ԵԱՏՄ ձևավորման սկզբնական փուլում՝ Երևանում տեղի ունեցած ֆորումների և քննարկումների ժամանակ, ԵԱՏՄ պատվիրակներն անընդհատ խոսում էին միությանն անդամակցության հայտ ներկայացրած երկրների մասին:
Մասնավորապես, հաճախ էր խոսվում այն մասին, որ ԵԱՏՄ հետաքրքրություն է առաջացրել նաև Վիետնամի մոտ:
Ինչպես տեսնում ենք, հենց այդպես էլ եղավ. ԵԱՏՄ-ի հետ Վիետնամը պատրաստվում է ազատ առևտրի համաձայնագիր ստորագրել:
Ինչպես երևում է՝ Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցող երկրների շրջանակը մեծանում է: Սակայն ինչքանով է Վիետնամի համագործակցությունը հետաքրքրում Հայաստանին:
Այսօր Հայաստանի և Վիետնամի միջև առևտրաշրջանառությունը հասնում է տարեկան գրեթե 20 մլն դոլարի։ Սակայն այն հիմնականում բաժին է ընկնում ներմուծմանը։
Ներկրման կառուցվածքում ամենամեծ բաժինը պատկանում է բջջային հեռախոսներին։ 2014թ. այս երկրից Հայաստան է բերվել 65 հազար հեռախոսային ապարատ։ Վիետնամական բջջային հեռախոսների պահանջարկի կտրուկ աճ է գրանցվել հատկապես անցած տարվա ընթացքում։ Այն 4,3 անգամ ավելացել է։ Դրանց մաքսային ընդհանուր արժեքը կազմել է 6,8 մլն դոլար:
Հաջորդ խոշոր ապրանքատեսակը թեյն է, որի մաքսային արժեքը 4 մլն դոլարի սահմաններում է։ Այս երկրից Հայաստան է բերվել 1,6 մլն դոլարի համակարգչային տեխնիկա։
Այնուամենայնիվ, Հայաստանից Վիետնամ արտահանման ծավալները մեծ չեն: Որպես օրինակ կարելի է նշել, որ 2013թ. արտահանում չի իրականացվել:
Հայկական ապրանքների համար Վիետնամը նոր շուկա է, որին առաջարկվող տեսականին առաջիկայում կարող է համալրվել հատկապես ակցիզային ապրանքների հաշվին։ Սակայն դրանց շրջանակը ճշգրտման կարիք ունի։ Անցած շաբաթ տեղի ունեցած Հայաստանի և Վիետնամի վարչապետների հանդիպման ժամանակ կարևորվեց միջկառավարական հանձնաժողով ստեղծելու, ինչպես նաև գործարար համաժողովներ կազմակերպելու անհրաժեշտությունը, ինչը, Հայաստանի վարչապետի կարծիքով, լավ խթան կհանդիսանա երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման համար։
Կարծում եմ՝ ԵԱՏՄ-ն կարևոր հարթակ է հանդիսանում Հայաստանի համար նոր տնտեսական հարաբերությունների հաստատման տեսանկյունից: