Երեկ ինձ համար զբոսնում էի քաղաքում, երբ ինձ մոտեցավ ինչ-որ աղջիկ ու հարցրեց, թե ինչպես կարող է Սայաթ Նովայից Մարաշ գնալ։ Բացատրեցի։ Զգում եմ, որ մի տեսակ հետաքրքիր չի իրան՝ ինչ եմ ասում, բայց մինչև վերջ բացատրեցի, մեկ էլ սա թե.
- Կներեք էլի, ուրիշ բան չմտածեք, բայց այնքան համոզիչ եք խոսում, չէիք ուզի՞ մեզ մոտ աշխատել։
- Ձեզ մոտ՝ որտե՞ղ։
- Օրիֆլեյմում, ես այնտեղ եմ աշխատում, այնքան լավ է։ Ուզո՞ւմ եք, եկեք մի տեղ նստենք, ես Ձեզ մանրամասն բացատրեմ, համոզված եմ, որ դա Ձեզ չի կարող չհետաքրքրել։
- Իզուր եք համոզված, ես վաղուց արդեն դուրս եմ եկել «պիռամիդաների» արդյունավետությանը հավատացողների ցուցակից...
Ու իրոք, սրանից մի քանի տարի առաջ ահագին նյարդ ու էներգիա պահանջվեց, որպեսզի հորաքրոջս հանենք նույն Օրիֆլեյմի ճիրաններից, որը բառիս բուն իմաստով տոտալիտար սեկտա է ու նույնիսկ ավելի վտանգավոր, քան Եհովայի վկաները, որովհետև եթե վերջիններն էնքան որ դուռդ են թակում ու գլուխդ են տանում, ապա այս մի աղանդի ներկայացուցիչները գենպատակ ունեն ինչ-որ մի բան խուրդելու Ձեզ վրա։


Ընդհանրապես, հիշեք, եթե լսում եք «Ցանցային մարքեթինգ» բառակապակցությունը՝ փախեք։ Փախեք որքան հնարավոր է արագ ու հեռու։ Անգամ եթե այդ մարքեթինգը կապված է բավականին լավ ճանաչված բրենդերի հետ։ Այդ թվում ու նույնիսկ կասեի ՀԱՏԿԱՊԵՍ՝ Օրիֆլեյմի։ Հիմա բացատրեմ, թե ինչ կառուցվածք ու աշխատանքային առանձնահատկություններ ունի այս բուրգը։
Հայաստանում բուրգի գագաթը Oriflame ընկերության ներկայացուցչությունն է, որը ներկրում է ապրանքը Հայաստան ու իր պիրամիդալ ցանցի միջոցով, ինչպես նաև ավելի ավանդական եղանակներով, զբաղվում է դրա դիստրիբյուցիայով։ Բնականաբար, բուրգի գագաթն ամենամոտն է ապրանքի ինքնարժեքին, ու այդ ինքնարժեքն այնքան ավելի ցածր է կատալոգներում ներկայացվող գներից, որ բուրգի անգամ միջին մակարդակում կարող են շոշափելի զեղչեր առաջարկել գնորդներին։ Էլ չխոսենք, որ հենց կատալոգներում պարբերաբար կտեսնեք անհավանական բարձր զեղչեր, երբ այս կամ այն ապրանքը վաճառվում է սկզբնական գնից մի քանի անգամ ավելի էժան գնով։ Սա այն պատճառով է, որ կատալոգում գրված գները ոչ թե ինքնարժեք+ողջամիտ մարժան է, այլ այն հաշվարկային գները, որոնցով ապրանքն իրացնում են բուրգի ամենաստորին օղակները։
Ու հենց այստեղ էլ թաղված է շան գլուխը։ Իրականում ցանցային մարկետինգում ու առհասարակ պիրամիդաներում եկամուտը գոյանում է առաջին հերթին այդ բուրգի ստորին օղակների հաշվին, այլ ոչ թե բուրգից դուրս գտնվող մարդկանց։ Սխեման աշխատում է այսպես. մարդկանց տարբեր խորամանկություններով ներգրավում են բուրգի մեջ՝ համոզելով, որ իրենց աստղաբաշխական եկամուտներ են սպասվում, պարզապես պետք է լավ վաճառքներ ցույց տալ ու նոր մարդկանց ներգրավել։ 

Միամիտները տաքանում են այս գաղափարով ու սկսում են իրենց շրջապատներին տեռորի ենթարկել ու, որպես կանոն, սկզբում քչից-շատից կարողանում են վաճառք ցույց տալ, որովհետև ծանոթներն ու մտերիմներն այդքան հակված չեն լինում մերժելու միանգամից։ Սրանից ոգևորված՝ այս միամիտները չեն էլ նկատում, թե ինչպես են ծուղակի ու կաբալլայի մեջ հայտնվում։
Բուրգի գագաթն իր կողմից է անում հնարավորինը, որպեսզի բուրգի հիմքի համար ապրանքների իրացումը դառնա թիվ մեկ գերնպատակ ու միևնույն ժամանակ փորձում է խրախուսել նրանց ամբիցիաները։ Օրինակ՝ գիտեի՞ք, որ Oriflame ընկերությունն «աշխատավարձերն» իր ապրանքներով է տալիս, ու այսպիսով ստորին օղակը, որպեսզի գոնե իր ընթացիկ ծախսերը կարողանա հոգալ ու իրական եկամուտ ունենալ, օրուգիշեր պետք է զբաղվի Oriflame-ի ապրանքների իրացմամբ։


Որպեսզի ադեպտները չհիասթափվեն, Oriflame-ը պարբերաբար ինչ-որ թրեյնինգներ է կազմակերպում, որոնք բառիս բուն իմաստով կրոնական կուլտի հավաքներ են հիշեցնում. հավաքվում է մի աշխարհ մարդ, ինչ-որ փորձագետներ են բլբլում ոչնչից ու ամեն ինչից, պատմում են միլիոնատեր դարձած ու 0-ից աճած մենեջերների մասին, ովքեր հավաքվածների պես սկսել են ամենաներքևից, վերջում էլ իրար ծափ են տալիս ու գնում են։
Ասեմ ավելին, Oriflame-ի խիստ հիերարխիայում կան երկու կատեգորիաներ՝ որսորդներ ու կթու կովեր։ Որսորդները զբաղվում են ռեկրուտությամբ ու ցանցում ներգրավված անդամների գլուխը հարթուկելով և, իհարկե, ապրանք իրացնելով, դե իսկ կթու կովերը հիմնականում զբաղվում են իրենց որսորդներին հարստացնելով և եկամտով ապահովելով։ Երկու կատեգորիաներն էլ անհրաժեշտ են ցանցի գոյության համար, պարզապես նրբությունը նրանում է, որ ցանցում ներգրավված ստորին օղակի ճնշող մեծամասնությունը հենց կթու կով լինելու համար է ներգրավված, և որքան էլ նրանց համոզեն, որ մի օր բոլորն էլ կարող են որսորդ դառնալ, դա իհարկե այդպես չի լինելու։ Ինչպես նույն աղանդներում, հովիվ-ուսուցիչ կարող է դառնալ 100-ից կամ էլ հազարից մեկը և փայ ունենալ հավաքվող տասնորդներից, այնպես էլ այստեղ լուրջ եկամուտներ ունենում են միայն հատուկենտները, իսկ մնացածը լավագույն դեպքում 0-ական կամ էլ չնչին բալանսով են եզրափակում ամիսը։
Ի դեպ, Oriflame-ն էքսպլուատացիայի հարցում իսկական վարպետ է։ Եթե ինչ-որ անդամ գանգատվում է, որ չի կարողանում ապրանք յուրացնել, նրան շատ չեն ճնշում ու այլ ուղղությունների վրա են նետում՝ գովազդ, բուկլետների բաժանում, փողոցներում ապրանքի յուրացում, ծանոթների վեռբովկա և այլն։ Այնպես որ, մեխանիզմն անդադար շարժման մեջ է ու անում է հնարավորը՝ նոր զոհերին իրենց աղանդի մեջ ներգրավելու համար և հներին չկորցնելու։
Հաջորդիվ կներկայացնեմ նաև այլ հետաքրքիր մանրամասներ՝ կապված ընկերության ապրանքների և գնագոյացման հետ, որոնք ես կարողացել էի պարզել դեռ այն ժամանակ, երբ այս սեկտայի ճիրաններից բարեկամուհուս էինք փորձում հանել, բայց առայժմ՝ այսքանը։
Զգուշացեք աղանդներից, այդ թվում նաև նրանցից, որոնք հոգու փրկության փոխարեն ընտիր-հալալ-զուլալ կրեմներ ու կոսմետիկ միջոցներ են առաջարկում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել