Թվում էր, թե Գյումրին խորը շունչ քաշեց, թեթևացավ, «Король умер, да здравствует король»: Վերջապես քաղաքում շատ բաներ են փոխվելու, սակայն, ինչպես ասում է ժողովուրդը «Մինչև չգա հետինը, չի հիշվի առաջինը »:
Նոր քաղաքապետը թևքերը քշտել ու անցել է գործի:
Արդեն խոսակցություններ են շրջանառվում երթուղայինների «գծի» վարձակալության գների թանկացման մասին կամ նոր ավտոբուսների ներկրման մասին, որը քաղաքապետարանը լծվել է իրականացնելու: Էլի տարբեր ծրագրեր, որոնք շուտով Գյումրին դարձնելու են «մեգապոլիս»: Քաղաքն ասում է, քաղաքը խոսում է, քաղաքի ասածն էլ «ավետարան», կատարվում է:
Զարմանալի է, սակայն փաստ, որ մեր ժողովուրդը մի տեսակ մանկական հավատով է լցվում այս իշխանությունների ցանկացած «հուսադրող» փոփոխությունների նկատմամբ, ու մինչ նա սպասում է փոփոխությունների արդյունքին, պարզվում է, որ իրականում ամեն բան վատ է՝ շատ վատ, քան թե կար:
Ժողովրդի հոգսերը թողած` նորն ու հինն իրար հետ հաշիվներ են մաքրում, ճշտումներ կատարում, հալալ ու հարամ ջոկում, քթից բերում կամ սպառնում միմյանց: Իսկ քաղաքն ապրում է իր առօրյաjով, մարդիկ կենտրոնացած են իրենց հոգսերի վրա:
Նորակառույց շենքերը գեղեցիկ են, ինչ խոսք, բայց կարծես ստվարաթղթից կառուցված: Շինարարը հանձնեց նորակառույցները, սակայն իր հետևից թողեց աղբի մի մեծ զանգված, որը բազմաթիվ դիմումներից և հեռախոսազանգերից հետո էլ մնաց իր տեղում: Մուշ 2 թաղամասի (ի դեպ, միակ կանաչապատ տարածքի) նորատունկ հայ-ռուսական բարեկամության այգու հարևանությամբ, վեր է խոյանում հողի և շինաղբի մի սար, որի փոշին ու աղբը հյուսիսային քամին պարզապես քշում է բնակելի շենքերի վրա: Իսկ այգու մյուս կողմից գազալցակայանն է (գուշակեք՝ ումն է), որը գազով է համեմում թաղամասը նշանառության տակ վերցրած փոշու զանգվածը: Բայց, դե քաղաքապետարանի հեչ վեջը չէ, քանի որ ո՞վ է թաղամասի բնակիչների մասին մտածողը, դե ոչինչ, որ 16-18 տարի մարդիկ բնակվել են անբարեկարգ, ցեխոտ, քարքարոտ և անացանելի փողոցներով ու առանց կանաչ տարածք ունեցող այս թաղամասում: Հիմա հին շենքերի բնակիչները մի տեսակ նախանձով են նայում նորաբնակներին: Տատիկներն ասում են «զույգ ոտքով խավիծն ընկան»: Իսկ ես սրան անվանում եմ նախընտրական հանրապետական PR, գյումրեցի ընտրազանգվածի աչքերին թոզփչելոցի:
Թոզին վարժված գյումրեցու աչքին էլ բան չի էրևա:
Սաղ հեչ (էն կերած մեծ-մեծ բաները), հիմա քաղաքի համար առաջնայինը՝ կարևորը, «Չայկա» մակնիշի մեքենան է, որը նախկին քաղաքապետի եղբայրն աճուրդում գնել էր 100 000 դրամով: Դա պետք է քթներից բերել, ինչ կերել են, հիմա էլ չեն մարսելու: «Արդարադատության» ինչպիսի օրինակ, ես սկսում եմ «հավատալ» մեր իշխանություններին: Բան չկա, կարևորը դա է, ժողովուրդը «ջհանդամը», էսքան դիմացել է, էլի կդիմանա: Այ, եթե հանարապետականները սկսեին հոտած «ձկան գլխից» մաքրել կուսակցությունը, հավանաբար «կիլկաներին» էլ չհասնեին: Թե չէ, կետերին թողած, ընկել են արդեն կոնսերվացված կիլկաների հետևից:
Իսկ մինչ այդ խնդիրները աճում են և ինչպես միշտ առանց լուծումների մնում:
Հիմա ինչ է ասածս, էդ ձեր հաշիվները շուտ վերջացրեք, որ վերջապես ժամանակ գտնեք քաղաքի խնդիրների համար: Թե չէ, մի հանրապետականի կերածը քթից բերել ու բերանից պատառը խլել՝ մի ուրիշ հանրապետականի բերանը դնելու համար՝ մի քիչ, պուճուրմ «տղավարի» չէ: Ի վերջո ձեր գրպանը նույնն է: Ինչպես ասում են, դու՝ ինձ, ես՝ քեզ:
Իսկ քեզ, թոզն ու «կուտը» կերած իմ գյումրեցի, համբերություն, քիչ էլ դիմացի: