«ԲարՔեմփ» ամենամյա չկոնֆերանսի շրջանակներում այսօր շարունակվում էին դասախոսությունները տեղեկատվական տեխնոլոգիաներով հետաքրքրվողների համար: BlogNews.am-ը ներկա է եղել դրանցից մի քանիսին:

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը խոսեց տվյալների ստուգման կարևորության մասին: Սա լրագրության առաջնային նախապայմանն է, սակայն համացանցում րոպե առաջ հրապարակում անելու շտապողականությունը երբեմն հակառակ ազդեցություն է ունենում: Խնդիրն արդիական է հատկապես հայ-ադրբեջանական քաչոզչական հակամարտության համատեքստում: Սամվել Մարտիրոսյանն օրինակներով բացատրեց, թե ինչպես կարելի է ճշտել ստացած տեղեկությունն ու աղբյուրի հավաստիությունը:
Ադրբեջանցիները հաճախ բացում են հայկական լրատվամիջոցներ, որոնցով տարածում են իրենց ձեռնտու ինֆորմացիաները, սակայն ՏՏ ոլորտի հայ մասնագետները կարողանում են հայտնաբերել դրանք:


«ՊանԱրմենիան Մեդիա գրուպի» դիզայնի բաժնի ղեկավար Սեդրակ Մկրտչյանը ներկայացրեց տվյալների վիզուալիզացիայի գաղտնիքները: Սեդրակը շեշտեց, որ լավ ինֆոգրաֆիկան ստեղծվում է ոչ թե շատ, այլ արդյունավետ տեղեկության հիման վրա: Պետք է հաշվի առնել նաև թանաքի համաչափության օրենքը, որպեսզի նկարն ու ինֆորմացիան չխանգարեն իրար:
Նա անդրադարձավ ինֆոգրաֆիկայում կեղծիքի գործոնին, քանի որ դիզայներները երբեմն դիմում են հնարամտության. ըստ էության, չասելով կեղծ տեղեկություն, նրանք մարդուն փոխանցում են կեղծ ազդեցություն: Այս դեպքում պետք է ուշադիր լինել, որպեսզի ինֆոգրաֆիկան մեզ փոխանցի ամբողջական տեղեկություն:

Առավել նեղ մասնագիտական էր «ՊանԱրմենիան Մեդիա գրուպի» ՏՏ բաժնի տնօրեն Ռուբեն Մուրադյանխ ելույթը, ով խոսեց կիբերհանցագործությունների մասին: Նրա խոսքն ուղղված էր մասնագետներին, քանի որ շարքային օգտատիրոջ համար անվտանգության բարդ մեխանիզմները գխացավանք են: Այդուհանդերձ, մեր ընթերցողներին օգտակար կլինի իմանալ, որ, օրինակ, գաղտնաբառերը բրաուզերներում պահպանելը իրենից լուրջ վտանգ է ներկայացնում: Ռուբեն Մուրադյանը նշեց, որ հաքերները մի քիչ ավելին են հասկանում, քան շարքային օգտատերերը, ինչի համար հաղթողի կարգավիճակում են լինում, սակայն ՏՏ ոլորտի մասնագետներին օգտակար խորհուրդներ տվեց՝ դրանցից խուսափելու համար: Պաշտպանության ամենակարևոր միջոցը «двухфакторная авторизация»-ն միացնելն է: Նա խորհուրդ տվեց պաշտպանել իսկապես գաղտնի տեղեկությունները և դրանք չպահպանել, օրինակ, համակարգչի էկրանին՝ միաժամանակ նշելով, որ իրական գաղտնիքներ մարդիկ քիչ ունեն, քանի որ անձնական լուսանկարները դեռ գաղտնի տեղեկություններ չեն:


«ՊանԱրմենիան Մեդիա գրուպի» ցանցային համակարգի ադմինիստրատոր Հասմիկ Ալավերդյանը ներկայացրեց վիրտուալ տիրույթում կայքերի անվտանգության պահպանման խնդիրները: Հասմիկի ելույթը նեղ մասնագիտական էր: Նա նշեց, որ կայք ունենալու դեպքում դրա աշխատանքը պետք է վստահել մասնագետին, քանի որ գոյություն ունեն նեղ մասնագիտական տեխնիկական հարցեր, որոնց շարքային օգտատերը չի կարող տիրապետել: Այս առումով առավել վտանգավոր գոտում են պետական և լրատվական կայքերը, սակայն վտանգ կարող է սպառնալ նույնիսկ «ամենանմեղ» կազմակերպության կայքին, քանի որ մրցակիցների ամբիցիաները կարող են շատ հեռուն գնալ:







Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի
Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի