Նույնիսկ անզեն աչքով նկատելի է, թե ինչպես է Երևանի քաղաքային ճանապարհային ցանցի վիճակը բացասաբար ազդում տրանսպորտի երթևեկության անվտանգության մակարդակի վրա: Նախ, մեծ չափով ավելացել է խցանումների թիվը. եթե 1-2 տարի առաջ միայն հիմնականում քաղաքի կենտրոնի փողոցներն էին երեկոյան ժամերին դժվարանցանելի դառնում, ապա այժմ ցերեկվա ժամը 11.30-12.00-ի սահմանում արդեն նկատելի է խցանման երևույթը: Դրա հետևանքով ոչ միայն կաթվածահար է լինում տրանսպորտի երթևեկությունը, այլև վատթարանում է շրջակա միջավայրի էկոլոգիական վիճակը:
Մայրաքաղաքի կենտրոնը բեռնաթափելու, նոր ճանապարհահատվածներ կառուցելու ծրագրերը քիչ չեն: Դրանցից է Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2011թ. ստորագրված վարկային համաձայնագրով իրականացվող «Քաղաքային կայուն զարգացման» ներդրումային ծրագրի 2-րդ տրանշով նախատեսված Երևանի հյուսիսը հարավին միացնող մայրուղու` Բաբաջանյան-Աշտարակ և Դավիթաշեն-Աշտարակ ճանապարհների կառուցումը: Մայրուղին քաղաքի գլխավոր հատակագծի հատվածներից է և կնպաստի կենտրոնը տարանցիկ տրանսպորտային միջոցներից բեռնաթափելուն, ինչի արդյունքում մասնակիորեն կլուծվի ավտոճանապարհների թողունակությունը մեծացնելու խնդիրը: Իր նախորդ նիստում կառավարությունն ընդունել է նշված ներդրումային ծրագրի Դավիթաշեն-Աշտարակ ճանապարհահատվածում եղած գույքի և հողատարածքի նախնական ուսումնասիրման որոշում:
Այդ աշխատանքի ավարտից հետո միայն կընդունվի նույն գույքի և հողատարածքի նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու որոշումը: Այժմ նախագծող ընկերությունը մշակել է ճանապարհի ծրագիծը, ճանապարհի լայնական կտրվածքի մեծությունների ճշգրտման համար ըստ հատվածների ուսումնասիրել երթևեկության հոսքը: Նախատեսված ծրագրով իրականացման ենթակա աշխատանքը շարունակելու համար անհրաժեշտ է կատարել գույքի և հողատարածքի ուսումնասիրություն, ինչին և միտված է կառավարության սույն որոշումը:
Դեռևս 2012թ. կառավարությունը հաստատել է «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի` հողի օտարման և տարաբնակեցման շրջանակը և փոխհատուցման առանձին տեսակների հաշվարկման կարգը», որով առաջնորդվելու է Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի հանրային մասնակցության և փաստաթղթերի բացահայտման գործընթացի ժամանակ:
Կարգի սույն պահանջը կատարելու նպատակով բնակիչների հետ անցկացվելու են հանդիպումներ տեղում. պարզաբանվելու է սեփականության օտարման նպատակը, փոխհատուցման չափերի հաշվարկման մեթոդն ու վճարման կարգը, միաժամանակ բնակիչներին տեղեկություն է տրվելու նաև հեռախոսով: