Այն, որ բոլոր դպրոցներում ավարտական դասարաններում անխտիր գումար է հավաքվում, դա այնքան ակնհայտ փաստ է, որքան մածունի սպիտակ լինելը: Սա հերքելը կամ չնկատելը ամենաքիչը միամտություն է: Էդ ո՞ր մի ավարտական դասարան միջոցառում չի կազմակերպում և ուսուցիչներին ու տնօրենին նվեր չի հանձնում: Եթե կա նման բան, ապա այդ դպրոցը կարելի է գրանցել Գինեսի գրքում՝ որպես հայկական մոլորակից դուրս գտնվող դպրոց: Վերոնշյալներս ստուգելու կամ ապացուցելու համար ամենևին էլ զիզի-բիզի հանձնաժողովներ ու անիմաստ թեժ գծեր ստեղծելու կարիք չկա: Կարելի է ուղղակի ավարտական դասարանում սովորող որևէ աշակերտի հարցնել, թե սեպտեմբերից մինչ օրս որքան գումար է վճարել ընդհանուր միջոցառումների, քեֆի, նվերների, քննական հյուրասիրության և այլնի համար: Սրանք դեռ միայն հավելյալ վճարումներն են, շատ դպրոցներում նաև պարտադիր դրամահավաքներ են լինում նույնատիպ զգեստների և նմանատիպ այլ ատրիբուտիկայի համար: Սա էլ է անհերքելի, քանի որ, հերիք է դիտել վերջին զանգի միջոցառումների նկարահանումները, և պարզ կդառնա, որ աշակերտների զգեստները գնվել են հենց այդ միջոցառման համար: Ի տարբերություն այլ ծախսերի՝ սրանք գոնե արդարացվում են նրանով, որ հետագայում նույն զգեստը աշակերտը կկարողանա կրել:
Տարիներ շարունակ պատկան կոչվող մարմիններն այդպես էլ չկարողացան ոլորտը կարգավորել: Հակառակ դրան՝ ստեղծեցին միայն պայմաններ, որպեսզի համատարած դրամահավաքի տեղեկատվությունը մնա դպրոցի պատերի ներսում: Ակնհայտ է, որ որևէ աշակերտ չի ցանկանում պրոբլեմներ ունենալ ուսման վերջնամասում և բացահայտ չի տրամադրի տեղեկություն, իսկ տնօրենի ազնիվ խոսքը բավարար է պատկան մարմինների համար, որ խնդիրը համարեն փակված, կամ էլ տարին մեկ կամ երկու դպրոցի տնօրենների նկատողություն տան` պլանը կատարելու նպատակով:
Ավելի խելացի տնօրենները և այդ նույն պատկան մարմինների ներկայացուցիչները վերջին շրջանում ավելի հետաքրքիր պարզաբանում կարողացան հորինել` դրանով կարծես թե վերջնականապես փակելով թեման: «Դպրոցներում որևէ գումար չի հավաքվում: Իսկ այն, ինչ հավաքում են աշակերտները, դա նրանց ծնողների ազատ կամքի դրսևորումն է, որի դեմ ուսուցիչները ոչինչ չեն կարող անել: Ծնողները ցանկանում են լավ օբյեկտներում ավարտական միջոցառումները կազմակերպել և ուսուցիչներին ու տնօրեններին ճոխ նվերներ հանձնել: Մենք հո չե՞նք կարող բռնանալ նրանց ազատ կամքի դրսևորման վրա»: Վերջացավ, ամեն ինչ պարզ է ու հասկանալի...
Մեծ հաշվով ակնհայտ է, որ առանց ավարտական հանդիսության ու ճաշկերույթի անհնար է պատկերացնել Վերջին զանգը, ակնհայտ է նաև, որ մի «փոքրիկ հուշ-նվերն» էլ լրիվ տեղավորվում է ընդհանուր տրամաբանության մեջ, բայց ամենատհաճն (հենց այստեղ է թաքնված դրամահավաք կոչվածի մեխը) այն է, որ շատ հաճախ այդ «փոքրիկ հուշ-նվերը» դասղեկներին ու տնօրեններին լինում է չափազանց թանկարժեք իրի կամ բավականին խոշոր գումարի տեսքով: