Ankakh.com-ը գրում է.

«Սուրիկ Խաչատրյանին չեն սիրում, որովհետև ուժեղ մարդ է… Զանգեզուրի մարզպետը պիտի ուժեղ մարդ լինի։ Զանգեզուրը մեր դարպասներն ա Հայաստանի». գեներալ Սեյրան Սարոյան:

«Ինքը շատ լավ մարդ է: Շառ է, գալիս, կպնում է էդ մարդուն». Սամվել Ալեքսանյան` Լֆիկ:

Գրեթե նույն ոգով ու նույն ոճով իշխանավորները «դոշ տված» պաշտպանեցին Սյունիքի մարզպետին` նրա անվան շուրջ բարձրացած հերթական սկանդալային միջադեպից` մահափորձից հետո:

Այո, Լիսկան ամենաազնիվն ու բարին է, միաժամանակ` ամենահզորը, որովհետև նրան պաշտպանում են ոչ միայն գեներալներն ու գեներալների գեներալները, այլև ամենաբարձրյալը. «Ինձ Աստված է փրկել: Եթե դուք էլ բարի լինեք, ձեզ էլ կփրկի»,- խորհուրդ է տվել Լիսկան լրագրողներին:

20-ից ավելի կրակոց Սյունիքի մարզպետի մեքենայի ուղղությամբ` և ոչ մի զոհ: Նրա օգնական Զարզանդը, որ նույնպես մեքենայում էր, եզրակացնում է. «Մեր մարզպետն Աստծու պահած մարդ ա, որ գյուլլից մի հատը չի կպե»:

Ի դեպ, սա այն Զարզանդն է, որի մատը խառն էր Ավետիք Բուդաղյանի սպանության գործին և գործում ներգրավված էր որպես մեղադրյալ, սակայն ավելի ուշ այդ մեղադրանքը հանվեց, ու նա ազատ արձակվեց: Ինչպես երևում է` Զարզանդն էլ է Աստծու պահածը:

Եվ մինչ Լիսկայի մերձավորները մոմ էին վառում եկեղեցում, որ Աստված խնայել է այդ «ազնիվ ու բարեհոգի էակի» կյանքը, ֆեյսբուքյան հասարակությունը հեգնանքով գրում էր. «Բրիտանացի գիտնականները պարզել են, որ ավելի հեշտ է թվարկել նրանց, ովքեր չէին ուզում կրակել Լիսկայի վրա, քան նրանց, ովքեր ուզում էին», «Լիսկան իր վրա արձակված կրակոցները չի լսել, որովհետև քնած է եղել... (Գևորգ Կոստանյանի ապագա զեկույցից)», «Пуля--дура, штык—молодец», «Լիսկայի դեմ կատարվել է ցմահ մահափորձ» և այլն:

Հանրության մի մասն էլ կարծում էր, որ դա վատ կազմակերպված բեմադրություն էր, որպեսզի Սյունիքի մարզպետը կարողանա հանդես գալ զոհի դերում` հանրության ուշադրությունը շեղելով իր որդու մասնակցությամբ տեղի ունեցած վերջին խուլիգանական միջադեպից: Սակայն հասարակության մի մասն առավել լավատեսական էր տրամադրված` կարծելով, որ այդ կրակոցները սթափության կոչեր էին` ուղղված ոչ միայն ողջ Սյունիքն ահուսարսափի մթնոլորտում պահող Լիսկային, այլև իշխանություններին, որ եթե դատական համակարգն ի զորու չէ արդարություն հաստատելու` դա կանի ժողովուրդը:

Այս միջադեպի նկատմամբ իշխանության ներկայացուցիչների և հասարակության խիստ տարբեր մոտեցումները փայլուն վկայությունն են առհասարակ իշխանության և ժողովրդի միջև առկա տրամադրությունների, մոտեցումների ու սկզբունքների ակնհայտ տարբերության: Եթե իշխանական վերնախավում չեն նկատում կամ` առնվազն չեն ցանկանում նկատել, որ Լիսկան հատել է սահմանագիծը, ապա հանրությունը նախազգուշացնում է. սահմանագծից այն կողմ նաև իշխանություններն են, և վտանգը նաև նրանց է սպառնում:

Բանը հասել է նրան, որ եթե Լիսկան սպանվեր, ապա հանրությունը կսատարեր ու կհերոսացներ այդ գործն իրականացնողին` փոխանակ հանցագործի համար համարժեք պատիժ պահանջելու: Այս ամենը հստակ ազդանշան է, ահազանգ, որ մոտենում ենք կարմիր գծին:

Իսկ մինչ կարմիր գծին մոտենալը շատ ժամանակ կար վտանգը կանխատեսելու և կանխելու համար:

Ո՞վ է Սյունիքի մարզպետը` Լիսկան

1971 թվական. Սուրիկ Խաչատրյանը ձերբակալվել է, ապա 2 տարվա ազատազրկման դատապարտվել ՀԽՍՀ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի հատկանիշներով, այն է՝ դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք հասցնելը, որը վտանգավոր է կյանքի համար։ Մի քանի ամիս անց, սակայն, նա պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել, քանի որ սա եղել է նրա առաջին դատվածությունը։

1973 թվական. Սուրիկ Խաչատրյանը ձերբակալվել, հետագայում էլ 2 տարվա ազատազրկման է դատապարտվել ՀԽՍՀ քրեական օրենսգրքի 86-րդ, 143-րդ, 180-րդ հոդվածներով` գույքի հափշտակություն գողության միջոցով, գողություն, տրանսպորտային միջոցների փախցնում։

Լիսկա

1979 թվական. Սուրիկ Խաչատրյանը ձերբակալվել է խուլիգանության կասկածանքով և դատապարտվել 2 տարվա ազատազրկման։ Նույն թվականի դեկտեմբերի 12-ին նրա պատժի կրման պայմանները մեղմացվել են, և նրա կալանավորումը փոխարինվել է բաց կալանքի։ Ազատվել է 1981 թվականին։

1993 թվական. Սուրիկ Խաչատրյանը բերման է ենթարկվել Զանգեզուրի շրջանի դատախազություն՝ հասարակական կարգը խախտող խմբային գործողություններ կազմակերպելու կամ դրանց ակտիվորեն մասնակցելու համար: Գործին ընթացք չի տրվել։

Սրանք պաշտոնական տեղեկություններ են: Կան նաև ոչ պաշտոնական տվյալներ, որոնց մասին շատերը գիտեն, բայց բարձրաձայնում են քչերը, մասնավորապես` Գորիսի նախկին քաղաքապետ, տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ Սամվել Հարությունյանը: Նա էլ ներկայացրել է Սուրիկ Խաչատրյանի կենսագրության մի հատված, թե ինչպես է նա 1980-ականների սկզբին բռնաբարել մի ադրբեջանուհու. «Ամուսնացած լինելով, ունենալով հայ կին, երկու աղջիկ, իբրև թե սիրահարվում է թուրք աղջկա, առևանգում նրան և բռնաբարում։ Խորհրդային Ադրբեջանի իրավապահները Խաչատրյանին ձերբակալում են և դատապարտում ազատազրկման։ Նա պատիժը կրել է սկզբում Շուշիի, հետագայում` Բաքվի բանտերում»,- պատմել է Հարությունյանը:

Ինչ վերաբերում է իր Լիսկա կամ Լիցկա մականվանը, ապա Սամվել Հարությունյանը Սուրիկ Խաչատրյանի հերթական սուտն է համարել նրա մեկնաբանությունը, թե իբր «Լիցկա» մականունը ստացել է իրենց թաղի մի ծեր մարդուց` իր ակտիվության համար` որպես «լիցքավորված տղա»:

Այն, որ Լիսկան իսկապես լիցքավորված է, որևէ մեկը չի էլ կասկածում, հարցն այն է, թե ինչով է նա լիցքավորված, վտանգավո՞ր, թե՞ անվտանգ էներգիայով:

Սամվել Հարությունյանը նշել է, որ Սուրիկ Խաչատրյանն իր մականունը վաստակել է առաջին անգամ ազատազրկվելու ժամանակ, կալանավայրում: «Մականունը լիսա բառից է` աղվեսիկ, աղվեսուհի: Ամենաճիշտն այդ անվան ստուգաբանությունը տվել է արձակագիր Հրանտ Մաթևոսյանը: Ըստ նրա` լիսա նշանակում է թուխս գողացող աղվես, այսինքն` ամենախորամանկ աղվեսն է լիսկան»:

Հավանաբար, հենց այդ խորամանկության շնորհիվ է, որ Սուրիկ Խաչատրյանին միշտ հաջողվել է ջրից չոր դուրս գալ: Այդ խորամանկությանն է նա պարտական նաև միլիոնավոր դոլարներ դիզելու կարողության համար:

Ահա թե ինչպիսի «հարուստ ու բազմակողմանի» անցյալ ունեցող անձի է վստահված Հայաստանի հարավային դարպասների պաշտպանությունը: Ինչ վերաբերում է Հայաստանի հարավային դարպասապահի մտավոր կարողություններին, ապա այդ հարցում նույնպես նա յուրօրինակ է: Ավարտելով Գորիսի թիվ 3 միջնակարգ դպրոցի 8-րդ դասարանը` նա ընդունվել է Գորիսի գյուղատնտեսական տեխնիկում, ապա 1991–1995 թթ. սովորել և ավարտել է «Պրոգրես» համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետը, իսկ 2000-2003 թթ.՝ ՀՀ Պետական կառավարման ակադեմիան և ստացել ոչ ավելի, ոչ պակաս «պատմա-փիլիսոփայական գիտությունների դոկտորի» աստիճան: Սակայն Հայաստանում նման գիտական աստիճան գոյություն չունի:

Բայց նա այդ հարցին էլ է լուծում տվել: 2014 թ.նա ներկայացրել է «Պետական կառավարման հիմնահարցերը Սյունիքում հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը» թեմայով դոկտորական ատենախոսություն Կանադայի միջազգային տեղեկատվական ակադեմիա և այնտեղ ստացել պետական կառավարման փիլիսոփայության դոկտորի կոչում:

Դոկտոր Խաչատրյանի գիտական գործունեության մասին, ցավոք, հանրությունը տեղեկացված չէ, բայց փոխարենը նա որդու հետ միասին մշտարթուն է պահում հանրության դետեկտիվ ժանրի սիրահարների սուր զգացողությունները` նրանց մատուցելով նորանոր սցենարներ: Ավելին, Սուրիկ Խաչատրյանի որդին` Տիգրան խաչատրյանը, լուրջ հավակնություններ ունի գրավելու հոր դիրքերը գլխավոր դերերում: Օրինակ, երբ պատանի Սուրիկը Գորիսի գյուղատնտեսական տեխնիկումում պողպատաճոպանով հարվածեց արցախցի ուսանող Կարմեն Առուստամյանի աչքին` զրկելով նրան մեկ աչքի տեսողությունից, Տիգրան Խաչատրյանը նույն հնարքն իրականացրեց օրեր առաջ` մայիսի 2-ին, «Սդղի գյոլ» կոչվող տարածքում` հանելով 32-ամյա Հարութ Զաքարյանի աչքը:

Մինչ Զաքարյանին ծանր վնասվածք հասցնելու փաստի առթիվ քրեական գործ կհարուցվեր, Լիսկա կրտսերը հասցրեց հասնել Օդեսա: Եվ միայն հանրային շահարկումների և, հավանաբար, վերևների ճնշման տակ Լիսկան որդուն բերեց Հայաստան և ցուցադրաբար ներկայացրեց ոստիկանություն, որտեղ «վկա» Տիգրան Խաչատրյանին հարցաքննելուց հետո ազատ արձակեցին:

Նույն չարաբաստիկ «Սդղի գյոլում» էր, որ 2013 թվականին տեղի ունեցավ Սուրիկ Խաչատրյանի և Բուդաղյան եղբայրների միջադեպը, որն ավարտվեց երիտասարդ Բուդաղյանի սպանությամբ: Նույն գործի շրջանակներում ձերբակալվեց Տիգրան Խաչատրյանը, որովհետև հայրը «խորը քուն էր մտել», մինչ որդին «հերոսաբար» տունը պաշտպանում էր «թշնամու հարձակումներից»:

Այդ հերոսական պաշտպանության շնորհիվ Տիգրան Խաչատրյանի և Լիսկայի օգնական Զարզանդ Նիկողոսյանի գործողություններն իրավապահների կողմից համարվեցին «ակնհայտ համապատասխանող անհրաժեշտ պաշտպանության հատկանիշներին», ու նրանք ազատ արձակվեցին:

Այդ ընթացքում Լիսկան մի լավ խեղճացավ, այն աստիճանի, որ անգամ ինքնակամ դիմում գրեց ու հրաժարվեց մարզպետի պաշտոնից: Սակայն, հաջողութան աստվածուհին կրկին իր բարեհաճ ձեռքը դրեց Լիսկայի գլխին, և ամեն բան իր տեղն ընկավ, երբ Բուդաղյանի սպանության պատասխանատվությունն ընկավ հենց իրենց` Բուդաղյանների վրա: 2014-ին Սուրիկ Խաչատրյանը կրկին վերանշանակվեց իր պաշտոնին, քանի որ, ինչպես արդեն գիտենք, Սյունիքին ուժեղ մարդիկ են պետք, իսկ Լիսկան այդ տեսանկյունից եզակի է ու անկրկնելի:

Չմոռանանք նաև հայրենիքին մատուցած ծառայությունների դիմաց Լիսկային շնորհված պարգևների մասին. ՀՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշան, «Հայաստանի երկրապահ» հուշամեդալ, «Մարտական ծառայություն», ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի, «Մարշալ Բաղրամյան», ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ», «Սպարապետ Վազգեն Սարգսյան», «Ծովակալ Իսակով», ԼՂՀ «Մայրական երախտագիտություն», ԼՂՀ «Մխիթար Գոշ», ՀՀ ԱԺ Պատվո և ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական նվաճումների համար» մեդալներ: Շարունակելի…

Եթե այս ամենի ֆոնին հիշենք նաև գործարար Սիլվա Համբարձումյանին, որի դեմքի վրա հրապարակայնորեն դաջվեց մեծն Լիսկայի ձեռքը, և այն դպրոցականին, որին մարզպետը ծեծեց հենց իր առանձնասենյակում, քանի որ կռվել էր իր զավակի հետ, ապա նրա կերպարն ամբողջական կդառնա` «բարի», «ազգասեր», «ուժեղ», «գիտնական» և իսկական «ջենտլմեն»: Սա արդեն չափազանց մեծ «նվեր» է Սյունիքին:

Ինչ վերաբերում է Սուրիկ Խաչատրյանի կենսագրության մեջ նշված այն էջերին, թե ինչպես է հերոսաբար նվիրվել հայրենիքի պաշտպանության գործին, ապա դատելով այն փաստերից, թե ինչով է զբաղված եղել նա 90-ականների սկզբին, դժվար չէ կռահել, որ հայրենիքը պաշտպանել է ճիշտ այնպես, ինչպես գիտական աշխատությունը:

Սամվել Հարությունյանը հիշում է. «1990 թվականի հոկտեմբերին 21-ին Սուրիկ Խաչատրյանն իր նմանների հետ խաբեությամբ առևանգում է, ապա գազանաբար Գորիսում գտնվող մի շենքում խոշտանգում մեր ազատամարտի նվիրյալներից մեկին` այդ ժամանակ ՀՅԴ մարտական ջոկատի հրամանատար Լերմենտ Սարգսյանին և ինձ: Նրանք մեզ գազանաբար խոշտանգելուց հետո մոտ 30 ժամ պահում են այդ մասնավոր բանտում և սահմանամերձ բնակիչների ոտքի կանգնելուց հետո ու ներքին գործերի նախարար Կառլոս Ղազարյանի միջամտության արդյունքում ստիպված մեզ ազատ են արձակում»:

1991 թ. Սուրիկ Խաչատրյանը սպանելու նպատակով կրակում է Գորիսի կուլտուրայի բաժնի ժողգործիքների նվագախմբի երգչուհի, իր սիրուհի Ա. Մ.-ի վրա: Պատճառն այն էր, որ նա Սուրիկ Խաչատրյանին հայտնել էր, որ հղի է: Ա. Մ.-ին մահամերձ տեղափոխում են Սիսիան, վիրահատում: Նա հրաշքով փրկվում է, իսկ երեխայի կյանքը փրկել չի հաջողվում:

1995 թ. Գորիսում Սուրիկ Խաչատրյանի կողմից հրազենային կրակոցով ծանր վիրավորվում է երիտասարդ Անուշավան Առուշանյանը, որը հիվանդանոց տեղափոխվելուց հետո էլ Խաչատրյանի բանդայից չի ազատվում. «Մտնում են հիվանդանոց և կրակում են ռենտգենի կաբինետում, ու այդ ոճրագործության համար նույնպես Սուրիկ Խաչատրյանը չի ենթարկվել քրեական պատասխանատվության»,-պատմում է Սամվել Հարությունյանը:

Մի փոքր անդրադարձ նաև Սուրիկ Խաչատրյանի ազգականներին. չէ՞ որ նրանք էլ պակաս չեն փայլում: Սուրիկ Խաչատրյանի եղբայրը տարիներ առաջ Գորիսի հանրախանութում փորձել է մի աղջկա բռնաբարել, ու նրան մի կերպ են զսպել մարզպետի թիկնապահի միջամտությամբ:

Հիշենք նաև Սյունիքի մարզպետի եղբորորդիներին, որոնք 34-ամյա մի երիտասարդի դաժանաբար` դանակի 12 հարվածով սպանել էին միայն այն բանի համար, որ նա պատահաբար հանդգնել էր ուսով դիպչել այդ «լուսավոր արարածներին»: Եղբորորդի Մայիս Խաչատրյանին դատապարտել էին 12 տարվա ազատազրկման, սակայն նա 7 տարի անց պայմանական վաղաժամկետ ազատ է արձակվել: 2014-ին նույն եղբորորդին` Մայիսը, կրկին հայտնվեց ոստիկանության, ավելի ճիշտ` մամուլի ուշադրության կենտրոնում, երբ իր բարեկամի հետ լինգով հարվածներ էր հասցրել իր համաքաղաքացուն, որը փախչելով` մի կերպ էր ազատվել: Իսկ մյուս եղբորորդին` Էյները, մշտապես «պատահականորեն» հայտնվում է տարբեր խուլիգանական իրադարձությունների կենտրոնում:

Ահա այսպիսի «ապահով» ձեռքերում են գտնվում Հայաստանի հարավային դարպասները…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել