Մարտավարական գործողություններում, մասմավորապես տեղային պատերազմների ժամանակ իր ուրույն դերն ունի կրակային դարանների կիրառումը, որը շատ դեպքերում կանխորոշում է  մարտի ելքը: Հարկ է նշել, որ կրակային դարանների դերը մեծանում է  լեռնաանտառային պայմաններում:

«Կրակային դարան» ասելով նկատի է առնվում զորքերի (ուժերի) գործողությունների այն եղանակը, որի դեպքում նրանք դասավորվում են թաքստոցում, սպասում են  հակառակորդին, այնուհետև հարձակվում են նրա վրա ոչնչացման, գերի վերցման, զենքի և տեխնիկայի նմուշների, փաստաթղթերի զավթման նպատակով1: Դարանների ժամանակ կիրառվում են դաշունային կրակ, ականապայթուցիչ արգելափակոցներ և այլն:

Կրակային դարանի համար կարող է  հատկացվել դասակ (ջոկ, տանկ)` ուժեղացված սակրավորներով: Այդ  նպատակով առանձնացված ստորաբաժանումը նախօրոք զբաղեցնում է նշված դիրքը և  մանրակրկիտ կերպով քողարկվում է: Սովորաբար կրակային դարանի համար դիրքեր են ընտրվում պաշտպանության շրջանների (հենակետերի) տանկավտանգ ուղղություններում, դրանց միջնամասում կամ թևերում: Կրակային դարանի համար առավել բարենպաստ տեղերն են բարձունքների հակադիր լանջերը, տեղանքի ծալքերը, բնակավայրերի ծայրամասերը, անտառների եզրերը, թփուտները և այլն:

Դարանները  հարկավոր է  նպատակաուղղված կերպով սարքել այն տեղերում, որտեղ կան բնական քողարկման պայմաններ: Կրակային դարանների հիմնական խնդիրներից են` կասեցնել հակառակորդի հարձակվող ստորաբաժանումների կազմակերպված շարժն ու  ծավալումը և նրանց ստիպել մասնակի մարտի  բռնվելու: Այդ  նպատակով գումարտակից 3-4 կիլոմետր հեռավորության  վրա կարող  են առանձնացվել խառը կազմով դարաններ:

Քանի որ այդ հեռավորության վրա հակառակորդի ստորաբաժանումները շարժվում են վաշտի շարասյունով, հարմար երթուղիներով, ապա այլևս անհրաժեշտություն չի լինում գումարտակից առանձնացնելու մարտական պահպանաջոկատ. տվյալ պայմաններում մարտական  պահպանության գործառույթ կատարում են  առանձնացված դարանները:

Մարտական պահպանաջոկատի դիրքը ստեղծվում է հակառակորդի հանկարծակի  հարձակումը և նրա վերգետնյա հետախուզումը բացահայտելու նպատակով: Սովորաբար մարտական պահպանության է ուղարկվում առաջին շարանակարգի գումարտակի կազմից հատկացված մեկ ուժեղացված դասակ` մինչև 2 կմ հեռավորության վրա: Մարտական պահպանաջոկատը ղեկավարում է գումարտակի հրամանատարը:

Առավել արդյունավետ են գործում այն դարանները, որոնց կազմի մեջ մտնում են տանկ, ՀՄՄ, 2-3 նռնականետ կամ տեղափոխվող ՀՏԿՀ կայանքներ:

Նման կրակային դարանը կատարում է բավական արդյունավետ գործողություններ, մասնավորապես` հակառակորդի առաջխաղացման հնարավոր ուղիների վրա: Դարանի ուժերը և միջոցները այնպես են տեղաբաշխվում, որ մարտի մեջ առաջինը մտնեն նռնականետորդները: 2-3 կրակոց կատարելուց հետո (առաջագնաց գլխամասային մեքենայի վրա) նրանք անմիջապես  նահանջում են: Դարանը ոչնչացնում է  հակառակորդի գլխամասային մեքենան, ինչը կազմալուծում է շարասյան շարժումը և  դժվարացնում է կրակի տակից ամբողջ շարասյան դուրս գալը:  Դրանից բացի, հակառակորդի ուժերի մի մասն ստիպված է լինում ծավալվելու` նռնականետորդներին ոչնչացնելու համար, իսկ այդ ժամանակ մյուս ուղղությունից կրակ է բացում ՀՄՄ-ն` ծածկապաշտպանելով նռնականետորդների նահանջը: Կատարելով 2-3 կրակոց ՀՏԿՀ կայանքից և 5-7 կրակոց հրանոթից` ՀՄՄ-ն նույնպես նահանջում է: Նրա  նահանջըծածկապաշտպանում է տանկը, որը, կատարելով 5-6 կրակոց, նույնպես նահանջում է: Հակառակորդի առաջխաղացման կասեցումը գումարտակի հրամանատարին հնարավորություն է տալիս նրա վրա կենտրոնացնելու հրետանու կրակը: Ստորաբաժանումներն իրենց չբացահայտելու համար հրետանու կրակի ծածկապաշտպանությամբ տարաշարժով անցնում են դարանի նոր դիրքը կամ նախապես նշված  բնագծերը:

Այսպիսի գործողությունների համակցումը հնարավորություն է տալիս հակառակորդի առաջխաղացումը մինչև կես ժամ կանգնեցնելու:

Նման դարանի կրակային հնարավորությունն է հակառակորդի 7-9 ՀՄՄ-ների և 4-5 տանկերի ոչնչացումը: Դարանների քանակը կախված է հարձակվող հակառակորդի զորախմբի հնարավոր կազմից, մարտական գործողությունների տեղանքի բնույթից, սեփական ուժերի և միջոցների կազմից: Այսպես, եթե մոտոհրաձգային գումարտակից նշանակվի երեք այսպիսի դարան, հակառակորդը կարող է կորցնել մինչև 35 մարտական մեքենա, ինչն զգալիորեն կփոքրացնի հակառակորդի քանակական գերակշռությունը նժհնարավոր կրակային մարտից առաջ և կարող է հանգեցնել նրան, որ հակառակորդը հրաժարվի հետագա հարձակումից:

Առավել արդյունավետ կլինեն այնպիսի դարանները, որոնց կազմում կան երկու խմբեր` մարտական և ապակողմնորոշման, իսկ առանձին դեպքերում` նաև  գերեվարման խումբ: Այդպիսի դարաններ ակտիվորեն գործել են արցախյան պատերազմի ընթացքում:

Ապակողմնորոշման խումբն ամեն կերպ ձգտում է ստեղծելու մեծ աղմկային էֆեկտ: Սովորաբար նա կրակ է բացում այն ժամանակ, երբ հակարակորդն ականապայթուցիչ արգելափակոցներ է բացում: Հակառակորդի ոչնչացման հիմնական գործը կատարում է մարտական խումբը, որը մաքրում է գերեվարման խմբի ուղին:

Առաջադրանքի կատարումից հետո դարանի անձնակազմն արագորեն հետ է քաշվում վաղօրոք նշված դիրքերը:

Ռազմական գործողությունների արդյունավետ միջոց է կրակային դարանի և ականապատ դաշտերի համատեղ օգտագործումը: Դարանից արդյունավետ կրակի թևագծում ստեղծվում են ականապատ դաշտեր: Հակառակորդի շարասյունը, հասնելով այդ դաշտերը, հակադիր կանգառ է անում արգելափակոցների մեջ անցումներ բացելու համար:  Հարմար պահին, օրինակ, անցումների հաղթահարման ժամանակ, դարանից բացվում է հանկարծակի կրակ, հակառակորդին հասցվում են կորուստներ, որից հետո հակառակորդը ենթարկվում է  կենտրոնացված հրետակոծման: Դարանակալ  ստորաբաժանումը հրետանու կրակի ծածկապաշտպանությամբ տարաշարժով նահանջում է:

Նման մարտական գործողությունների մեծ արդյունավետությունը հաստատվում է նաև 2-րդ համաշխարհային և չեչենական պատերազմների փորձով: Օրինակ` 1943 թվականի հունվարի 12-ին Ռոստովի մարզի Դյադին խուտորի մարտական գործողությունների շրջանում 58-րդ մոտոհրաձգային բրիգադի հակատանկային վաշտի զրահահար շարքային Ֆյոդոր Ստարցևը լավ  քողարկված դարանից քառասուն րոպեի ընթացքում ոչնչացրել է գերմանական տասնմեկ տանկ` գերմանական զորքերին ստիպելով հրաժարվել հարձակումից2:

Բավականին արդյունավետ են գործում նաև հատուկ պատրաստված հարվածամարտական խմբերը (ՀՄԽ-ներ):

Այդպիսի խմբեր գործել են Վիետնամում և Չեչնիայում: Դրանից կազմի մեջ մտնում են 3-4 մարդ` զինված անաղմուկ հրաձգության համար հարմարեցված ավտոմատ հրացաններով, Մուխա տիպի նռնականետներով, հատուկ ականներով և  անհատական ռադիոկայաններով: Գործելով հիմնականում գիշերը, հակառակորդի զբաղեցրած տարածքներում` յուրաքանչյուր ՀՄԽ, գիշերվա ընթացքում 3-4 անգամ փոխելով դարանի տեղը, ընդունակ է  ոչնչացնելու հակառակորդի մինչև երեք օբյեկտ` տանկ, ՀՄՄ, ԶՓԴ, հրամանատարաշտաբային մեքենա և այլն:

ՀՄԽ-ները, գործելով ինքնուրույն կամ դասակներով, կարող են մնալ հակառակորդի թիկունքում և կազմակերպել դիվերսիաներ: Նրանց մարտունակությունը բարձրացնելու համար նպատակահարմար է գործողությունների շրջանում նախապես ստեղծել  գետնափոր պահեստներ` զինամթերքի, պայթուցիկ նյութերի, սննդի, կապի միջոցների պաշարներով, ինչպես նաև սարքավորել հանգստի տեղեր:

Մեծ հետաքրքրություն են ներկայացնում աֆղանական մոջահեդների կողմից կազմակերպված դարանները:

Փյանջշիր գետի հովտում Ահմադ Շահ Մասուդի մոջահեդները, օգտվելով տեղանքի ընձեռած հնարավորությունից, ականապատում էին ճանապարհների որոշակի հատվածներ, այնուհետև, կիրառելով ականանետային  կրակահերթեր, հանկարծակիի էին բերում խորհրդային ուժերին և նրանց ստիպում էին շարժվել դեպի կիրճ` կրակային դարանի կողմը: Կիրճումսկզբում ոչնչացնում էին զորասյան գլխամասային և հետնամասային տեխնիկան` առաջացնելով խցանում, ապա գնդացրային և այլ միջոցների կրակով ոչնչացնում էին հակառակորդի կենդանի ուժը:

Աֆղանական մոջահեդները գործողություններ էին կատարում հիմնականում ճանապարհների վրա: Նրանց մարտավարությունը կախված էր տեղանքի պայմաններից, օբյեկտի բնույթից, ուժերի և միջոցների առկայությունից: Դարանակալման գործողությունների ընթացքում ականապատում էին ճանապարհները, առաջացնում էին փլուզումներ:  Դարանում նրանց մարտակարգը սովորաբար կազմված էր լինում զավթման, աջակցման և  ապակողմնորոշման խմբերից:

Շարասյունը մոտենում էր դարանակալման տեղին: Հատուկ առանձնացված նշանառու-հրաձիգները կրակ էին բացում մեքենաների ավագների և  վարորդների վրա: Շարասյունը կանգնեցնելու համար ղեկավարվող ականներով պայթեցվում էր գլխամասային մեքենան: Զրահապատ տեխնիկայի դեմ պայքարում օգտագործվում էին խոշոր տրամաչափի գնդացիրներ և  նռնականետներ:

Մեծ շարասյան վրա հարձակվելու դեպքում նախ շարասյունը մասնատում էին, ապա հաջորդաբար ոչնչացնում էին մեքենաները: Դրա համար շարասյան գլխամասում, մեջտեղում և  վերջնամասում պայթեցնում էին հեռակառավարվող ականներ կամ էլ գնդակոծում էին ՌՊԳ-ներից: Երբեմն մեքենաների հիմնական մասը բաց էր թողնվում, և  հարձակման էին ենթարկվում միայն հետ ընկած մեքենաները: Կիրառվում էին նաև այլ ձևեր: Մոջահեդները հիմնական գործողություններն սկսում էին այն ժամանակ, երբ շարասյան անցումն ավարտվում էր, և  ստորաբաժանումներն սկսում էին հետ քաշել պահպանաջոկատները: Նրանք իրենց ուժերը նախապես կենտրոնացնում էին ճանապարհամերձ կիրճերում: Մոջահեդները միաժամանակ առաջ էին շարժվում ուղեկալների վրա կրակ վարելով: Իսկ ճանապարհի երկայնքով զորքերին հետապնդում էր հեծյալ խումբ, որն անընդհատ տարաշարժվում էր ձորերում և  գնդակոծում նահանջող ստորաբաժանումներին: Այսպես` 1986 թվականի հոկտեմբերին Արամ բնակավայրի շրջանում Հարդեզ-Չամկոնի երթուղով շարժվող շարասյան անցկացման մարտական առաջադրանքի կատարման ավարտին շրջապատվեց 8-րդ ՀԴ-ի 72-րդ ՀԳ-ի 2-րդ ՀԳմ-ն, որը հանում էր իր ստորաբաժանումները պահպանությունից: Գումարտակը դուրս եկավ շրջապատումից, սակայն 60 հոգի գերվեցին3:

Կրակային դարանի բնորոշ օրինակ են Չեչնիայում դաշնային զորքերի դեմ կիրառվող դարանները: Օրինակ` 2000 թ. մարտի 21-ին Պերմի ՀՆՄԶ (ՕՄՕՆ) ավտոշարասյունը ՈՒրուզ Մարտան բնակավայրի մոտ` կիրճում, հարձակման ենթարկվեց չեչեն գրոհայինների կողմից: Վերջիններս առաջին հերթին ոչնչացրին գլխամասային և վերջապահ մեքենաները` դրանով իսկ փաստորեն կանխորոշելով ջոկատի ճակատագիրը: Այնուհետև նշանառուների, գնդացիրների ու նռնականետների խաչաձև,  դաշունային կրակով ոչնչացվեցին մնացած տեխնիկան և զինվորները, որոնք ի  վիճակի չեղան որևէ լուրջ դիմադրություն ցույց տալու: 41 մարդուց կենդանի մնաց ընդամենը 6-ը4: Նման կրակային դարաններ չեչեն գրոհայինները կազմակերպել են և առաջին, և  երկրորդ չեչենական ռազմարշավների ժամանակ:

Կրակային դարանների հաջողությունը մեծապես կախված է նրանց գործողությունների անսպասելիությունից, որից էլ հետևում է, որ կրակային դարանը պետք է  առավելագույնս քողարկված լինի և  հնարավորության դեպքում տեղադրվի այնպիսի տեղերում, որտեղ առաջխաղացող հակառակորդը չի  սպասում որևէ նախահարվածի:

 

1 «Военный энциклопедический словарь». М., 1984, с. 269.

2 П. Дульнов, А. Плужников. «Оборона батальона» Армейский сборник. N 6, 1999, с. 24.

3 А. Ляковский. «Трагедия и доблесть Афгана», М., 1995, с. 247.

4 А. Куликов, С. Лембик. «Чеченский узел». М., 2000, сс. 218, 222-223.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել