Աշխարհը միշտ չէ, որ քաղաքակիրթ է եղել, իսկ այն քաղաքակիրթ դարձնող ժողովուրդներն էլ միշտ չէ, որ մարդասիրության մեծ բեռ են վերցրել իրենց վրա։ Սրա մասին լավ պատկերացում կարելի է կազմել՝ ծանոթանալով այն խաղերին, որոնք ժամանակին բավականին տարածված են եղել տարբեր մշակույթներում՝ հանդիսանալով կա՛մ որպես ապագա ռազմիկների ուսուցման ծրագրի մաս, կա՛մ ամբոխին «հաճելի» ժամանց պարգևելու ձև։ Ձեզ ենք ներկայացնում մարդկության պատմության 10 ամենավտանգավոր, ամենադաժան ու արյունալի խաղերը։

10. Էնսյերրո

Արդեն մի քանի դար է, ինչ Իպանիայում ու հատկապես երկրի գյուղական վայրերում տարածված այս խաղը, որի իմաստն այն է, որ մարդիկ պետք է փախչեն ու խույս տան ազատ արձակված ցլերից, կովերից ու հորթերից, հանդիսանում է ամենասիրվածներից մեկը։ Հատկապես հայտնի է Պամպլոնա քաղաքում ամեն տարի անցկացվող Սան Ֆերմին տոնը, որի ժամանակ հազարավոր իսպանացիներ ու զբոսաշրջիկներ են ժամանում քաղաք, որպեսզի մասնակցեն Էնսյերրոյին, ու առ այսօր այս դաժան խաղի արդյունքում տասնյակ մարդիկ են տուժում, և գրեթե ամեն տարի զոհեր են լինում։

9. Անվակառքերի մրցավազք

Ոմանց համար սա գուցե զարմանալի թվա, բայց հին Օլիմպիական խաղերի ամենասիրված մրցաձևերից մեկը՝ անվակառքերի մրցաշարը, նաև ամենավտանգավորներից մեկն էր։ 44 անվակառքեր, որոնց 4-ական ձիեր էին լծված, պետք է 24 անգամ պտույտ տային, ու ամենավտանգավորը նրանում էր, որ բացի նրանից, որ չկար այնպիսի հասկացողություն, ինչպիսին վազքուղին էր, նաև շրջադարձերին կառապանները պետք է գրեթե 180 աստիճանով շրջեին իրենց անվակառքերը։ Այնպես որ, հսկայական արագությամբ բախումներն ու կառավարման կորուստը սովորական երևույթներ էին այս մրցավազքերի ժամանակ։ Պինդարեսը գրում է, որ այսպիս մրցավազքերից մեկի ժամանակ 44 անվակառքերից 43-ը ջարդուխուրդ եղան, և հաղթեց միակ ողջ մնացած մասնակիցը։

8. Calcio Storico

Жестокие Виды Спорта в Древности

Ֆուտբոլի երկրպագուներն այսօր չեն էլ կարող պատկերացնել, որ իրենց սիրելի խաղի ժամանակ զանգվածային ծեծկռտուք լինի խաղի ողջ ընթացքում։ Մինչդեռ Ֆլորենցիայում 16-րդ դարում խիստ տարածված այս խաղը ենթադրում էր, որ 27-ական մասնակցից բաղկացած երկու թիմ պետք է փորձեին գոլ խփել։ Տարբերությունը ժամանակակից ֆուտբոլից կայանում էր նրանում, որ ցանկացած խաղացող կարող էր բացի դրիբլինգից կիրառել բռնցքամարտի ու խառը մարտարվեստների հնարքներ, ու, օրինակ, հարձակվողը կարող էր անպատիժ օպերկոտ հասցնել իրեն խանգարել փորձող հակառակորդ թիմի պաշտպանին։

7. Կորրիդա

Իսպանա-պորտուգալական մեկ այլ դաժան խաղ, որը հայտնի է նաև որպես ցլամարտ։ Խաղի իմաստը նրանում է, որ ցլամարտիկը՝ տորերոն, կարմիր կտորով գազազեցնում է ցլին և, խույս տալով դրա հարձակումներից, միաժամանակ տեգեր է մխրճում կատաղած կենդանու մարմնի մեջ, իսկ երբ կենդանին արդեն արնաքամ ու թուլացած է լինում, վերջակետ է դնում՝ սպանելով նրան։ Կորրիդայի այլ տեսակներ էլ կան, որի ժամանակ կենդանուն չեն սպանում, կամ էլ ցլի դեմ մարտնչում է հեծյալ պիկադորը։ Ամեն դեպքում սա շատ դաժան ու արյունալի սպորտ է, ու քիչ չեն դեպքերը, երբ մատադորները զոհվում են՝ պոզահարվելով կամ էլ ընկնելով կատաղած ցլերի ոտքերի տակ։ Հայտնի է, որ ամեն տարի շուրջ 5000 կորրիդա է անցկացվում, որոնց ժամանակ սպանվում է շուրջ 30000 ցուլ, դե իսկ մարդկային զոհերի առումով տվյալները միայն պաշտոնական կորրիդաներից են և վկայում են այն մասին, որ 19-20-րդ դարերում անցկացված կորրիդաների ընթացքում զոհվել են 63 ցլամարտիկներ ու ևս 350 հոգի կորրիդաներին մասնակցող անձնակազմից։

6. Հռոմեական բռնցքամարտ

Հռոմեական բռնցքամարտն իր դաժանությամբ քիչ էր զիջում գլադիատորների մենամարտերին, քանի որ այս մարզաձևում բռնցքամարտիկները մարտնչում էին երկաթյա կոճակներով պատված կաշվե ձեռնոցներով։ Դա հավասարազոր է, որ այսօր բռնցքամարտիկները կռվեին կաստետներով, այլ ոչ թե կաշվե փափուկ ձեռնոցներով, որոնք մեղմում են դեմքին ու իրանին հասցվող առանց այն էլ վտանգավոր հարվածները։ Արդյունքում նույնիսկ հաջողակ հռոմեական բռնցքամարտիկները կարիերայի վերջում առնվազն հաշմանդամություն էին ունենում և բազմաթիվ կոտրվածքներ, իսկ մրցամարտերում մահացու ելքը սովորական բան էր, էլ չխոսենք ծանրագույն վնասվածքների մասին։

5. «Վերցրու պանիրը»

Զարմանալի կլիներ, եթե մարդկության պատմության ամենառազմականացված ու խիստ հասարակություններից մեկը՝ հին Սպարտան, ներկայացված չլիներ այս ցուցակում։ Ինչպես գիտեք, Սպարտայում շատ դաժան ու խիստ դաստիարակության համակարգ կար, հատկապես սպարտացի տղաների ու պատանիների համար։ Դրանից զատ, Սպարտայում ամեն տարի անց էր կացվում հատուկ մրցախաղ պատանի սպարտացիների համար, ովքեր Արտեմիսի տաճարում բաժանվում էին երկու թիմերի, որոնցիից մեկը պետք է փորձեր գողանալ պատվանդանի վրա դրված պանիրը, իսկ մյուսը, որը զինված էր մտրակներով, պետք է ամեն գնով թույլ չտար, որպեսզի նրանք անեն դա։ Արդյունքում քիչ չէին լինում դեպքերը, երբ բացի մարմնական վնասվածքներից ու մտրակների արյունոտ հետքերից՝ սպարտացի պատանիները ստանում էին կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ ու մահանում էին հենց խաղի ժամանակ։

4. Պանկրատիոն

Եթե անտիկ այլ մարտական սպորտաձևերը դաժան էին ու վտանգավոր, ապա օլիմպիական պանկրատիոնն, անկասկած, ամենավտանգավորն էր ու հանգիստ կարող էր կոչվել մահացու մենամարտ։ Շատ արագ այն վերածվեց անտիկ Օլիմպիական խաղերի ամենապոպուլյար մարզաձևի, քանի որ ի տարբերություն բռնցքամարտի ու ըմբշամարտի՝ այստեղ ընդամենը երկու կանոն էր գործում՝ չկծել ու աչքերը չհանել։ Մնացած ամեն ինչում մարզիկներն ազատ էին. մարտնչիր՝ ինչ ոճով կցանկանաս և ինչպես կցանկանաս, ուզում ես՝ խփիր, ուզում ես՝ խեղդիր, ուզում ես՝ վերջույթները կոտրիր։ Կարևորը հաղթանակն էր ու երկու կանոնների պահպանումը, իսկ թե ողջ կմնա մրցակիցը, թե պարզապես վնասվածքներ կստանա՝ երկրորդական նշանակություն ուներ։

3. Կաշիների ձգում

Վիկինգները, ովքեր թերևս միայն սպարտացիներին կարող էին զիջել իրենց ռազմականացվածությամբ ու բրուտալությամբ, ևս իրենց դաժան խաղն ունեին, որը կոչվում էր «Կաշիների ձգում»։ Խաղի կանոնները հետևյալում էին. մրցակցող երկու թիմերը մտնում էին այրվող փոսի մեջ ու սկսում կաշվե թոկ ձգել, ինչպես հիմա ձգում են պարանները նույնանման խաղի ժամանակ։ Հաղթող թիմն իրավունք էր ստանում ասպատակելու ու թալանելու պարտվողների բնակավայրերը և բռնաբարելու նրանց կանանց, իսկ պարտվողներին կա՛մ վախկոտ էին հռչակում և ազատ բաց թողնում, կա՛մ էլ թողնում էին փոսի մեջ, որպեսզի նրանք այրվեն այնտեղ։

2. Գլադիատորների մարտեր

Անտիկ աշխարհի ամենադաժան ու արյունալի խաղերն, անկասկած, գլադիատորական մենամարտերն էին, որոնք հռոմեական հասարակության սիրելի «սպորտաձևն» էին։ Այսպես ասած դասական գլադիատորական մենամարտում 2 և ավելի գլադիատորներ կենաց-մահու մենամարտեր էին մղում միմյանց դեմ, սակայն, ըստ նախնական պայմանավորվածության, մարտը կարող էր լինել մինչև մահ կամ մինչև առաջին արյունը։ Նաև գլադիատորական մենամարտի ավարտին հրավիրյալ բարձրաստիճան հռոմեացի պատրիկները կարող էին որոշել պարտվողի ճակատագիրը և, բութ մատը վերև կամ էլ ներքև հանելով, համապատասխանաբար կյանք պարգևեին կամ էլ մահվան դատապարտեին պարտվածին։ Սակայն լինում էր նաև այնպես, որ մենամարտերն ավարտվում էին ոչ ոքի։

Գլադիատորական մենամարտերի մեկ այլ՝ ավելի դաժան տեսակ էլ կար, որը կոչվում էր վենացիո։ Դրա ժամանակ գլադիատորները մարտնչում էին վայրի գազանների հետ, ու սա այնքան սիրված էր, որ, օրինակ, Հռոմի Կոլիզեումի բացման օրը 9000 տարբեր վայրի կենդանիներ էին արենա արձակվել։ Չկան որևէ թվային ճգրիտ տվյալներ, թե որքան մարդ է զոհվել գլադիատորական արենաներում, բայց այդ թիվը հազարներ ու տասնյակ հազարներ էր կազմում, քանի որ, ինչպես նշվեց, սա հռոմեացիների ամենասիրած զվարճանքն էր։

1. Նավմախիա

19619_973246539386851_1374036899107017260_n

 

Թեև նավմախիան, ըստ էության, գլադիատորական մարտերի տարատեսակ էր, սակայն մասնակիցների մահացության խիստ բարձր ցուցանիշն ու բացառիկ ինքնատիությունը հաշվի առնելով, ինչպես նաև ու իր ժամանակի համար տեխնոլոգիական հեղափոխություն հանդիսանալու համար, այն կարելի է առանձնացնել որպես ամենադաժան խաղը պատմության մեջ։

Նավմախիան ծովամարտի նմանակում էր, որը կազմակերպվում էր Կոլիզեումում։ Արենան փակվում էր և ջրով էր լցվում՝ դառնալով արհեստական լիճ, ու գլադիատորները մինի ծովամարտեր էին վարում միմյանց դեմ։ Սովորական գլադիատորական մենամարտերի ժամանակ վիրավորները փրկվելու ավելի մեծ շանսեր ունեին, քանի որ կարող էին մնալ ավազի վրա, մինչև խմբակային մարտն ավարտվեր, իսկ այստեղ շատ գլադիատորներ մահանում էին, եթե վիրավորվելով ջուրն էին ընկնում։ Բացի դրանից, նավերի վրա մարտերն ավելի արյունահեղ էին լինում ու անողոք, ինչի արդյունքում ամեն մի այսպիսի «ծովամարտից» հետո մի քանի տասնյակից մինչև մի քանի հարյուր գլադիատոր կարող էր զոհվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել