Էկրաններից այն կողմ հայկական շոու բիզնեսը թվում է հաշտ ու համերաշխ, բոլոր երեկույթներին իրար հետ շատ ջերմ են, ինչպես ասում են՝ «պաչելով» են իրար բարևում, բայց իրականությունն այլ բան է փաստում. երբ հերթը հասնում է վեճերին, նրանք ոչ մեկի չեն խնայում: Հետաքրքիրն այն է, որ վեճերի արդյուքնում փորձում են էլ ավելի ինքնահաստատվել մեկը մյուսի հաշվին: Ախր փորձեք գտնել ինքնահաստատման այլ տարբերակներ, և մի բան էլ ձեր կոնֆլիկները ոչ թե լուծեք համացանցային տարբերակով, այլ գուցե մի բաժակ սուրճ ըմպելով:

Եվա Ռիվաս և Նադեժդա Սարգսյան

Այն շրջանում, երբ Քիմ Քարդաշյանը Հայաստանում էր, մեր հայ աստղերն առիթը բաց չէին թողնում մեկնաբանելու նրա այցը: Ոմանք ոգևորված էին, ոմանք էլ նեղվել էին, որ այդ շրջանում նրանք հետին պլան էին մղվել: Երգչուհի Եվա Ռիվասը մտածեց-մտածեց և այսպես գրեց. «Ինձ համար Քիմ Քարդաշյանը մեծատառով մարդ է, որքան վատ բաներ ասեցին այս աղջկա հասցեին, ովքեր որ տեսել էին նրա տնային պոռնոն: Ամոթ, մահացու խայտառակություն: Որքան վատ բաներ ասեցին նրա մասին, որ նա մերկացել էր GQ ամսագրի համար: Նա երիտասարդ է, հարուստ, գեղեցիկ, սեքսուալ, ազդեցիկ, հետաքրքիր, ով հայտնի է ամբողջ աշխարհում: Բայց դուք նրա վրա կեղտ եք շպրտում: Բայց և այնպես, նա այնպիսի է, ինչպիսին որ կա: Նա ժամանեց Երևան, և ողջ Հայաստանը ծնկի իջավ նրա առջև: Վազում էին մարդիկ, ինպես խավարասերները, օդանավակայանում վազում էին նրա հետևից, ասես թե նա երկրորդ Հիսուսն է: Արդեն երկրորդ օրն է, որ բոլոր ԶԼՄ-ները շան պես վազում են նրա հետևից և հետևում նրա ամեն քայլին: Այդ ամենը նա տեղադրվում է ինստագրամում, ֆեյսբուքում, բոլոր իրական և ոչ իրական սոցցանցերում և հոդվածներում: Սիրում եք կամ չեք սիրում, ընդունում եք կամ չեք ընդունում: Եղեք բնական և ոչ կեղծ, մի՛ գործեք ամբոխի ազդեցության տակ: Քիմն աստղ է, և եթե նա այստեղ է, ապա դուք հեզ եք նրա հետ, իսկ եթե այստեղ չէ, ապա ցեխ եք շպրտում նրա վրա: Յախք: Հուսով եմ, որ անկարկս հասկանալի է: Ես այլևս ոչինչ չեմ ուզում անել այս երկրի համար, որովհետև ես գիտեմ, որ եթե փոքր ինչ սխալվեմ, այստեղ շները կուտեն ինձ, ինչպես էժան միս, իսկ հետո կմոռնանան այդ մասին, երբ ես ինչ-որ լավ բան կանեմ: Ես չեմ պատրաստվում փոխել իմ կարծիքը, այդ իսկ պատճառով մեր ճանապարհները տարբեր են, ընկերնե՛ր: Երբ նկարահանեմ տնային պոռնո, այդ մասին կտեղեկացնեմ, որպեսզի խոսելու բան ունենաք: Քիմը պայծառ աստղ է՝ չնայած նրա ձայնի և այլ տաղանդների բացակայությանը: Եվ իմ կարծիքը նրա նկատմամբ չեմ փոխի, նույնիսկ ամենավատ արարքից: Ես հուսով եմ, որ իմ բոլոր ակնարկները ճիշտ ընկալվեցին»:

Իհարկե, Եվա Ռիվասի կարծիքը շատերին զայրացրեց, բայց ամենից շատ նրա ոխերիմ թշնամի Նադեժդա Սարգսյանին, ով դեռ 2010 թվականից «մուռ էր պահում» նրա վրա: Հիշում եք, չէ՞, երբ այդ տարի բոլորը վստահ էին, որ Էմմին է մասնակցելու «Եվատեսիլ» երգի մրցույթին, Եվա Ռիվասը բոլորին «ծիրանի կուտ» տվեց և անցավ առաջ: Այս ամենը, իհարկե, Նադեժդա Սարգսյանը չէր մոռացել և Եվային այսպես ցույց տվեց իր տեղը. «Տո շունը դու ես այ… հիմա ասել էի… Իմ ժողովուրդը երբեք շուն չի եղել: Դու ի՞նչ բարոյական իրավունք ունես, որ վիրավորես մի ամբողջ ժողովրդի: Հերիք է սրա գրածները լուսաբանեք, նրան հենց դա էլ պետք է, որ գրեն իր մասին: Ամոթ է»:

Այս կինոն փաստորեն բազմասերիանոց էր, մի պահ բոլորը մոռացան Քիմ Քարդաշյանին և սկսեցին հետևել Եվա-Նադեժդա հակամարտությանը: Երբ Նադեժդա Սարգսյանը, թևերը «քշտած», պաշտպանում էր մի ամբողջ ժողովրդի, նա մի բան էր մոռանում, որ հենց այդ նույն ժողովրդին նա պատրաստ էր վառել, երբ Էմմին 2010 թվականին չմասնակցեց Եվրատեսիլ երգի մրցույթին: Սա պարզապես փոքրիկ հիշեցում, իսկ հիմա անցնենք Եվայի հակահարվածին. «Ինձ համար հարյուր տոկոս սպասելի էր, որ իմ գրառումից հետո ակտիվանալու է հակառիվասյան շարժումը՝ բնակաբար իմ վաղեմի ծանոթի գլխավորությամբ՝ այն կնոջ, ով իմ հաղթանակից հետո Եվրատեսիլի նախընտրական փուլում անձրևանոցով ծեծել էր լրագրողի: Անխոս, նա բարձր բարոյականության տեր մարդ է: Շատ ցավալի է, որ շատերն իմ գրառման իմաստը չեն հասկացել և սկսել են գրել նախանձի մասին, որ երբեք բնորոշ չի եղել ինձ: Եթե դուք տեսնում եք, որ որևէ մեկը ձեզանից ավելի լավն է, ապա աշխատեք ձեզ վրա, հասեք ձեր նպատակին: Ես «repost» եմ անում այն մարդու (Քիմի) լուսանկարը, դա հիմա ի՞նչ նշանակում է, որ ես հիանո՞ւմ են նրանով, թե՞ նախանձում եմ: Ապա անցնեմ երկրորդ նախադասությանը. «Ես այլևս ոչ մի բան չեմ անի այդ երկրի համար»: Թանկագիննե՛րս, ես Ժաննա Դարկը չեմ, որ այնպիսի բան անեմ, ինչի մասին դուք խոսում եք: Ես կարող եմ անվերջ շարունակել: Ի՞նչ է կատարվում ձեզ հետ, մարդի՛կ: Ինչո՞ւ դուք չեք կարողանում գնահատել այն, ինչ ունեք: Ես ուղղակի ասել եմ այն, ինչի մասին ուրիշները լռել են, և ինձ վրա եմ վերցրել հարվածը, որին արդեն սովոր եմ, քանի որ ես տանել չեմ կարողանում կեղծավորությունը: Ինձ դրդել է այս գրառումը կատարել այն, որ ես առավոտյան իմ հասցեին վիրավորական նամակ եմ ընթերցել: Ինձ վիրավորել են բացարձակապես ոչ մի բանի համար: Համբերության բաժակն արդեն լցվել է: Այնպես որ, ինչքան էլ որ դուք ուզեք՝ Քիմի գալը սրա հետ կապ չունի: Կարևորն այն է, որ ձեր բնույթը չի փոխվի: Ոչ ոք երբևէ ձեզ համար լավը չի լինի: Այն, ինչ ունենք, չենք պահպանում, իսկ կորցնելուց էլ լացում ենք: Այդ իսկ պատճառով մարդկանց սկսում են գնահատել և սիրել իրենց մահվանից հետո: Շատ ցավալի է, որ ես անմիջապես չկարողացա իմ միտքը ճիշտ տեղ հասցնել, և իմ գրառումը սխալ էր ընդունվել»:

Վահան Խաչատրյան և Դիանա Շատվերյան

Մեր հայտնիների համար կարծես հարցերը լուծելու հարթակ է դարձել ֆեյսբուքը: Այսպես որոշեցին վարվել նաև դիզայներներ Վահան Խաչատրյանը և Դիանա Շատվերյանը: Նրանց վեճը կարելի է կոչել այսպես՝ «մի հագուստի պատմություն»: Ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ Վահան Խաչատրյանը սկանդալային գրառում արեց ֆեյսբուքյան էջում. «Խոսքս ուղղում եմ այն անձանց, ովքեր կարծում են, որ կարելի է անամոթաբար կրկնօրինակել կոլեգաների աշխատանքը, խայտառակ վատ որակով և առանց վատ զգալու հրապարակել ինտերնետում: Ամոթ է»: Փաստորեն Վահանի մեկնաբանությունը հասցեագրված էր Դիանա Շատվերյանին, ով ևս մեկնաբանությամբ պատասխանեց Վահանին, որի արդյունքում խայտառակ եղան երկուսն էլ: Դիանան տեղադրեց մի լուսանկար, որտեղ պատկերված էր իրենց երկուսի մոդելավորած զգեստներին շատ նման մի զգեստ, և այսպես գրեց. «Կարո՞ղ եք գուշակել, թե ում հեղինակած զգեստն է լուսանկարում: Առաջ անցնելով՝ նշեմ, որ ամաչկոտ հայ նկարիչ-մոդելավորող, ընդհանրապես հայտնի համաշխարհային բրենդներից չկրկնօրինակող Վահան Խաչատրյանի գլուխգործոցն է»:

Համացանացում գտա զգեստի իրական հեղինակին, այն «Elie Saab» նորաձևության տան հավաքածուի զգեստն է: Ստացվում է, որ նրանցից և ոչ մեկը կռվախնձոր դարձած զգեստի հեղինակը չէ: Հարց է ծագում. էլ ինչո՞ւ գրել գրառումներ, իրար վիրավորել: Գիտե՞ք՝ ինչ չեմ հասկանում, ապրում ենք տեխնիկայի դարում, հնարավոր չէ՞ր այս ամենը հեռախոսով պարզաբանել, օրինակ այսպես.

-         Ալո, Դիանա, բարև, ինչո՞ւ ես իմ զգեստը կրկնօրինակում։

-         Վահան, դա ոչ քո զգեստն է, ոչ էլ իմ:

Պարզապես յուրաքանչյուրը փորձեց ինքնահաստատվել դիմացինի շնորհիվ, իսկ արդյունքում հակառակը ստացվեց՝ խայտառակ եղան երկուսն էլ:

 Լիլիթ Հովհաննիսյան և Անի Ավդալյան

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը միշտ տարբերվել է արտաքինի փոփոխություններով, մասնավորապես՝ միշտ էլ ավելի շատ ուշադրության կենտրոնում են եղել նրա անընդհատ փոփոխվող սանրվածքները: Շատերին էր հայտնի, որ նա համագործակցում էր վարսահարդար Անի Ավդալյանի հետ: Բայց եկավ մի շրջան, որ երգչուհին և հայտնի վարսահարդարը սկսեցին էլ չհամագործակցել: Պատճառն այն էր, որ Անին հրապարակել էլ էր իր աշխատանքների կրկնօրինակումների լուսանկարները, որոնցում գերակշռում էր Լիլիթ Հովհաննիսյանի լուսանկարները: Անին այս ամենը պարզաբանեց այսպես. «Ուզում եմ ասել, որ այդտեղ թյուրիմացություն է եղել. ես Լիլիթ Հովհաննիսյանի անունը նույնիսկ չեմ էլ տվել, պարզապես հրապարակել եմ կրկնօրինակված սանրվածքներով լուսանկարներ»: Ինչևէ, այս ամենից հետո Լիլիթը և Անին սկսեցին այլևս չհամագործակցել, Լիլիթն էլ սկսեց օգտվել մեկ ուրիշ վարսահարդարի ծառայություններց:

Բայց սա այն դեպքերից էր, երբ, փաստորեն, կոնֆլիկտը հարթվեց, երբ Լիլիթը սոցցանցային իր հետևորդներին ներկայացրեց լուսանկար՝ մակագրելով, որ սանրվածքի հեղինակը Անի Ավդալյանն է. «Լիլիթի հետ ոչ մի խնդիր չեմ ունեցել, պարզապես որոշ ժամանակ չէինք համագործակցում»,-եզրափակել է Անին:

Հայկո և Մկո 

Հայկո և Մկոյի մասին արդեն շատ է խոսվել և կխոսվեր, եթե վերջապես պարզաբանում չլիներ: Վերջիվերջո, ի՞նչ կատարվեց, ինչո՞ւ հանրության կողմից սիրված դերասանները, ովքեր տասնհինգ տարի աշխատել են միասին, այլևս չեն համագործակցում: Վարկածները շատ են, ասում էին, թե պատճառը եղել է այն, որ Մկոն հեռացել է Հայկոյից, քանի որ նա իշխանության դեմ հանդես եկավ, և դա նրան վախեցրեց, մյուս վարկածն այն էր, որ Հայկոն ցանկություն էր հայտնել տեղափոխվել ԱՄՆ առանց գործընկերոջը տեղյակ պահելու: Թե՛ Մկոն, թե՛ Հայկոն երկար ժամանակ փորձում էին հմտորեն շրջանցել այս թեման, և երբ Հայկոն նկարահանեց «Սուպեր մամա» ֆիլմը, բոլորը սպասում էին, որ ֆիլմում կլինի նաև Մկոն, իսկ լրագրողի այն հարցին՝ ինչո՞ւ Մկոն չկա, Հայկոն պատասխանել էր. «Նրա համար այստեղ հարմար դեր չկար»: Եվ այսպես, այս կինոն երկար կշարունակվեր, եթե Մկոն չխոսեր և այսպես ասած ամեն ինչ իր տեղը չդներ. «Դա մեր անձնական հարաբերություններն են, միան մենք կարող ենք այդ մասին խոսել, ուրիշ ոչ ոք: Նույնիսկ մեզանից որևէ մեկն իրավունք չունի այդ մասին բարձրաձայնել: Անկեղծ կլինեմ և կասեմ, որ մենք մոտ երկու տարի գրեթե չենք շփվել, ես այդ ընթացքում Հայկին չեմ տեսել: Մենք միասին բարդ ժամանակահատված ենք անցել, կիսել են բարդ օրեր, ծրագրեր ենք իրագործել, բայց այժմ միասին անելիք չունենք, տարբեր ենք ոճային առումով, ընկերական հայացքներով: Դա ցույց տվեց կյանքը: Հասկանում եմ, որ հեռուստադիտողը մեզ կարոտում է, բայց մենք էլ պարտավոր չենք ամբողջ կյանքը միասին անցկանցնել: Ի սրտե ցանկանում եմ Հայկին հաջողություն, և թող միշտ հաջողված նախագծեր անի, ու թող նաև ինձ մոտ ամեն ինչ հաջող լինի»:

Մկոյի խոսքերից լրիվ պարզ է, որ նրանք այլևս միասին չեն համագործակցելու, իսկ Հայկ Մարությանը հակառակն էր պնդում. «Գիտե՞ք` արդեն ինչքան մարդ է այդ մասին ինձ հարցրել. չկա նման բան, ես և Հայկն առաջվա պես մտերիմ ենք, մեր հարաբերությունների մեջ ոչինչ չի փոխվել: Ուղղակի այժմ մեր համատեղ աշխատանքը տևական դադարի մեջ է, և ամեն մեկս անհատապես ենք հանդես գալիս, իսկ առաջիկայում շատ ծրագրեր ունեք, որ դեռ միասին իրականացնելու ենք»: Ինչևէ, Հայկը հիմա զբաղված է նոր ֆիլմ նկարահանելով, իսկ Մկոն նկարահանվում է «Տնփեսա» սիթքոմում: Ասում են նաև, որ Մկոն չի շփվում Հայկի եղբոր՝ Արման Մարությանի հետ, ով տարիներ շարունակ զբաղվել է Կարգին ծրագրերի ռեժիսուրայով և մոնտաժով: Նա նաև դադարեցրել է իր շփումը դերասաններ Անդոյի, Ռաֆոյի և մնացած բոլոր այն մարդկանց հետ, ում հետ տարիներ շարունակ աշխատել և ընկերություն էր արել:  

 

Սոնա Շահգելդյան  և Վարսա

Ի՞նչ է լինում, երբ երկու երգչուհիներ չեն կարողանում կիսել մի երգ: Կրկին օգնության են գալիս ֆեյսբուքի «ստատուսները»: «Le Reve Brise»՝ այսպես է կոչվում այն «սև» երգը, որն էլ դարձավ Վարսայի և Սոնայի կռվի թեման: Երգչուհի Վարսան պնդում էր, որ դեռ մի քանի տարի առաջ երգահան Նարինե Զարիֆյանից գնել է այս երգը, և նա էլ տեսահոլովակ է նկարահանել: Վարսան շատ կտրուկ էր արտահայտվել, որ երգը նրա սեփականությունն է, և այն չի պատրաստվում կիսել ինչ-որ մեկի հետ: Հետո Վարսան նշել է, որ իր և Նարինեի միջև եղել են ինչ-որ անձնական տարաձայնություններ, բայց չէր կարծում, որ դա կարող էր ազդել այս պատմության վրա: Հիշեցնեմ մի բան, որ ժամանակին Վարսան ընկերություն էր անում Նարինե Զարիֆյանի որդու հետ, գուցե պատճառներից մեկն էլ սա էր, որ Նարինեն իր ապագա հարսիկին չի ներել:

Անաչառության համար նաև ներկայացնենք մյուս կողմերի վարկածները. Նարինե Զարիֆյանը նշել էր, որ Վարսան իրենից երգ չի գնել, որ երգը նրան նվեր էր արել, սակայն այդուհետ այն կատարելու է Սոնա Շահգելդյանը. «Ես հասկացա, որ նա այդ երգը չի կարող կատարել այնպես, ինչպես ես եմ ցանկանում, մենաշնորհը փոխանցել եմ Սոնային՝ նվիրելով նրան»:

Սոնայի վրդովմունքն ավելի շատ էր, նա անգամ սպառնացել էր Վարսային. «Ես տեղյակ եմ, որ Վարսան տեսահոլովակ է նկարահանել, ես երկար եմ աշխատել այս երգի վրա և իհարկե բողոքելու եմ, այնպես եմ անելու, որ հեռուտատեսությամբ այդ տեսահոլովակը չցուցադրվի»:

Ամփոփելով այս պատմությունն՝ ասեմ, որ թե՛ Վարսան, թե՛ Սոնան նկարահանեցին տեսահոլովակ, արդյուքնում ստացվեց երկու կատարում: Հիշո՞ւմ եք՝ նմանատիպ մի դեպք էլ տեղի էր ունեցել տարիներ առաջ, երբ Աննա Խաչատրյանն ու Անի Քրիստին դարձել էին քննարկման թեմա՝ չկարողանալով կիսել «Կարոտ» երգը:

 

Միհրան Ծառուկյան և Մերի Մակարյան

Այն, որ Մերի Մակարյան և Միհրան Ծառուկյան զույգին սիրավեպ էին վերագրում, պարզ է: Շատերն անգամ խոսում էին, որ նրանք միասին են ապրում, պարզապես թաքցնում են իրենց հարաբերությունները: Թե՛ Միհրանը, թե՛ Մերին բազմիցս հերքել են այս լուրերը, իսկ վերջերս նրանց անվան շուրջ նոր սկանդալ հասունացավ:

Միհրանի երկրպագուները սկսեցին բուռն կերպով քննարկել երգչի մասնակցությամբ «Full House» նախագիծը: Միհրանի երկրպագուների բացասական վերաբերմունքը Մերի հանդեպ այնքան մեծ էր, որ նրանք չէին ցանկանում Միհրանին նորից տեսնել Մերիի հետ նույն նախագծում: Որոշ ֆեյսբուքցիներ էլ փորձում էին հանդես գալ ի պաշտպանություն Մերի Մակարյանի: Արմեն Պետրոսյանը, ով նախագծի պրոդյուսերն է, իր տված հրացազրույցներից մեկում այսպես էր մեկնաբանել ստեղծված իրավիճակը. «Ծանոթանալով գործի բնույթին՝ բնականաբար, մենք չէինք կարող ամեն ինչ այդպես թողել: Եթե այստեղ կար կոնֆլիկտ, որի ժամանակը և կոպիտ ասած հավեսը մենք չունեինք, որոշում կայացվեց, որ տվայլ նախագծում իր մասնակցությունը պետք է շարունակի Միհրան Ծառուկյանը»: Ըստ տարածված լուրերի՝ Միհրանը պահանջել էր, որ նույն նախագծում չնկարահանվի Մերի Մակարյանը, վերջինս էլ դրանից նեղացել էր և հաղորդումներից մեկի ժամանակ էլ արտասվել՝ չկարողանալով թաքցնել հուզմունքը:

Միհրան Ծառուկյանն էլ, չկարողանալով զսպել զայրույթը, այսպես էր արտահայտվել. «Ինչ վերաբերում է իմ անցյալին՝ ավելացնեմ, որ հանրությանը քաջ հայտնի է իմ և Մերի Մակարյանի անցած ճանապարհը, անցյալը, ներկան և «բարի» համբավը. չեմ ցանկանում ընդլայնվել… Մի՛ ստիպեք ասել այն, ինչ ես ինձ երբեք թույլ չեմ տվել»:

 

Հայկ Կասպարով և Մհեր

«Տարոսը ձեզ»՝ այսպես է կոչվում այն երգը, որի հիման վրա տեսահոլովակ են ներկայացրել Մհերն և Արփին: Երգիչների այս քայլը զայրացրել է Հայկ Կասպարովին, ով պնդում էր, թե այդ երգն իր երգացանկից է: Հայկը հայտարարել է, որ առանց նրան հարցնելու վերաձայնագրել են այդ երգը, որի վրա նրա այդքան գումար է ծախսել: Պարզվում է՝ Հայկը և Արփին պատրաստվում էին տեսահոլովակ նկարահանել, բայց Մհերն օգտվել է այն փաստից, որ Հայկը բնակվում է Գերմանիայում, և այսպես ասած երգն իրենով արել: Հայկը գլխավոր մեղավոր համարեց Մհերի պրոդյուսեր Գեորգի Հարությունյանին և որոշեց ամեն գնով այս հարցը լուծել: Երգիչը պահանջեց, որ նրանից հրապարակայնորեն ներողություն խնդրեն, որ նրան վիրավորել են:

Գեորգի Հարությունյանի փոխանցմամբ՝ Մհերն այս պատմության հետ կապ չունի, այդ երգը նրա և Սոնյա Դիլանյանի սեփականությունն է. «Մենք ենք հոգացել երգի բոլոր ծախսերը, իսկ երբ Հայկը մեկնեց Գերմանիա, երգի հետ կապված հարցն այլ ընթացք ստացավ: Կարծում եմ՝ Մհերի և Արփիի կատարմամբ զուգերգն անհամեմատ ավելի լավ է ստացվել: Ժամանակին համագործակցել եմ Հայկի հետ, շատ եմ օգնել, այսօր նրա հետ կապ չի պահպանվել: Գերմանիա մեկնելուց հետո ոչ մի անգամ չի զանգահարել ինձ, ինչո՞ւ պետք է նախօրոք տեղյակ պահեի որոշմանս մասին... Այսօր պարզապես շնորհակալություն կհայտնեմ նրան, քանի որ իր բարձրացրած աղմուկի շնորհիվ «Տարոսը ձեզ»-ը լայն ճանաչում ձեռք բերեց»:

Միքայել Պողոսյան և Հայկո

Դերասան Միքայել Պողոսյանը լրագրողների հետ հանդիպմանը «Սուպեր մամա» ֆիլմի մասին այսպես էր արտահայտվել. «Ասացի՝ գնամ, էդ «Սուպեր մաման»-ն նայեմ, տեսնեմ՝ ֆենոմենն ինչի՞ մեջ է: 15 րոպեից ես փախա դահլիճից»: Փաստորեն, կինոկատակերգությունը դուր չի եկել Միքայել Պողոսյանին, ով, եթե հիշում եք, ժամանակին նկարահանվել էր «Հարսնացուն Ջերմուկից» ֆիլմում, որը 15 րոպե նայել հնարավոր չէր:

Հայկ Մարությանը, ով հանդիսանում է ֆիլմի գլխավոր դերակատարը և պրոդյուսերը, այսպես էր արձագանքել Միքայելի մեկնաբանությանը. ««Սուպեր մամա» ֆիլմը կինոթատրոններում դիտել է մոտ 220.000 մարդ, ինտերնետով և հեռուստատեսութամբ մեկ ամսվա ընթացքում այն դիտել է մոտ 3.000.000 մարդ: Մենք ստացել ենք 10.000-ից ավել էլեկտրոնային նամակներ, որտեղ մարդիկ իրենց շնորհակալությունն են հայտնում ֆիլմի ստեղծողներին: Հայկական կինոյի վերջին 25 տարիների պատմության մեջ սա բացարձակ ռեկորդ է:

Իհարկե, այս փաստերը մեր ոլորտի որոշ գործիչներին ուրախացնելու փոխարեն մեծ ցավ են պատճառել ): Այդ ցավն այնքան է տանջել, որ իրենցից մեկը չի դիմացել և փորձել է խիստ արհամարհական կերպով արտահայտվել «Սուպեր մամա» ֆիլմի մասին` չհասկանալով, որ նա կպնում է ոչ թե ֆիլմի ստեղծողներին, այլ վիրավորում է 3.000.000 -ից ավել մարդկանց, ում դուր է եկել այս ֆիլմը:

Այս կապակցությամբ կուզեի նշել, որ վերջին տարիներին շատ մտավորականներ փախչում են ոչ միայն դահլիճից, այլ նաև իրականությունից, և որ ամենացավալին է` փախչում են ժողովրդից և թողնում նրան միայնակ ամենածանր պահերին»:

Արմինկա և Ջուս

Այս երգչուհիներն այնքան մտերիմ էին, որ օրերից մի օր որոշում են դուետով հանդես գալ: Արդեն երկար ժամանակ է՝ Ջուսը և Արմինկան այլևս չեն շփվում իրար հետ, իսկ տարաձայնության պատճառը հետևյալն էր. նրանց կոլեգաներից մեկն Արմինկային պատմել է, թե այն ժամանակ, երբ Արմինկան Հայաստանից բացակայում էր, Ջուսն այսպես է արտահայտվել. «Եթե իմ գրած երգը չլիներ, Արմինկան աստղ չէր դառնա»:

Երբ Արմինկային հասել են այս լուրերը, նա խզել է հարաբերությունները վաղեմի ընկերուհու հետ՝ առանց պարզաբանում պահանջելու, միայն նշել է, որ այդ աղջիկն իր համար դատարկ է: Վրդովված Ջուսը նախկին ընկերուհուն տեղը դնելու համար ասել է. «Եթե Արմինկան գնահատեր մեր ընկերությունը, երբեք նման բաների չէր հավատա: Ես ահավոր վիրավորված եմ, ներել եմ նրան, բայց չեմ ուզում նրա հետ շփվել: Արմինկան ինձ ասել է՝ ինձնից հեռու մնա, իմ անունը մի շոշափի»: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել