Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը ոտքի է հանել բազմաթիվ քաղաքացիների, ովքեր այսօր բողոքի են դուրս եկել Ազատության հրապարակում: Կարծում եմ՝ սա այն խնդիրն է, որը հուզում է հասարակության բոլոր շերտերին՝ գործարարից մինչև գործազուրկ, և բնական է, որ այս հարցում հասարակական լայն կոնսլիդացիա է լինելու: Լսելով Երվանդ Զախարյանի կարծիքը, որ ՀԷՑ-ում կոռուպցիոն ռիսկեր կան, և պետք է ուսումնասիրել և բացահայտել այս ընկերության առաջացրած պարտքերի հիմքը, կարող ենք արձանագրել, որ իշխանությունները ևս շահագրգռված են՝ թույլ չտալու սակագնի բարձրացում: Փաստացի, հասարակության և իշխանության տեսակետներն այս հարցում համընկնում են, և եթե հասարակական պահանջը չքաղաքականացնեն որոշ քաղաքական տարրեր, կարծում եմ՝ հնարավոր կլինի ստիպել ՀԷՑ-ի սեփականատերերին վերանայել սեփական որոշումը: Շատ կարևոր է, որ մինչ Սամվել Կարապետյանի՝ այս ընկերությունը գնելը ուսումնասիրել և պատժել բոլոր այն մարդկանց և երևույթները, որոնց արդյունքում մեր հասարակությունը կանգնել է նման խնդրի առջև: Եթե բոլոր հանգամանքները չբացահայտվեն, և մեղավորները չպատժվեն, ապա նոր սեփականատերերը ևս կարող են հայտնվել անցանկալի իրավիճակում:
Հ.Գ. Այս օրերին, երբ Արևմուտքը սանկցիաներ է կիրառում Ռուսաստանի դեմ, Վլադիմիր Պուտինը, փաստորեն, պատժում է բոլոր այն ռուս օլիգարխներին և պաշտոնյաներին, ովքեր սեփական գրպանի համար կեղեքել են սեփական ժողովրդին: Հաշվի առնելով մեր պետությունների և ժողովուրդների բարեկամությունը, հաշվի առնելով, որ ՀԷՑ-ի սեփականատերը ռուսական ընկերություն է, կարծում եմ, ճիշտ կլինի, որպեսզի մեր կառավարությունը դիմի Ռուսաստանի կառավարությանը՝ ուսումնասիրել և պատժել մեր հասարակության գլխին պատուհաս դարձած ՀԷՑ-ի կառավարիչներին, որոնց թվում քիչ չեն նաև ազգությամբ հայերը: Չի կարելի թույլ տալ, որ մի քանի ապաշնորհ մենեջերների կամ գործարարաների պատճառով հայ հասարակության մոտ անվստահություն ձևավորվի ռուսական կապիտալի նկատմամբ:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/menua1/posts/808714109197666?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել