Ո՞վ կամ ովքե՞ր էին ցանկանում սպանել Սյունիքի մարզպետին։
   
Ասել, որ երեկ աշխուժորեն քննարկվում էր Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վրա մայիսի 20-ի երեկոյան կատարված մահափորձը, որի հետևանքով ոչ ոք չի տուժել, կնշանակի գրեթե ոչինչ չասել: Երբեմն անգամ այնպիսի տպավորություն էր, թե սոցցանցերում, քաղաքական միջանցքներում, տրանսպորտում, բակային «ակումբներում», մի խոսքով՝ շուրջբոլորը, մարդկանց մեծ մասը հենց միայն այդ մահափորձից էլ խոսում է: 
Հիշեցնենք, որ ըստ տարածված տեղեկատվության՝ մայիսի 20-ին՝ ժամը 18:15-ի սահմաններում, Կապան-Գորիս ավտոճանապարհի 30-րդ կիլոմետրի հատվածում հրազենային կրակահերթեր են արձակվել «Լեքսուս LX 570» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, որի մեջ այդ պահին գտնվել են Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, նրա վարորդն ու օգնականը: Ոչ ոք չի տուժել:
Հասկանալի է, որ հարուցված է քրեական գործ: Նույնքան հասկանալի է, որ ինտենսիվ քննություն է իրականացվում: Մասնավորապես երեկ արդեն հարցաքննվում էին Գորիսի տարբեր բնակիչներ, ովքեր ենթադրաբար կարող էին շահագրգռված լինել Սյունիքի մարզպետի սպանության մեջ կամ միգուցե ինչ-որ տեղեկության տիրապետել այդ հանցագործության մասին:
Իրավապահները նաև ուշադրություն էին դարձրել ինչպես Բուդաղյանների, այնպես էլ վերջին միջադեպից տուժած Զաքարյանների հետ մտերիմ հարաբերություններ ունեցող Գորիսի «Գամմա» ընկերության տնօրեն Տիգրան Կարապետյանի վրա: 
Պարզից էլ պարզ է, որ նրա հանդեպ ուշադրության պատճառը Զաքարյան եղբայրների հետ կատարվածից հետո Տ.Կարապետյանի արած հայտարարությունն էր, մարզպետ Խաչատրյանին ուղղված հորդորը, որ նա խելքը գլուխը հավաքի, այլապես պատժվելու է:
Չնայած այս վարկածի շուրջ առկա տեղեկատվական հոսքին, այն ամեն դեպքում քիչ հավանական է թվում: Համենայն դեպս Տ.Կարապետյանը երեկ ընդամենը հարցաքննվել է թերևս շատերի նման ու նմանապես շատերի նման վերադարձել իր գործերին: Ավելին՝ նա հարցաքննությունից հետո զրուցել է նաև իրեն զանգահարած լրագրողների հետ: 
Մյուս երևույթը, որ միանգամից աչքի է զարնում Սուրիկ Խաչատրյանի դեմ կատարված այս մահափորձի հետ կապված, այն է, որ շատ ու շատ մարդիկ անթաքույց, այսպես ասենք՝ բացեիբաց ափսոսանք էին հայտնում առ այն, որ կրակոցները նրան չեն դիպել: Դուր է գալիս դա որևէ մեկին, թե՝ ոչ, փաստը մնում է փաստ: 
Խնդիրն այն է, որ ըստ լուրերի, հրապարակումների՝ մեծ թվով մարդիկ կարող էին ցանկանալ հաշվեհարդար տեսնել Ս.Խաչատրյանի հետ՝ վերջինիս ու նրա ազգականների կողմից իրենց կամ իրենց մերձավորների նկատմամբ ամենատարբեր ոտնձգությունների, անախորժությունների հետ կապված: 
Նույնքան ընդգծված մյուս դրսևորումն էլ այն է, որ էլի շատ-շատերը կասկածում են, որ իրականում հարձակում է կատարվել Սյունիքի մարզպետի վրա: Համենայն դեպս երեկ ամենատարբեր շրջանակների ներկայացուցիչների հրապարակային անդրադարձերում առավել հաճախ շոշափվում էր հենց այն վարկածը, որ տեղի ունեցածը, այսպես ասած, «բեմականացում» է: Ինչո՞ւ են շատ մարդիկ այդպես կարծում, և ի՞նչ է կատարվել իրականում: 
Եթե հիմնվենք Սյունիքի մարզպետի օգնական, այդ պահին ավտոմեքենայի մեջ գտնված Զարզանդ Նիկողոսյանի՝ yerkir.am կայքին պատմածի վրա, ապա ստացվում է, որ հնարավոր հանցագործները մի քանի ամիս պատրաստվել են, ճանապարհն են ուսումնասիրել, հատուկ այնպիսի տեղ են ընտրել, որ շրջադարձ է, ու մեքենայի ընթացքը պետք է դանդաղի (որ հարմար լինի թիրախային կրակ բացել), սպասել են, որ ամառը մոտենա, ծառերի սաղարթը փարթամ լինի, որ հեշտ թաքնվեն և այլն, և այլն: 
Ու հենց նման հայտարարությունների հետ կապված էլ ծագում են տրամաբանական հարցեր: Այսինքն՝ եթե դա երկար ժամանակ ծրագրված, մանրամասն նշված հարձակում էր, ապա, նախ, ի՞նչն էր խանգարում հնարավոր հարձակվողին կամ հարձակվողներին, որ ոչ թե սոսկ շրջադարձի վրա հարձակվելու վայր ընտրեր, այլև «դասական» դարան նախապատրաստեր, ասենք, այնպիսի մի «թեթև» խոչընդոտ, որից ոչ թե մեքենայի ընթացքը դանդաղի, այլ այն ընդհանրապես կանգ առնի: Ի վերջո, անշարժ թիրախի վրա շատ ավելի հարմար է կրակել, քան շարժվողի: 
Երկրորդ՝ եթե հարձակվողը կամ հարձակվողներն իսկապես ցանկանում էին վերացնել Սյունիքի մարզպետին ու վճռական էին տրամադրված և համապատասխանորեն զինված, ապա կարծես պայթուցիկի խնդիր էլ չպիտի ունենային, կարող էին ուղղակի ահաբեկչական գործողություն իրականացնել պայթուցիկի կիրառման միջոցով: Ի վերջո, նրանք կարող էին չկասկածել, որ մարզպետը և իր օգնականը կարող են զինված լինել ու հնարավորության դեպքում պատասխան կրակ բացել: 
Սակայն սրանք հարցերի դեռ մի մասն են միայն: Մի այլ խումբ հարցեր են ծագում, երբ դիտում ես Սյունիքի մարզպետի «գնդակահարված» մեքենայի լուսանկարները, որ տարածվեցին դեպքից որոշ ժամանակ անց և երեկ: 
Նախ, հակառակ շրջանառվող կարծիքների, համարձակվում եմ ասել, որ հրազեն գործածողն (կամ գործածողները) իսկապես լավ, անգամ վարժ կրակող է եղել: Փաստերն այդ են հուշում. տեսեք՝ 2 գնդակ արձակվել է այն ուղղությամբ, որտեղ ընթացքի պահին պետք է գտնվի վարորդի կրծքավանդակն ու մարմնի՝ կրծքավանդակից վեր հատվածը: Ըստ որում՝ կրակոցներից մեկը հստակ խոցող է, այսինքն՝ կարող էր ծանր վնասվածք պատճառել մեքենայի ղեկին գտնվող անձին: 
Եվս 2 կրակոց վարորդի կողքի ուղևորի ուղղությամբ, կրակոցներից մեկն էլի խոցող է, այսինքն՝ եթե առաջին նստատեղին ուղևոր լիներ, ամենայն հավանականությամբ կխոցվեր: 
Ըստ որում՝ ոչ թե պարզապես կրակել են մարզպետի ավտոմեքենայի ուղղությամբ, այլ ավելի ճիշտ է ասել՝ գնդակոծել են այդ մեքենան: Ընդհանուր արձակվել է ավելի քան 20-23 գնդակ, ենթադրաբար՝ «Կալաշնիկով» մոդիֆիկացիայի ինքնաձիգից, այսինքն՝ գրեթե 1 պահունակ կամ դրա մեծ մասը: 
Ավելին՝ գնդակների մի մասը, ըստ էության, ծակել-անցել է դիմային և կողային հողմապակիների միջով: Նշեցինք, որ մեքենայի մեջ գտնվել է 3 անձ, և ընդգծենք՝ նրանցից ոչ մեկը բացարձակապես չի տուժել, անգամ քերծվածք չի ստացել:  
Ինչպե՞ս է դա հնարավոր: 
Ի վերջո, ցանկացած փորձագետ կասի, որ ոչ զրահապատ, այսինքն՝ «սովորական» մեքենայի թիթեղն ու ապակիներն այնքան էլ հուսալի պաշտպանություն չեն ապահովում: Կյանքն, այնուամենայնիվ, հոլիվուդյան կինոնկար չէ:  
Վարորդի և ուղևորների անվնաս մնալը կարող է մի քանի ենթադրական բացատրություն ունենալ.
ա) բոլոր երեքն էլ ուժեղ ռեակցիա ունեն և վայրկենապես կողմնորոշվել են ու պատսպարվել մեքենայի սրահի ստորին մասում և այդպիսով խուսափել մահաբեր գնդակներից: Ըստ որում՝ վարորդն էլ կասկադյորի նման ճարպիկ է, քանի որ նման դիրքից կարողացել է անսխալ վարել մեքենան ու այն հեռացնել հարձակման տարածքից,
բ) բոլոր երեքի բախտն էլ մի աներևակայելի ձևով բերել է,
գ) կրակոցներն արձակելու պահին ավտոմեքենայի մեջ, հնարավոր է, ոչ մեկն էլ չի եղել, հետևաբար ոչ ոք չէր կարող վնասվել:
Թե որ վարկածն է իրական, հուսանք՝ կկարողանան պարզել պրոֆեսիոնալները, այսինքն՝ քննիչներն ու փորձագետները, և իրականությունը հանրությանն անհայտ չի մնա: 
Իսկ հարցը, որ եթե, ենթադրենք՝ կատարվածը կեղծ մահափորձ է, ապա Սյունիքի մարզպետի ինչի՞ն էր դա պետք, կարող է նույնպես պատասխանի մի քանի տարբերակ ունենալ:
Մասնավորապես, նախ, տեղի ունեցածը կարող է հանրության ուշադրությունը շեղել Զաքարյան եղբայրների վրա կատարված հարձակումից, որի հետևանքով նրանցից մեկը զրկվել է աչքից, և որի հետ կապված շոշափվում է մարզպետի որդու անունը: Մեկ այլ տարբերակ է, ասենք, այն, որ կատարվածը հարմար առիթ է՝ թշնամիներից ազատվելու հնարավորություն ստանալու համար: Կամ, օրինակ, տեսնել, թե ովքեր կուրախանան կատարվածից և ցուցակագրել» նրանց: 
Ի դեպ, ժամանակին՝ 1998-ի հունվարին, կեղծ մահափորձի աղմկահարույց մի նման պատմություն եղավ: Հիշեցնենք. Արշալույս գյուղի մոտ «գնդակահարվել» էր այն ժամանակվա նախագահ Լ.Տեր-Պետրոսյանի թիկնազորի պետ Ռ.Ղազարյանի ավտոմեքենան: Սակայն հետո պարզվեց ու հայտարարվեց, որ իրականում դա հարձակման «բեմադրություն» է եղել: 
Տեսնենք, թե ինչ կպարզվի այս դեպքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել