Մեր երկրում ցանկացած աղանդավորական կազմակերպության նպատակն առաջին հերթին երկրի մասին ինֆորմացիա հավաքելն է: Շմավոն քահանա Ղեւոնդյանը կրկին հիշեցնում է, որ Հայաստանի մասին ինֆորմացիան կրոնական այդ կազմակերպությունները հանում են Հայաստանից դուրս. «Այստեղ նրանց հայտնվելը պատահականություն չէ, ի վերջո չմոռանանք, թե ովքեր են մեր թշնամիները»:
Աղանդավորական կազմակերպությունները, ըստ քահանայի, ֆինանսավորվում են Արեւմուտքից: Սակայն նրանք չեն բավարարվում միայն մայրաքաղաքում ծավալվելով, կան նաեւ մարզերում, սահմանամերձ գյուղերում ու նպատակ են դրել քայքայելու հայկական ընտանիքներն ու պետականությունը:
Կան կրոնական կազմակերպություններ, որոնք, թեեւ գրանցվում են օրենքի սահմաններում, սակայն գործում են օրենքի սահմաններից դուրս եւ ապօրինի քայլերի դեպքում էլ մնում անպատժելի: Տարիներ շարունակ ասվում է, որ պատկան մարմինները պետք է զբաղվեն այս խնդրով, սակայն ոչինչ էլ չի արվում:
Տեր Շմավոնը նշում է, որ որեւիցե աղանդ չունի հայկական ծագում, դրանք ծագել են Հայաստանից դուրս, ապա ներմուծվել այստեղ: Դրանցից մեկն էլ վերջերս հայտնաբերված «Կենդանի հավատք, ընտանեկան եկեղեցի» աղանդն է, որի մասին պատահականորեն Facebook սոցիալական ցանցում իմացել է «Միացյալ երիտասարդական լիգայի» համանախագահ Սեւակ Հովհաննիսյանը, որին մի լրագրող սոցցանցով տեղեկացրել է, թե ինչպես են իր ընկերոջից «Կենդանի հավատք, ընտանեկան եկեղեցի» կոչվող աղանդի անդամները գումար կորզել իբր բուժելու նպատակով, սակայն ոչ մի օգուտ չեն տվել: Ապա, հետաքրքրվելով աղանդի մասին, Սեւակ Հովհաննիսյանը գտել է նրանց տեսահոլովակները, որոնք, ըստ նրա, ուղղակի սարսափելի են:
«Կենդանի հավատք, ընտանեկան եկեղեցի» աղանդը Հայաստանում սկսել է գործել 2011 թվականից, ղեկավարը ոմն Արամ Ասատրյանն է: Հետեւորդները այս աղանդի, ինչպես եւ շատ աղանդների, զբաղվում են հոգեորսությամբ, կազմակերպում գաղտնի համերգներ ու հանդիպումներ, ընդհանրապես աղանդների մեջ նորություն չէ, երբ հայտնի երգիչ-երգչուհիների միջոցով են իրենց շուրջը հավաքում մարդկանց, մասնավորապես երիտասարդությանը, որոնք աղանդների հիմնական թիրախն են:
«Ընտանեկան եկեղեցի» իրենց կոչող աղանդավորները հիմնականում հավաքվում են Երկաթուղայինների պալատում ու մշակութային այլ տներում, ունեն շուրջ 300-400 անդամ եւ ֆինանսավորվում են Միացյալ Նահանգներից: Իրենց տեսահոլովակներում, որոնցից որոշները Սեւակ Հովհաննիսյանը խոստացավ տարածել շուտով, ծաղրում են մեր նախնիներին: Այս աղանդի անդամները մարդկանցից վերցնում են գումար ու խոստանում, թե բուժելու են նրանց, բայց իրականում զբաղվում են դրամաշորթությամբ:
Դժբախտաբար, Հայաստանում ավելանում է ոչ միայն աղանդավորների թիվը, այլեւ աղանդների, որոնց մեծամասնության անդամներն իրենց համարում են Ավետարանչական եկեղեցու հետեւորդներ: Իսկ աղանդների միջեւ մրցակցություն, ըստ էության, չի գնում, քանի որ նրանք բոլորն էլ ծառայում են մեր թշնամիներին:
Նրանց դեմ հայաստանյաց առաքելական եկեղեցին պայքար մղում է, սակայն մեզնից յուրաքանչյուրն էլ, ով մկրտված է ու հետեւորդն է Հայ առաքելական եկեղեցու, իրեն պետք է համարի եկեղեցու մի մասն ու ինքն էլ իր հերթին, իր մասով պայքարի նրանց դեմ եւ առաջին հերթին, ըստ քահանայի, չգնա աղանդավորների հետեւից:
Շարունակելով խոսել աղանդների դեմ պայքարելուց ու դրանում քահանաների դերից` տեր Շմավոնը երեկվա ասուլիսի ժամանակ ընդգծեց, որ եկեղեցու քահանաների թիվը հիմա պահանջվածից քիչ է, ի վերջո քահանա պատրաստելն էլ հեշտ գործ չէ: Օրինակ` Երեւանում, որտեղ շուրջ մեկ միլիոն բնակչություն է հավաքված, բնակիչներին ծառայում է ընդամենը 30 հոգեւորական: «Բայց Երեւանում պետք է լինեին գոնե 300 ամուսնացյալ հոգեւորականներ, որոնք հաղորդակցման մեջ կմտնեին բնակիչների, նրանց ընտանիքների հետ»,-ավելացնում է քահանան: Եվ բավարար թվով հոգեւոր սպասավորներից բացի` հարկավոր է նաեւ աղանդերի ապօրինությունը, վնասները կանխող, իսկ վնասի դեպքում էլ՝ պատժող օրենսդրություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել