Երեկ պատահաբար կարդացի մի նյութ, որը, մեղմ ասած, ցնցեց ինձ: Նյութը անդրադառնում էր օրեր առաջ տեղի ունեցած Halloween-ի տոնակատարությանը: Մեջբերեմ նյութից մի նախադասություն. «Այդ halloween կոչված տոնը երբեք էլ հայկական չի դարձել ու չի լինի, ուղղակի որոշ տգետ, անտեղյակ ու «միամիտ» ազգադավ զոմբիներ, որոնց ուղեղը փտել է մասոնների սրսկած կապսուլաների արդյունքում, «ուղղակի զվարճանում են»...».

Հոդվածը միանգամայն «ապուշություն» էր, որը լի էր, իբր թե, անսասան հայրենասիրական ոգով: Հեղինակը ուղղակի չէր կարողանում համակերպվել, թե ինչպես կարող է հայ երիտասարդը զվարճանալ այլ ազգային ծագում ունեցող տոնի ժամանակ:
«Իհարկե, ինչպես կարելի է ուրանալ հայրենիքը, երիտասարդներ: Դուք աններելի մեղք եք գործել, դուք ուրացել եք Հայկ Նահապետին, Տիգրան Մեծին և Գարեգին Նժդեհին: Դուք հայ չեք, ամոթ ձեզ... Դուք պետք է ապրեք հայեցի, Halloween-ին մասնակցելու փոխարեն դուք պետք է մնայիք տանը: Տղաները պետք է խաղային ավանդական հայկական նարդին, որտեղ օգտագործում են «մաքուր» հայերեն բառեր, որոնք, չգիտես ինչու, գալիս են արաբերենից և թուրքերենից: Իսկ աղջիկները պետք է մնային տանը և լրացնեին այն անհույսների շարքերը, ովքեր իրենց ժամանակը ծախսում են հայկական «աննկարագրելի» հեռուստասերիալներ դիտելով, որոնց մեջ չկա ոչ մի հայեցի բան. հիշեցնենք, որ նրանցից ոմանք կրկնօրինակված են թուրքական սերիալներից:»
Հետաքրքիրն այն է, որ հեղինակը, քննադատելով ուրիշներին, ինքը մեկ նյութի մեջ օգտագործել է ավելի շատ ՈՉ ՀԱՅԿԱԿԱՆ ծագման իրեր, քան հայկական: Սկսենք. հարգելի հայրենապաշտ հեղինակ, դու քո նյութը գրել ես մի սարքով, որը նախագծվել է ԱՄՆ-ում, օգտվել ես ամերիկացու ստեղծած Windows օպերացիոն համակարգից, նյութը գրել ես ամերիկացի երիտասարդի ստեղծած սոցիալական ցանցում, որը գրվել է ՈՉ ՀԱՅ գիտնականի ստեղծած ծրագրավորման լեզվով: Համոզված եմ, նյութ գրելու ժամանակ քո կողքին եղել է ՈՉ ՀԱՅԿԱԿԱՆ արտադրության (հնարավոր է ամերիկյան արտադրության) հեռախոս, դու հագնված ես եղել ՈՉ ՀԱՅ ԱՐՏԱԴՐՈՂԻ կողմից արտադրված հագուստով (միգուցե թուրքական արտադրության): Միգուցե հոդվածը գրելու ժամանակ դու ըմպել ես հենց ամերիկյան արտադրության զովացուցիչ ըմպելիք:
Մի քանի րոպեի ընթացքում հայրենիքդ այսքան անգամ դավաճանելուց և ամերիկացիներին խոնարհվելուց հետո դու ինչպե՞ս կարող ես գրել մի նյութ, որտեղ մեղադրում ես երիտասարդներին, ովքեր զվարճանում և իրենց երիտասարդությունն են վայելում ամերիկյան ծագման տոնի ժամանակ: (Հ.Գ. Նրանք դա անում են տարվա մեջ մեկ օր, իսկ դու վերոնշյալ ու էլի շատ ու շատ «ԱԶԳԱԴԱՎ» արարքներ անում ես ամեն օր...)
Վերոնշյալ նյութին կարող եք ծանոթանալ այստեղ.
«Karevor Chi».



