ մատնանշելու իրենց ազնվական ծագումը:
4. Ադրբեջան. այս երկիրն, իհարկե, չի մտնում վերոնշյալների տրամաբանության մեջ, և ավելորդ է խոսել որևէ ավանդույթների մասին, բայց օբյեկտիվորեն պետք է փաստել, որ հանձին Ադրբեջանի՝ գործ ունենք բավականին հետաքրքիր ֆենոմենի հետ: Ի սկզբանե լինելով արհեստական գոյացություն՝ Ադրբեջանն ըստ էության կարողանում է հիմք դնել որոշակի ավանդույթների, դրանց ծիլերը ներդնել խորհրդային կարգերի մեջ և արդեն դարավերջին լուրջ արդյունքներ ստանալ (Պատերազմում կրած պարտությունը չի կարող լինել միանշանակ և վերջնական չափորոշիչ):
5. Ռուսաստան. աշխարհակալ այս կայսրությունը չնայած սահմանակից չէ ՀՀ-ին, բայց առնչվում է ոչ պակաս, քան թվարկվածներից որևէ մեկը, եթե ոչ՝ ավելին: Եթե նույնիսկ նշենք Իվան IV Ահեղի, Պետրոս I Մեծի և Ի. Ստալինի անունները, ապա նույնիսկ այդ դեպքում չենք կարող ամբողջացնել հարյուրամյակների ընթացքում աշխարհաքաղաքական առաջնային գործոն հանդիսացող ռազմա-քաղաքական այս մեքենայի հզորությունը: Միայն փաստենք, որ գործ ունենք մոնղոլական և բյուզանդական քաղաքակրթությունների մի յուրօրինակ համաձուլվածքի հետ երրորդ Հռոմի տրամաբանության շրջանակներում:
Այսպիսով, Հայաստանը շրջապատված է բավականին լուրջ հարևաններով, որոնք հարյուրամյակների ընթացքում կուտակել են պետական կառավարման, դիվանագիտական լրջագույն կապիտալ: Հայաստանը նույնպես ունեցել է պետականության լավագույն ավանդույթները, բայց մի շարք պատմական օբյեկտիվ գործոնների ներգործության արդյունքում դրանց և ներկայի միջև քաղաքակրթական կապը խզվել է: Այսինքն, պետական ինստիտուցիոնալ համակարգը փոշիացվել է և արդեն 15-19-րդ դարերի ընթացքում հայությունը հանդես է գալիս որպես կրոնա-էթնիկական խումբ: Հաճախ փորձում ենք եկեղեցուն մեղադրել այս կամ այն քաղաքակրթական քայլը չանելու մեջ, առանց գիտակցելու, որ չի կարելի այդ կառույցի վրա դնել այնպիսի պատասխանատվություն, որը դուրս է նրա հնարավորություններից: Եկեղեցին որքան էլ, որ ազգային լինի, բայց, այնուամենայնիվ, չի կարող պետական ինստիտուտի որակ ապահովել:
Կապի խզումը մեծագույն դժբախտություն չէ, լավագույն ցանկության դեպքում հնարավոր է նոր կամուրջներ կառուցել, բայց ընդհակառակը՝ Հայաստանը համառորեն չի ցանկանում որակյալ պետություն ստեղծել: Խորհրդային կարգերի հաստատումից հետո ստեղծված արդյունաբերական համալիրի մի փոքր մասը նախագծվել էր դեռևս Առաջին Հանրապետության ժամանակ: Իսկ անկախանալուց հետո մենք կոմունիզմն ատելու հետ միասին ատեցինք նաև Խորհրդային Հայաստանից մնացած հսկայական ժառանգությունը և Լենինի արձանի հետ միասին կործանեցինք նաև ողջ արդյունաբերական համալիրը:
Եվ վերջում հռետորական հարցադրում. այսպիսի համառ անգործությամբ ինչպե՞ս ենք կարողանալու ընդհանրապես ապրել այս տարածաշրջանում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/karpis.pashoyan/posts/833332883427408?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել