Մարդիկ մինչև հիմա վիճում են, թե որ տնտեսական գոտին է ավելի շահավետ Հայաստանի համար՝ եվրասիակա՞նը, թե՞ եվրոպականը, մինչդեռ, եթե կտրվում ենք տեսական հեռանկարներից և վերադառնում ենք մեր գաղջ իրականություն, ակնհայտ է դառնում, որ բացարձակապես ոչ մի նշանակություն չունի, թե ինչ գոտում ենք մենք, որովհետև բոլոր դրական հեռանկարները զրոյացվում են Հայաստանում խորը արմատներ գցած օլիգարխիկ մենաշնորհապաշտության կողմից։
Վերցնենք նույն Սամվել Ալեքսանյանի օրինակը, ով, բացի ձեթ ու շաքարից, ձգտում է մենաշնորհ սահմանել նաև ալյուրի շուկայում։ Ինչ մտել ենք Եվրասիական միություն, հնարավորություն ենք ստացել էժան ռուսական ալյուր ու ցորեն ներկրելու, ինչի հաշվին առաջին ամիսներին ալյուրի գինը բավականին իջավ։ Այդ թվում նաև նրա համար, որ այլևս մաքսատուրք չի գործում, և մարդիկ գնում էին, Ռուսաստանից ալյուր էին բեռնում մի քանի կոնտեյներ ու առանց մաքսազերծման ներկրում Հայաստան։ Բայց Ալեքսանյանը չէր լինի Ալեքսանյան, եթե ամեն ջանք չթափեր, որպեսզի շուկայի այս սեգմենտում գոնե արդար մրցակցություն լիներ, դրա համար ով ալյուր ա բերում, կրակն ա ընկնում։ Ինչքան պետական գերատեսչություն կա, որ իրավունք ունի ստուգումներ անցկացնելու, գալիս, թափում ա էդ գործարարների գլխին՝ հարկայինից մինչև սանէպիդկայան, և այնպես են անում, որ մարդիկ զզվեն ու ձեռք քաշեն այդ բիզնեսից և այլ ապրանքներ ներկրեն։
Սա արդեն իր պտուղները բերել է Ալեքսանյանի համար, որ 22 դոլար դարձած ալյուրի 20 կիլոգրամանոց պարկի գինն արդեն բարձրացրել է՝ դարձնելով 23 դոլար, և ակնկալվում է, որ էլ ավելի է բարձրացնելու։
Ու Ալեքսանյանը մենակ չէ, մեզ մոտ մենաշնորհ է գործում շատ այլ ոլորտներում, և քանի դեռ այդպես է, հավաքական Ալեքսանյանը հա էլ այնպես է անելու, որ հասարակ մարդը ոչ մի շոշափելի դրական տարբերություն չստանա այս կամ այն տնտեսաքաղաքական բլոկին անդամագրվելուց ու փոխարենը՝ ինքը ստանա ոչ թե զուտ մենաշնորհային եկամուտ, այլ մենաշնորհային գերշահույթ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1583476928584912&id=100007678606149&pnref=story
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել