Այդ երեկոյան այնքան ցուրտ էր… Ձյուն էր գալիս, խավարը թանձրանում էր: Իսկ երեկոն տարվա մեջ վերջինն էր՝ Նոր Տարվա նախօրեն: Այդ ցրտին ու խավարին փողոցներով ոտաբոբիկ ու գլխաբաց մի փոքրիկ աղջիկ էր թափառում: Ճիշտ է, երբ տնից դուրս էր գալիս, կոշիկներով էր, բայց մի՞թե շատ օգուտ էին բերում հսկայական հին կոշիկները, որոնք առաջ նրա մայրն էր կրում. ահա թե ինչքան մեծ էին դրանք: Ու աղջիկն այդ օրը կորցրեց իր կոշիկները, երբ ամբողջ թափով սլացող երկու կառքերից վախեցած՝ փորձեց վազքով կտրել փողոցը: Մի կոշիկը նա այդպես էլ չգտավ, իսկ մյուսը մի տղա խլեց՝ հայտարարելով, որ դրանից իր ապագա երեխաների համար հիանալի օրորոց կստացվի:
Ահա թե ինչու էր աղջիկը ոտաբոբիկ թափառում: Նրա ոտքերը կարմրել ու կապտել էին ցրտից, իսկ հնամաշ գոգնոցի գրպանում մոխրագույն լուցկիների մի քանի տուփ կար: Դրանցից մեկը նա բռնել էր ձեռքում: Ամբողջ օրվա ընթացքում նա դեռ ոչ մի լուցկի չէր վաճառել, ու նրան ոչ մի գրոշ չէին տվել: Խեղճ, տանջահար աղջիկը թափառում էր՝ սովահար, ցրտից սրթսրթալով: Ձյան փաթիլները նստում էին նրա երկար շիկահեր խոպոպների վրա, որոնք այդքան գեղեցիկ ընկած էին նրա ուսերին, բայց նա չէր էլ կասկածում, որ իր խոպոպները գեղեցիկ են: Բոլոր պատուհաններից լույս էր հոսում, փողոցում տապակած սագի համեղ բույրն էր տարածվել՝ ախր Նոր Տարվա նախօրեն էր: Ահա թե ինչի մասին էր նա մտածում:
Վերջապես աղջիկնը տան ելուստի ետևում անկյուն գտավ: Նա նստեց ու կծկվեց՝ ոտքերը մարմնի տակ սեղմելով: Բայց դրանից նա սկսեց ավելի մրսել, իսկ տուն վերադառնալ չէր համարձակվում. ախր ոչ մի լուցկի չէր վաճառել, ոչ մի գրոշ չէր վաստակել ու գիտեր, որ հայրն իրեն կծեծի դրա համար: Բացի դրանից, մտածում էր նա, տանն էլ է ցուրտ. նրանք ձեղնահարկում են ապրում, որտեղ քամին անարգել շրջում է, չնայած պատերի ամենամեծ ծակերը փակած են ծղոտով ու փալասներով:
Նրա թաթիկները լրիվ փայտացել էին ցրտից: Ախ, ինչպե՜ս կտաքացներ նրանց փոքրիկ լուցկու կրակը… Միայն թե նրա քաջությունը բավարարեր լուցկի հանել, չխկացնել պատի վրա ու մատները տաքացնել: Աղջիկը վախվխելով մի լուցկի հանեց ու… չը՛խկ: Լուցկին այնպես վառվեց, այնքան վառ բռնկվեց… Աղջիկն այն ձեռքի ափով պատսպարեց քամուց, ու լուցկին սկսեց վառվել հանգիստ, վառ կրակով՝ ասես փոքրիկ մոմ լիներ:
Զարմանալի մոմ… Աղջկան թվում էր, թե նա նստած է պղնձե գնդերով ու կափարիչներով մեծ երկաթե վառարանի դիմաց,: Կրակն այնպես լավ էր նրա մեջ վառվում, այնպիսի ջերմություն էր շնչում: Բայց ի՞նչ պատահեց: Աղջիկը ոտքերը մեկնեց կրակին, որ տաքացնի, ու հարկարծ… կրակը հանգավ, վառարանն անհետացավ, իսկ աղջկա ձեռքում վառված լուցկի մնաց:
Նա մի լուցկի էլ վառեց. լուցկին բռնկվեց, փայլեց, ու երբ նրա լույսն ընկավ պատի վրա, պատը շղարշի պես թափանցիկ դարձավ: Աղջիկն իր առաջ սենյակ տեսավ, իսկ սենյակում՝ ձյունասպիտակ սփռոցով ծածկված սեղան, որի վրա թանկարժեք հախճապակե սպասք էր: Սեղանի վրա խնձորով ու սալորով լցոնված տապակած սագով ափսեն էր, որը հիասքանչ բույր էր տարածում: Ու ամենահիանալին այն էր, որ սագը հանկարծ ցատկեց սեղանից ու, ինչպես կար՝ դանակն ու պատառաքաղը մեջքին խրված, կաղալով քայլեց գետնի վրայով: Նա ուղիղ աղջկա մոտ էր գալիս, բայց… լուցկին հանգավ, ու խեղճ երեխայի առաջ նորից կանգնեց անթափանց, խոնավ պատը:
Աղջիկը ևս մի լուցկի վառեց: Հիմա նա նստած էր շքեղ տոնածառի մոտ: Եղևնին ավելի բարձր էր ու ավելի լավ էր զարդարված, քան այն մյուսը, որը տեսել էր Սուրբ Ծննդի նախօրեին՝ հարուստ վաճառականի տան պատուհանից ներս նայելիս: Կանաչ ճյուղերին հազարավոր մոմեր էին վառվում, իսկ գույնզգույն նկարները, որոնցով խանութների ցուցափեղկերն են զարդարում, նայում էին աղջկան: Փոքրիկը ձեռքերը մեկնեց դեպի տոնածառը, բայց… լուցկին հանգավ: Կրակները սկսեցին ավելի ու ավելի վերև գնալ ու շուտով պարզ աստղեր դարձան: Դրանցից մեկը գլորվեց երկնքով՝ իր ետևից երկար լուսավոր հետք թողնելով:
«Ինչ-որ մեկը մահացավ»,- մտածեց աղջիկը, որովհետև նրա վերջերս մահացած ծեր տատիկը՝ աշխարհում միակ մարդը, որ սիրում էր աղջկան, հաճախ էր ասում. «Երբ աստղ է ընկնում, ինչ-որ մեկի հոգին թռնում է Աստծո մոտ»: Աղջիկը նորից լուցկին պատին չխկացրեց. երբ լույսը տարածվեց նրա շուրջը, նա այդ ցոլքի մեջ իր ծեր, լուռ ու լուսավոր, բարի ու քնքուշ տատիկին տեսավ:
- Տատի՛կ,- բացականչեց աղջիկը,- վերցրու՛, վերցրու՛ ինձ քեզ մոտ: Ես գիտեմ, որ դու կգնաս, հենց լուցկին հանգի, կանհետանաս, ինչպես տաք վառարանը, ինչպես համեղ տապակած սագն ու մեծ, գեղեցիկ եղեվնին:
Ու նա հապշտապ չխկացրեց բոլոր լուցկիները, որ մնացել էին տուփի մեջ՝ ահա թե ինչքան էր նա ուզում տատիկին պահել իր մոտ: Ու լուցկիներն այնքան շլացուցիչ բռնկվեցին, որ շրջակայքը ցերեկվանից էլ լուսավոր դարձավ: Տատիկն իր ողջ կյանքի ընթացքում երբեք չէր եղել այդքան գեղեցիկ ու վեհաշուք: Նա աղջկան իր գիրկն առավ. լույսի և ուրախության ցոլքի մեջ նրանք բարձրացան վերև՝ այնտեղ, որտեղ ոչ սով կա, ոչ ցուրտ, ոչ վախ. նրանք բարձրացան այնտեղ, որտեղ Աստված է:
Ցուրտ առավոտյան տան ելուստի ետևում գտան աղջկան. նրա այտերը շիկնած էին, իսկ շրթունքները՝ ժպտուն, բայց նա մահացած էր, սառել էր հին տարվա վերջին երեկոյան: Նոր տարվա արևը լուսավորեց լուցկիներով աղջկա մահացած մարմինը. նա գրեթե մի տուփ լուցկի էր վառել:
- Աղջիկն ուզում էր տաքանալ,- ասում էին մարդիկ:
Ու ոչ ոք չգիտեր, թե ինչպիսի հրաշքներ է նա տեսել, ինչ գեղեցկության մեջ են նա ու տատիկը միասին դիմավորել Նոր Տարին…

ՀԱՆՍ ՔՐԻՍՏԻԱՆ ԱՆԴԵՐՍԵՆ

Հ.Գ. Ամեն անգամ, երբ ինչ-որ բանի կարիք զգաս, կամ ինչ-որ բան այնպես չլինի քո կյանքում, ապա նախքան տրտնջալն ու բողոքելը կարդա այս հեքիաթը ...

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել