Սիրում եմ, ատում եմ, բարկանում եմ, վայելում եմ, ժպտում եմ, լալիս եմ, պարել եմ ուզում, գլխիկոր քայլում եմ, երջանկությունից ճչում եմ, լարումից կոկորդս սեղմվում ու ձայն դուրս չի գալիս…
Այս բոլորը դու ես տալիս ինձ, տղամարդ: Այսօր քո օրն է (ասում են, նոր իմացա) տղամարդկանց միջազգային օրն է, իմ մարտի ութի նման երևի: Լավ է, պետք է լինի մի օր, երբ ես քեզ որպես ՏՂԱՄԱՐԴ, այլ ոչ թե որպես բանակում ծառայածի շնորհավորեմ: Լավ է, որ այսօր ես կարող եմ ասել, թե որքան եմ սիրում քեզ, թե որքան եմ նեղվում, երբ դու թուլություն ես դրսևորում, որքան եմ հպարտանում քեզնով, երբ առնական ես ու զորեղ, որքան եմ հուզվում քեզնից առավել, երբ տեսնում եմ քո թաքցրած արցունքները, որոնք համաձայն եմ իմ աչքերից հոսեցնել, միայն թե դո´ւ այդքան ծանր հոգոց չհանես: Ուզում եմ հոգիդ գրկել, որ հասկանաս ախր… Ես քո շնչով ու քո սիրով եմ ապրում, ախր ես այն ծառն եմ, որ քո խնամքի կարիքն ունի պտուղ տալու համար, ախր ես քեզ նույնքան եմ պետք, որքան դու ինձ: Էլ ինչո՞ւ ենք մենք իրարից հեռանում, իրար մոտ անվրդովության դիմակ հագնում կամ հիստերիկ վիճում, որ թաքցնենք սեփական անզորությունը: Հիշո՞ւմ ես, երբ շատ փոքր էինք, չէինք ամաչում իրարից, իրար հետ խաղում էինք ու պարզ ժպտում, հետո … դու սկսեցիր սափրվել, քեզ ավելի զգույշ պահել, ես էլ սկսեցի շպարվել, կոտրատվել, բայց մեկ է, նույն երեխան ենք մնացել չէ՞: Ինչո՞ւ ես որոշել, որ քո խոռոժ ու լուռ հայացքն է ինձ ապացուցելու ուժդ, ինչո՞ւ եմ ես ստիպված նկարչություն անում դեմքիս, քեզ նորից դուր գալու համար: Ինչո՞ւ ես մոռանում, որ ես չե´մ փոխվում, ում դեմքն ու մարմինն էլ գտնես, ախր նրանք էլ ե՛ս եմ…
Ինձանից մեկը վերջերս ասաց.«Հասկացել եմ մի բան, եթե ուզում ես գտնել իդեալական տղամարդու, ինքդ պետք է նրան ծնես ու դաստիարակես»: Իսկ ես հավատում եմ, չէ, խաբեցի, միայն հույս ունեմ, որ դու կարող ես լինել այնպիսին, որ չհիասթափեցնես ինձ այնքան, որ նման բան մտածեն ինձնից շատերը: Հավատա, ես միշտ էլ տեսնում եմ քո մեջ փոքրիկին, որ ջերմ ու փափուկ է, երբեմն չարություն է անում, ու ես բարկանում եմ, երբեմն պատժում նրան, բայց հիշիր, ես քեզ սիրում եմ, որովհետև այլ կերպ չեմ կարող…
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/alina.derzyan/posts/476275395729076
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել