Հաստատ հանդիպել եք մարդկանց, որոնք ձեր ցանկացած ապաքաղաքական կարծիքին կամ դատողությանը պատասխանում են ստանդարտ քաղաքականացված դատողությամբ: Նայում են ձեզ պարտիզանի բռնած ֆաշիստի հայացքով և ասում. «Իսկ ինչո՞ւ չեք խոսում իշխանությունների/օլիգարխների «...» մասին»: Բազմակետի փոխարեն կարող է լինել ցանկացած վատ բան՝ սկսած թալանից վերջացրած ընտրություններով: Նրանց պատասխանը, որպես կանոն, ոչ մի ընդհանուր բան չունի Ձեր հնչեցրած մտքի հետ, բայց ունիվերսալ է... օրինակ... Դուք ասում եք...

***
-Անհրաժեշտ է բարձրացնել դասախոսների աշխատավարձը...
- Իսկ ինչո՞ւ չեք խոսում իշխանությունների ընտրակեղծիքների և օֆշորների մասին...

***
-Եվրատեսիլն անտեղի ծախս է, ավելի լավ կլինի այդ գումարներն ավելի կարիքավորներին ուղղել: 
-Ավելի լավ է՝ խոսեք իշխանությունների կամայականությունների մասին:

***
- Ընկե՛ր, մոռացաք վերադարձնել մանրը...
-Ախպերս, մեծամեծերը միլիոններ են թալանում, ձեն չեք հանում, 500 դրամի համար բազառ էք անում... Իսկ ինչո՞ւ չեք խոսում իշխանությունների....

***
- Ձեր մեքենան խանգարում է, փակել է գառաժի մուտքը..
- Ինչո՞ւ չեք խոսում իշխանությունների/օլիգարխների ...

***
- Մենք պետք է լուրջ խոսենք, այլևս այսպես չի կարող շարունակվել, մենք պետք է բաժանվենք: 
-Իսկ ինչո՞ւ չես խոսում ավազակապետության դեմ պայքարելու մասին...

Այս մարդկանց կարծիքով՝ ցանկացած մարդ իր օրը սկսելուց առաջ պարտավոր է թվարկել պաշտոնյաների, օլիգարխների անխտիր բոլոր մեղքերը: Հակառակ դեպքում հանդիսանում է նրանց հանցակիցը, կամակատարը և այրվելու է դժոխքում հավիտյանս հավիտենից:

Միգուցե սա կոլեկտիվ կրոնական խոստովանության տարբերակ է, բայց ուրիշների մեղքերի փոխարեն: Միգուցե եթե ցանկացած թեմայի քաղաքականացումն իրականությունից փախուստի տարբերակ է, քանի որ պրոբլեմի պատասխանատուն, պատճառը և հաղթահարողը դառնում է ոչ թե հասարակությունը, այլ ինչ-որ այլ «օտար» սուբյեկտ:

Այսպիսի խոսակցություններից հետո տպավորություն է ստեղծվում, որ վերելակի մեջ միզում են բացառապես պատգամավորները, իսկ մեքենաները մեխով խազում են միմիայն նախարարները:

Ամեն ինչի քաղաքականացումը վերջիվերջո բերում է փակուղու, որը նման է թմրամոլությանը: Որքան ավելի շատ են քաղաքականացվում սոցիալ-կենցաղային խնդիրները, այնքան ավելի դժվար է դրանց ինքնուրույն հաղթահարումը:

Բայց ես գտել եմ այսպիսի մարդկանց չեզոքացնելու մեթոդը: Նախքան նրանք սկսեն խոսել, ուշադիր նայեք նրանց աջքերին ու վստահ ձայնով ասեք. 
-Իսկ ինչո՞ւ չեք խոսում օլիգարխների կամ իշխանությունների դեմ...
Այս կախարդական խոսքերից հետո նրանց մոտ առաջանում է կոգնիտիվ դիսոնանս, անձի երկատվածություն, ընկճախտ և սուպոր, շնչառությունը արագանում է, բիբերը լայնանում... 
Այդ խոսքերից հետո նրանք իրենց զգում են հրեշավոր անարդարության զոհ, միևնույն ժամանակ ենթագիտակցորեն ընդունում են իրենց մեղքը՝ փորձում են միևնույն ժամանակ արդարանալ և ըմբոստանալ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել