Ձյունածածկ Ծաղկաձորի ամենահայտնի սպորտային համալիրում ըմբշամարտիկների նոր սերունդ է մարզվում։

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան ամեն տարի հանգրվանում է Ծաղկաձորում՝ այնտեղի Օլիմպիական մարզահամալիրում երկշաբաթյա մարզումներ իրականացնելու նպատակով։

Ըմբշամարտը հայերի արյան մեջ է։ Շախմատի ու բռնցքամարտի հետ միասին այն երկրի ամենահայտնի մարզաձևերից է։

Մարզահամալիրը կառուցվել է ԽՍՀՄ–ի կողմից՝ Խորհրդային Միության մարզիկներին 1968-ին Մեքսիկայում կայացած Օլիմպիական խաղերին նախապատրաստելու համար։ Որոշվեց մարզահամալիրը կառուցել հենց Ծաղկաձորում, քանի որ Ծաղկաձորն ու Մեխիկոն մոտավորապես նույն բարձրության վրա են։ Այս մարզահամալիրը մինչ օրս հանդիսանում է Կովկասի ամենաբարձրակարգ մարզական կառույցներից մեկը։

Ֆեդերացիան կրթել է Եվրոպայի ու աշխարհի մի շարք չեմպիոնների ու ոսկե մեդալակիրների, ովքեր սովորաբար սկսում են մարզումները 10 տարեկանից կամ ավելի վաղ հասակում։

Մարզումները սկսում են ժամը 10-ին։ Մարզիկները 45 րոպե ձյան մեջ նախավարժանք են կատարում։ Դրանից հետո նրանք նախաճաշում են՝ առանց որևէ տապակայի, իսկ ապա թիմային մարզումների մասնակցում և երեկոյան երկու ժամ ըմբշամարտով զբաղվում։

1994 թ.-ի Եվրոպայի ըմբշամարտի առաջնության արծաթե մեդալակիր Արայիկ Բաղդասարյանը ներկայումս բարձրակարգ մարզիչ է ու նախկինի պես տարված է սպորտով։

Ես ողջ կյանքում զբաղվել եմ այս սպորտով. դա հրաշալի կենսակերպ է։ Պետք է շատ էներգիա ունենաս քո մեջ, սակայն պետք է նաև լավ հոգեբան լինես։ Ես աշխատում եմ ըմբշամարտիկների հետ որպես անձնական մարզիչ ու նրանցից յուրաքանչյուրին որպես անհատ եմ ընկալում, - նշել է Բաղդասարյանը։

Մեկ այլ մարզիչ՝ Արմեն Մալխասյանը, ասել է. «Տարածությունը, օդը, ամեն ինչ այստեղ է. մենք ժամանակ չունենք այլ աշխատանքի համար»։

Թոշակի անցած ըմբշամարտիկ Սամվել Մանուկյանը, ով ըմբշամարտը տեսնում է որպես խնդիրների մեծ մասի լուծում, ասել է. «Հայերի համար կարևոր է ունենալ առողջ ու ուժեղ որդիներ»։

- Եթե նրանք բավականաչափ ուժեղ են, նրանք կարող են ցանկացած խնդիր հաղթահարել իրենց կյանքում՝ լինի դա փողոցում, բանակում, թե որևէ այլ տեղ, - հավելել է Մանուկյանը։
Լուսանկարները՝ Նազիկ Արմենակյանի



