Գաղտնիք չէ, որ ազգը պահողն ու շարունակողը, ազգային նկարագիրն ու դիմագիծը սերնդեսերունդ փոխանցողը ընտանիքն է: Սա այն սրբազան վայրն է, ուր թրծվում է անհատի նկարագիրը: Ընտանիքում է մարդն ստանում հոգեւոր եւ բարոյական նախնական դաստիարակությունը: Ուստի խիստ կարեւոր է հոգեւոր-բարոյական այն մթնոլորտը, որի մեջ մեծանում է անհատը, որովհետեւ բարոյահոգեբանական մթնոլորտը նպաստավոր պայմաններ է ապահովում իբրեւ քրիստոնյա նրանց բարոյական, անձնային որակների ձեւավորման համար: Ընտանեկան դաստիարակության գերագույն նպատակը մարդ կերտելու գործընթացն է, ոչ սոսկ իբրեւ ֆիզիկական գոյություն, այլ որպես բարոյական հատկանիշների ու առաքինությունների խտացում:
Եթե անհատը մեծանում է բարոյական ամուր հիմքերի վրա գտնվող, սիրո, փոխհամաձայնության եւ հարգանքի մթնոլորտ ունեցող ընտանիքում, բնական է, որ այն իր անշեղ ու անխախտ կնիքը, դրոշմը կդնի նրա հոգու ու սրտի վրա՝ նրա մեջ իսկական Մարդ կերտելով: Ու թեեւ որոշակի տարիքից հետո արդեն ընտանիքից դուրս անհատը մտնում է արդեն այլ միջավայր (բակ, դպրոց եւ այլն), սակայն այն հիմնավոր կրթությունն ու դաստիարակությունը, որը նա ստացել է մայրական անխարդախ կաթի հետ՝ ծննդյան առաջին իսկ օրվանից, արդյունավորվում ու պտղաբերում է արդեն հասուն տարիքում: Այո՛, միջավայրն ինչ-որ չափով իր ազդեցությունն ունենում է նրա հետագա զարգացման եւ որպես մարդ կայացման գործում, սակայն այն, ինչ նա ստացել է ընտանիքում եւ գեներով ժառանգել ծնողներից, երբեք չի կարող փոխվել, խաթարվել, որովհետեւ, ինչպես ժողովուրդն է ասում՝ «Արյան մեջ է»: Եթե երակներում ազնիվ արյուն է հոսում, ուրեմն մարդը «դատապարտված» է այդպիսին լինելու իր ողջ կյանքի ընթացքում, եթե անհիշաչար ու ներողամիտ է, բարի՝ իր էությամբ, ուրեմն մինչ մահ այդպիսին կլինի: Իսկ եթե էությամբ ստոր ու նենգ է, որովհետեւ այդպիսի միջավայրի ծնունդ է, բնականաբար այդպիսին էլ կմնա: Բայց սա միայն մարդկային տեսանկյունից դիտելու դեպքում: Միայն Աստված կարող է անհնարինը հնարավոր դարձնել, որովհետեւ այն, ինչ անհնար է մարդու, հնարավոր է Աստծու համար: Մարդկության պատմության փորձը ցույց է տալիս, որ Բարձրյալի ողորմությամբ ու շնորհով մեծագույն ոճրագործներ ու մեղավորներ դարձի են եկել՝ գազաններից վերածվելով հեզ ու խոնարհ, սրբակենցաղ մարդկանց, դարձել են ճշմարիտ քրիստոնյաներ՝ վերագտնելով իրենց մարդկային դիմագիծը:
Ուրեմն անհատի նկարագիրն աղճատող եւ էությունը խեղող առաջին պատճառն ընտանեկան ոչ առողջ միջավայրն է, որն իր բոլոր բացասական հետեւանքներով կործանում է այդտեղ հասակ առնող մատաղ հոգիների ողջ կյանքը՝ սկսած մանկության քաղցր ու անհոգ տարիներից, որոնք երեխայի համար դառնում են ավելի դառը, քան լեղին: Մանկական տարիքը նման է սպիտակ թղթի, որի վրա մի անգամ դրոշմվածն անջնջելի է մնում: Ըստ սուրբ Հովհ. Ոսկեբերանի՝ «ինչպես կնիքն է դրոշմվում մեղրամոմի վրա, այնպես էլ երեխաների հոգում այն, ինչ լսում են»: Բայց կա եւս մեկ բայց: Հաճախ առաջին հայացքից անթերի ու նորմալ թվացող շատ ընտանիքներում, ուր թվում է՝ կան բոլոր անհրաժեշտ պայմանները երեխաների աճի, զարգացման ու կայացման համար, իրականում կա ինչ-որ սխալ բան, մի աներեւույթ չարիք, որը երեւան է գալիս արդեն ավելի ուշ շրջանում, երբ որոշակի տարիքում երեխան արդեն իր պահվածքով, ուրիշների հանդեպ վերաբերմունքով ապացուցում է, որ իր դաստիարակության գործում ծնողներն ինչ-որ տեղ թերացել են, ինչ-որ բացթողում, այնուամենայնիվ, կա: Օրինակ, եթե դիտարկենք երկու տարբեր անհատների վարքն ու պահվածքը պարզ մարդկային փոխհարաբերություններում, անզեն աչքով իսկ նկատելի կլինի նրանց միջեւ եղող «սարերի ու ձորերի տարբերությունը»: Մեկը տարրական հարգանք ու պատկառանք չունի դիմացինի, իր նմանի հանդեպ, արհամարհանքով է վերաբերվում իր մերձավորին, ամբարտավան ու հպարտ կեցվածքով վկայում է, որ ծնունդն է այդպիսի միջավայրի: Ի հակադրություն նրա՝ մյուսը համեստ է, հարգալից, իրենից մեծերին հարգող, հոգատար այլոց հանդեպ, հավասարակշռված ու խոհեմ է: Նրա վարքն ու բարքը, ընթացքը խոսուն վկան են ընտանիքում նրա ստացած ճիշտ դաստիարակության: Իրականում խղճահարության են արժանի սխալ դաստիարակության զոհ գնացած անհատները, ովքեր մի օր լուրջ խնդիրների, փաստի առջեւ են կանգնելու: Մինչդեռ մարդուն կրթելիս նրա մեջ նախ պետք է սերմանել մարդասիրության, բարության, մարդուն մարդ դարձնող բոլոր այն առաքինությունները, որոնք ժամանակին պտուղ են տալիս: Մարդուն պետք է Մարդ դաստիարակել: Բայց «մարդուն մարդ է պետք, որ մարդուն մարդ դարձնի: Եթե մարդը մարդ չլինի, մարդուն մարդ չի դարձնի» (Պողոս Ադրիանուպոլսեցի): Ուրեմն ծնողները նախ իրենք պետք է այդ արժեքների կրողները լինեն՝ իրենց կյանքով օրինակ դառնալով զավակների համար:
Իհարկե, լինում են նաեւ երջանիկ բացառություններ, երբ, օրինակ, ընտանեկան ոչ հաշտ ու երջանիկ միջավայրում ծնունդ են առնում արժանավոր ու ազնիվ մարդիկ՝ վաղ հասակից կյանքի դառնությունները ճաշակած, դրանցով կոփված, կյանքի իմաստն ու արժեքը գնահատող ու ամեն վայրկյանն արժեւորող անհատներ: Այդպիսիք լույս են խավարում... Այդպիսիք փորձությունների մեջ ոչ միայն չեն չարացել՝ կորցնելով իրենց մարդկային դիմագիծը, այլեւ առավել են «մարդացել»՝ մեկ անգամ եւս փաստելով այն ճշմարտությունը, որ տառապանքներն օգնում են մարդուն մարդ մնալ, որովհետեւ մարդը երբեք այնքան մարդկային չէ, որքան այն ժամանակ, երբ տառապում է:
Երանի թե հայկական ընտանիքներում թեւածեին սերն ու համերաշխությունը, փոխհամաձայնությունն ու ներողամտությունը, զիջելու եւ դիմացինի կարծիքը հաշվի առնելու կարողությունը, ի վերջո, իշխող լինեին քրիստոնեական չափանիշները, որոնց շնորհիվ է դարեր ի վեր հայ ընտանիքը հայ մնացել՝ պահպանելով իր ազգային դիմագիծը: Այդպիսի ընտանիքներում աճող ու հասակ առնող մանուկները չեն կարող վատը լինել, չեն կարող իրենցից մեծին արհամարհել ու չհարգել, չեն կարող ինքնահավան ու եսասեր լինել, այլ կլինեն իսկապես Մարդ՝ բառիս բուն իմաստով: ...Այսպես կրթելով մեր զավակներին՝ մենք կունենանք բարոյապես կիրթ ու ամուր ընտանիք, հասարակություն եւ ազգ, որովհետեւ կայուն ու ամուր ընտանիքն ազգի գոյապահպանման հիմքն է:
Աղբյուրը՝ http://kh-tert.livejournal.com/80188.html
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/alvina.babayan/posts/3779937627743
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել