Եթե առաջ ռեժիսորները ֆիլմերում բացառում էին համբույրի տեսարաններն, ապա հիմա կարծես դրա խնդիրը քիչ-քիչ վերանում է: Կամ դերասանուհիներն են համարձակ դարձել, կամ էլ մտածում են՝ համբուրվելով գուցե նոր առաջարկներ կստանան: Չգիտես ինչի, Հայաստանում համբույրի տեսարաններն ավելի են քննարկվում, քան դերասանական խաղը: Շատ դերասաններ էլ խուսափում են այդ տեսարաններից, քանի որ մտածում են՝ ինչ կասեն նրանց ծնողները, հարևանները և վերջապես թաղի տղաները:
Նազենի Հովհաննիսյան և Խորեն Լևոնյան
Համբույրի տեսարանները, կարելի է ասել, սկսվեցին Նազենի Հովհաննիսյանից, երբ հայ հանդիսատեսը նրան տեսավ Հրաչ Քեշիշյանի «Սպանված աղավնի» գեղարվեստական ֆիլմում Խորեն Լևոնյանի հետ համբուրվելիս: Ֆիլմում նա ոչ միայն համբուրվում էր, այլև կային անկողնային գեղեցիկ տեսարաններ: Հետաքրքիր է, որ եթե կա ֆիլմ նրա մանակցությամբ, ապա հաստատ կարելի է սպասել նաև համբույրի տեսարանի: Նազենին գուցե այդ քայլով ճանապարհ հարթեց մյուս դերասանուհիների համար, ովքեր մինչ այդ խուսափում էին նման տեսարաններից:
Խորեն Լևոնյանն էլ համբուրվելու հարցում խնդիր չունի: «Ոչինչ չի մնա», «Սպանված Աղավնի» ֆիլմերում համբուրվեց Նազենի Հովհաննիսյանի հետ. անկողնային տեսարաններ ևս եղան: «Խաղից դուրս» հեռուստաֆիլմում համբուրվեց Գայանե Ասլամազյանի հետ, իսկ «Իմ սրտի տնակ» ռուսական ֆիլմում՝ Եկատերինա Ստրիժանովայի:
Տաթև Հովակիմյան և Տիգրան Մակարյան
Տաթև Հովակիմյանին հեռուստադիտողը ճանաչեց «Անավարտ թռիչք» գեղարվեստական ֆիլմից, դերասանուհին հիշվեց ոչ միայն իր դերով, այլև հայերի աչքերի համար քիչ թե շատ բաց տեսարաններով: Շատերը կարծեցին, որ Տաթևին դերն առաջարկել են միայն նրա համար, որ համաձայնել է խաղալ այդ տեսարանում: Տաթևն էլ նշել էր. «Շատ վատ կլինի, որ ինձ հրավիրեին նկարահանման միայն այն բանի համար, որ համաձայն եմ խաղալ բաց տեսարաններում: Այդ դեպքում միանշանակ կհրաժարվեմ»:
Հիշում եմ, երբ կինոթատրոնում նայում էի այս ֆիլմը, կողքիս նստած աղջիկն ընկերուհու հետ քննարկում էր, թե ինչ հաստ և սիրուն են Տիգրան Մակարյանի շուրթերը, և թե ինչ լավ է նա համբուրվում: Իսկ Տիգրանն ասել էր. «Անգամ մեկ վայրկյան չեմ մտածել, որ այդ համբույրը հետո խոսակցությունների տեղիք կտա. դա ինձ համար շատ սովորական է»:
Անի Երանյան և Մովսես Երեմյան
«Խաղ իմ կանոններով». այս ֆիլմի մասին խոսվեց միայն այն պատճառով, որ գլխավոր դերակատարներն էին Անի Երանյանը և Մովսես Երեմյանը, ովքեր ժամանակին հանդիպում էին, և նրանց սիրավեպի մասին գիտեին բոլորը: Ֆիլմից հետո շատերը սկսեցին խոսել, որ նրանք կրկին միացել են, բայց երկուսն էլ հերքեցին այդ լուրը:
Հովհաննես Ազոյան և Ռոզի Ավետիսովա
Հովհաննես Ազոյանը և Ռոզի Ավետիսովան միասին հանդես եկան «Փեսացուն կրկեսից» գեղարվեստական ֆիլմում, և հադիսատեսը նրանց ևս տեսավ համբուրվելիս:
Արփինե Գաբրիելյան և Սոս Ջանիբեկյան
Արփինե Գաբրիելյանն իր առաջին քայլերն է անում գեղարվեստական ֆիլմում, իսկ օրեր առաջ կայացավ «Սկոտչ և Վիսկի» ֆիլմի պրեմիերան, որտեղ դերասանուհին ոչ միայն համբուրվեց Սոս Ջանիբեկյանի հետ, այլև քիչ թե շատ երևում էր նրա ներքնազգեստը: Սա նրա մասնակցությամբ առաջին ֆիլմն էր, որտեղ նա համբուրվում էր: Արփինեն այս ամենը մենկաբանեց այսպես. «Եթե անկեղծ ասեմ, մենք ի սկզբանե ռեժիսորի հետ որոշեցինք, որ չենք քննարկելու և չենք խոսելու այդ թեմայով: Ոչ մեկը չհասկացավ՝ դա բեմադրված, թե իրական համբույր էր, իսկ դա խոսում է պրոֆեսիոնալ աշխատանքի մասին, շատ ճիշտ ստացված տեսարան է: Ինչ վերաբերվում է դերասանուհու համար համարձակ դերերին, ապա, կարծում եմ, ճիշտ չէ փախչել նման դերերից, եթե այդ ամենը ճիշտ է մատուցվում և արդարացված է: Այսինքն՝ ես չեմ ընդունում կոմերցիայի համար ուղղակի նման տեսարաններ նկարահանելը, բայց երբ դա արդարացված է և ֆիլմին համահունչ, ապա հրաժարվել նման դերերից սխալ է»:
Սոս Ջանիբեկյան և Թամարա Պետրոսյան
Սոս Ջանիբեկյանն էլ այն դերասաններից է, ում ֆիլմերում հաճախ կարելի է տեսնել համբույրի տեսարաններում: «Ուրիշի փոխարեն» ֆիլմում, երբ գլխավոր հերոսուհուն՝ Թամարա Պետրոսյանին, ազատեց կապանքներից, կարծես չդիմացավ ու համբուրեց նրան:
Սոսը հիմա նկարահանվում է «Բախտաբեր» հեռուստասերիալում, որտեղ խաղում է Էթերի Ոսկանյանի հետ: Դերասանները ևս չեն խուսափում ցույց տալ իրենց էմոցիաները: