Apple պրեզենտացիաԱյս թեմայում կանդրադառնամ պրեզենտացիաներին, բայց գրքային ոչ մի կանոն չեմ ներկայացնի, այլ պրակտիկ կվերլուծենք Apple-ի հայտնի պրեզենտացիաները: Ահա Apple-ի պրեզենտացիաներից մի հատված, թե ինչպիսին պետք է լինի իսկական պրեզենտացիան: Ինչպիսի վերաբերմունք էլ ունենաք այս ընկերության հանդեպ, միևնույնն է, պետք է խոստովանել, որ նրանք հիրավի կարողանում են ցնցող պրեզենտացիա կազմակերպել: Ահա այն 7 գաղտնիքները, թե ինչպես կարելի է պրեզենտացիա պատրաստել Apple-ի մեթոդով: Ավելացնեմ նաև, որ կլինեն բառեր, որոնք հայերեն չեն, ինձ կներեք, չեմ թաքցնում, իսկապես չկարողացա հայերեն թարգմանություն գտնել՝ օրինակ սլայդ բառի:

1. Մեկ սլայդ – մեկ գաղափար.

Երբեք չփորձեք բոլոր գաղափարները մեկ սլայդում ներկայացնել: Այս կանոնը հատկապես վերաբերվում է թվերին: Եթե մեկ սլայդի վրա մի քանի թիվ է, ապա այն դժվար է հիշվում: Օրինակ՝ եթե սլայդի վրա լինի այս գրառումը՝ «Ծրագիրը զարմանալի արդյունք է ցույց տվել, քանի որ արդեն գրանցել է շուրջ 6 մլն ներբեռնում: Աղմուկն այս ծրագրի շուրջ այնքան ցնցող էր, որ ներբեռնում էին յուրաքանչյուր 71 վայրկյանը մեկ»: Տիմ Կուկն այս պարագայում իր սլայդերից մեկում կտեղադրեր 6 մլն. թիվը, իսկ մյուսում՝ 71 վայրկյանը: Ահա ճիշտ մոտեցումը, երբ մարդիկ տեսնում են միայն թիվը, նրանք հաստատ հիշում են, այլ ոչ թե երկար տեքստեր ու «բլա-բլա»-ներ:

2. Վիզուալ ներկայացրեք վիճակագրությունը.

Պրեզենտացիայից առաջ Տիմ Կուկն ասել էր, որ App Store-ից օգտատերերը ներբեռնել են ավելի քան 50 մլրդ հավելված: Շատերը սլայդում կներկայացնեին 50 մլրդ ձևով, իսկ ահա Apple-ի դիզայներները լավ գիտեն վիզուալ ազդեցության մասին և ներկայացնում են 50.000.000.000: Այսպես հասարակության վրա ավելի մեծ տպավորություն է թողնվում, քան ասենք 50 մլրդը:

3. Երբեք պրեզենտացիան թվարկումներով մի արեք.

Չգիտեմ Apple-ում ինչպես են վերաբերվում այս կանոնին, բայց գոնե երկու – երեք կետն արդյունավետ է իմ կարծիքով: Դե չվիճենք Apple-ի հետ, միգուցե գիտեն, թե ինչ են խորհուրդ տալիս, ուրեմն ըստ նրանց՝ պետք է ահա այսպես թվարկումներ չլինեն։

Պատճառն այն է, որ մարդիկ միաժամանակ չեն հասցնում այդքան կետերը կարդան և լսեն պրեզենտացիա անողին:

4. Կիսվեք մյուսների հետ.

Շատ ղեկավարներ մտածում են, որ սկզբից մինչև վերջ միայն իրենք պետք է պրեզենտացիա անեն: Տիմ Կուկն անում է հակառակը, նա բեմ է հրավիրում տարբեր մասնագետների՝ դիզայներ, գործընկեր, ինժեներ և այլն: Այդ ընթացքում գոնե մի քանի ներկայացնողներ(սփիկեր) փոխվում են և արդեն այդքան էլ ձանձրալի չի լինում միայն մեկ մարդուն լսելը: Օրինակ՝ վերջին պրեզենտացիայի ժամանակ բացի Կուկից բեմում հայտնվել էր ևս 5 մարդ: Պրեզենտացիաները դիտարկեք որպես շոու, որտեղ անպայման պետք է լինի դեկոր՝ սլայդեր, ցուցադրություն և մի քանի դերասաններ:

5. Պահպանեք «10 րոպեի» կանոնը.

Պրեզենտացիաներից մեկի ժամանակ Կուկը բեմ հրավիրեց Anki-ի հիմնադիրներից մեկին՝ Բորիս Սոֆմանին, իր պրեզենտացիայի ուղիղ 10 –րդ րոպեին: Ինչու՞, որովհետև հետևվ ընդունված կանոններից մեկին: Այս կանոնի հիմնադիրը Վաշինգտոնի համալսարանի հետազոտող Դոն Մեդինն է, ով գտնում է, որ ինչքան էլ սփիկերը լավ խոսա, միևնույնն է լսողները նրանից 10 րոպե հետո ձանձրանում են: Դա նշանակում է, որ եթե շատ երկար եք խոսում, ապա մարդկանց համար արդեն անհետաքրքիր է ձեզ լսելը: Apple-ի բոլոր պրեզենտացիաներին գրեթե միշտ թեթև ընդմիջումներ են լինում, որպեսզի պահեն աուդիտորիայի ուշադրությունը: Տիմ Կուկը երբեք 10 րոպեից ավել չի խոսում: Նա իր պրեզենտացիան ընդհատում է վիդեոներով, կամ էլ այլ մարդկանց հրավիրելով: Այնպես որ կիրառեք այս սկզբունքը, քանի որ օրինակ հիշում եմ դիպլոմայինի պաշտպանության ժամանակ դիմացս համարյա քնում էին :) այնքան երկար էի խոսում: Այդ ժամանակ Apple-ի մասին երևի չգիտեի էլ:

6. Փորձեք ու պարապեք, անընդհատ փորձեք ու պարապեք.

20 րոպե պրեզենտացիա կազմակերպելու համար Apple-ից գնում է ավելի քան 250 ժամ: Այս ժամանակը ծախսվում է սյուժեի ստեղծման, դիզայնի, սլայդերի, պրեզենտացիայի կազմակերպման, տեքստերի և այլ նմանատիպ հարցերի վրա: Հավատացեք, որ նրանց սլայդերն կատարյալ են, քանի որ երբեք վերջին օրը չեն պատրաստվում, նրանց վրա ժամեր ու օրեր են ծախսվում:

7. Հարգանք ցուցաբերեք ձեր թիմի նկատմամբ.

Երբ պրեզենտացիան պատրաստ է լինում, ապա ցուցադրեք ձեր թիմի բոլոր անդամներին, նրանցից կարծիք հարցրեք: Կուկն իր պրեզենտացիաների ժամանակ միշտ շեշտում է, որ ամեն ինչ կախված է թիմից: Օրինակ՝ World Wide Developers Conference 2013-ի ժամանակ նա արտաբերեց. «Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնվել Apple-ի ամբողջ թիմին, ովքեր տքնաջան աշխատում են այսպիսի հրաշք ապրանքներ ստեղծելու համար: Ես աշխատում եմ աշխարհի ամենատաղանդավոր ու կրեատիվ մարդկանց հետ և իսկապես հաճույք է համագործակցել նմանների հետ»:

Հ.Գ. Հետևեք այս կանոններին, այն օգտագործում են ոլորտի առաջատարները:

Հեղինակ՝ Վահագն Դիլբարյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել