Այսօր Ֆինանսների նախարարը շատ կարևոր խնդիր է բարձրացրել. խոսքը վարձակալությունների, այսինքն՝ վարձով տրվող տարածքների մասին է:
Տարիներ առաջ շատերը կոպեկներով սեփականաշնորհել են Երևանի լավագույն հատվածներում գտնվող տարածքները և այսօր բավականին թանկ գներով վարձակալության են հանձնում՝ աշխատելով հսկայական գումարներ: Սա այն դեպքն է, երբ տարածքի տերը, ոչինչ չանելով, մեծ վարձեր է ստանում աշխատատեղեր և հարկեր ստեղծող գործարարից, և ժամանակն է, որ պետությունը միջամտի՝ սահմանելով համապատասխան վարձաչափեր, որպեսզի բիզնեսը կարողանա շնչել:
Շատ հաճախ բարձր վարձերի պատճառով գործարարներն ուղղակի չեն կարողանում պահպանել սեփական բիզնեսը և ստիպված են լինում այն փակել, որի արդյունքում փակվում են նաև աշխատատեղեր: Սա է պատճառը, որ մենք Երևանի փողոցներում կարող ենք ամեն քայլին տեսնել «Վարձով է տրվում» ցուցանակը:
Եթե վարձերը լինեին տրամաբանական, գործարարները կվարձակալեն այդ տարածքները և կաշխատեն: Շատ դեպքերում այդ տարածքները վարձող գործարարները մի քանի անգամ ավելի քիչ գումար են աշխատում, քան ոչինչ չանող վարձակալները: Ի դեպ, ժամանակին շատերը կոպեկներով գնել են նաև հսկայական գործարանային տարածքներ, գործարաններ, կիսաավարտ շինություններ, իսկ այսօր նրանք, ովքեր ցանկանում են որևէ բիզնես ծավալել, տարածք չունեն, իսկ այդ տարածքներից շատերը դատարկ են և կիսաավեր:
Սա ևս հրատապ լուծում պահանջող խնդիր է, և չի կարելի այս խնդիրը հետաձգել:
Որպեսզի բիզնեսը և հատկապես միջին բիզնեսը զարգանա, պետությունը պետք է մրցակցային և հավասար դաշտ ապահովի գործարար աշխարհի համար:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել