Նվազագույնը 5000-ով ավելացնելով՝ գետինը չմտա՞ք։ Նախընտրական 5000 դրամները՝ հիմա էլ նվազագույն աշխատավարձի տեսքով։
Հուլիսի 1-ից Հայաստանում նվազագույն աշխատավարձը կկազմի 55000 դրամ: Նույնիսկ պատշաճ բառեր չեմ գտնում, որպեսզի արտահայտեմ իմ անսահման «հիացմունքը» ՀՀ կառավարության այս «բարեգութ», «անմնացորդ», «ազգանվեր», «բարյացակամ», «շռայլ», մի խոսքով՝ այս անհեթեթ մտահղացման հանդեպ: Ինձ ուղղակի ապշեցնում է՝ որքան ցինիկ է պետք լինել, որպեսզի.
• օգտվել այն հանգամանքից, որ ժողովուրդը ծայրաստիճան աղքատության մեջ, և ինչ էլ շպրտեն նրա դեմքին, նա պետք է Աստծուն աղերսի հանուն շպրտողների բարօրության։
• իրենց իսկ քաղաքացիների մասին այնքան վատ կարծիք ունենալ (հաշվի առնելով ընտրությունների ժամանակ բաժանվող 5000 դրամի մոգական ուժը), որ թքած ունենան այն հանգամանքի վրա, թե ավելացված 5000 դրամն ինչ եղանակ կարող է փոխել ընտանեկան բյուջեում։
• հաշվի չառնել, որ գնաճը մինչև հուլիսի 1-ը կխժռի այդ 5000 դրամը հաշված օրերի ընթացքում։
• այնքան քիչ պատկերացում ունենալ շարքային քաղաքացիների առօրյայից, որ հաշվարկել այնպես, որ այդ 5000 դրամը կնպաստի նրանց սոցիալական վիճակի բարելավմանը։
• այնքան արժեզրկել աշխատավորի արժանապատվությունը, որ վերջինս համաձայնի վերցնել այդ 5000 դրամը։
• նախադրյալ ստեղծվի՝ ասելու համար, թե դրանով չեզոքացվում է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը։
Այս քայլով ՀՀ կառավարությունն ապացուցեց, որ ինքն ընդհանրապես պատկերացում չունի, թե ինչ վիճակում է գտնվում, և ինչպես ու ինչով է ապրում հայ ժողովուրդը: Այս քայլով ՀՀ կառավարությունն ապացուցեց, որ չի տիրապետում իրավիճակին: Այս քայլով ՀՀ կառավարությունն ապացուցեց, որ ունակ չէ պլանավորելու և գործելու երկարաժամկետ կտրվածքով: Այս քայլով ՀՀ կառավարությունն ապացուցեց, որ ինքը ժողովրդի հետ հետադարձ կապի մեջ չի գտնվում: Այս քայլով ՀՀ կառավարությունն ապացուցեց, որ ՀՀ շարքային քաղաքացիներն իրենց համար զուտ ճորտեր են, որոնց պետք է մի բան շպրտել, որ իրենք չսատկեն սոված շան նման: Այս քայլով ՀՀ կառավարությունն ապացուցեց, որ ինքը նախորդ կառավարություններից ավելի վատն է:
Հ. Գ. Պարոնա՛յք նախարարներ, 5000 դրամի մոգական ուժը ձեր դեմ է դուրս գալու:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/photo.php?fbid=701766456602277&set=a.239476602831267.45404.100003067879359&type=1&theater
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել