- Բարև´:
- Բարև´, դու ո՞վ ես:
- Ե՞ս, ես Խիղճն եմ:
- Խի՞ղճը: Իսկ ինչո՞ւ ես այդքան կեղտոտ:
-Որովհետև ես քո Խիղճն եմ: Եկել եմ մաքրվելու…
- Ի՞նձ մոտ, մի՞թե հնարավոր է:
- Չգիտեմ, փորձի´ր…

* * *
Գարունը շնչում է ուղիղ թիկունքին, տաքացնում…
Կարծես մի տաք ափ շոյում է բետոնե սառը մեջքը, ու անասելի հաճելի է:
Նա իր հետ է քայլ առ քայլ: Ու զգում է, որ պրծում չկա: Բայց վախենում է` գիտակցելով, որ իր վերջին գարունն է:
Վերջի՞ն:
Միգուցե:
Ագահորեն կլանելով ծխախոտի ծուխը և ձմռան վերջին մահացող սառը օդը` ցանկանում է նորից սիրահարվել, նորից զգալ ուրիշ ջերմ մատների հպում` ապրելու վերջին ճիգերն անող մարմնին…
Ցանկանում է բղավել, որ չի վախենում, չի ընդդիմանա, բայց կդիմանա՞:

* * *
Սուրբ Սարգիս եկեղեցու պատը համեմատաբար տաք է:
Իր տեղն է: Այստեղ ուրիշ փող մուրացող չի գալիս: Դեռ երեսուն չկա, բայց որ աշխատանք չունի, ի՞նչ կարող է անել:
Այսօր էլ իմացավ տեր հորից, որ հարսանիք կա, սովորականից ավելի շուտ է եկել:
Տեսնողին կթվա, թե 50-60 տարեկան է` չսափրված, անխնամ, կեղտոտ մազերով, քրքրված շորերով…
Ծանոթներից շատերը չեն կարողանում ճանաչել, բայց ինքը ճանաչում է ու գլուխը կախ` բռան մեջ հավաքում տված լումաները:
Անիծյա´լ կյանք…չէ´, ինքն է անիծված…և կարծես թե` տեղին:

Լումաներով լիքը բուռը դատարկեց գրպանում ու նորից մեկնեց ձեռքը…
Խոնարհած աչքերի առջև կանգնեցին կանացի զույգ ոտքեր, ափի մեջ իջավ հազար դրամանոց թղթադրամ:
Նայի՞ վերև, թե՞ ոչ…
Տատանման մի քանի վայրկյան, ու աչքերը հառեց վեր:
Կինն ուշադիր նայեց: Հետո, կարծես, աչքերը լցվեցին:
Նորից բացեց պայուսակն ու երկու դոլարանոց թղթադրամ դրեց ափի մեջ…
- Սա երջանկություն է բերում, հավատա´…

* * *
Տեր Հովհաննեսն սպասում էր հյուրի:
Անհամբեր հետ ու առաջ էր քայլում եկեղեցու հարևանությամբ գտնվող իր տան հյուրասենյակում:
- Մարիա´մ, իմ քաշած օղո´ւց դիր, թթո´ւն էլ ավելացրու, մայրդ ո՞ւր է:
- Կգա: Իջել է նկուղ` գինի հանելու: Ես վախենում եմ մկներից:
- Մեծ աղջիկ ես: Դեռ ուզում ես գնալ Երևան` սովորելու: Դու մենակ ապրել չես կարող: 
Մինչև հիմա շանն էլ ճաշ չես կարողանում մոտեցնել:
- Պա´պ, դու էլ լավ գիտես, որ շուն չէ, այլ գայլ, իզուր…,- չշարունակեց` հիշելով գայլի ժանիքները:
Գայլը միայն տեր հորն էր իրեն մոտ թողնում:

* * *
Ձագ էր, երբ հայրը բերեց տուն:
Մեծացավ աննկատ ու դարձավ, ինչ պետք է դառնար` գազան…
Սկզբից գայլն ամեն օր սպասում էր իրեն դպրոցի մոտ: Երբ ավարտական դասարանում էր, գայլի ձագը կծեց համադասարանցիներից մեկին, որը փորձ էր արել քաշել իր թևը:
Սկսեցին կապել շան բնում: Կատաղեց ու մինչև օրս ոչ մեկին չի ընդունում:

* * *
Հյուրը, որին սպասում էր տեր Հովհաննեսը, տան հարևանությամբ գտնվող զինվորական զորամասի հրամանատար մայոր Ավագյանն էր:
Երբ նստեցին սեղանի մոտ, տեր հայրը չդիմացավ ու հարցրեց.
- Հը´, Հրա´չ, նորակոչիկներից մի բան կա՞: Գիտեմ, որ հենց այնպես չէիր գա:
- Մի հատ խմե´նք, կխոսենք: Ես քո քաշած մորու օղին պաշտում եմ, գիտե´ս, չէ՞:
Նրանց միացավ նաև երեցկինը` Վերան:
Երբ բավականին խմեցին, Վերան գնաց սուրճ պատրաստելու, մայորը սկսեց խոսել:
- Նորակոչիկների մեջ մի զինվոր կա, շուն պահող է եղել, Գել Գևոր են ասում, Երևանի` 3-րդ մասի տղա է: Ծնողներ չունի, տատի, պապի հետ է ապրում: Չեմ հասկանում ինչպե՞ս է ընկել Ղարաբաղ: Ուղարկե՞մ մոտդ:
- Փորձենք, փա~ռքդ շատ, Աստվա´ծ: Այդ գայլի ձագը Աստծո տված նվեր է, պետք է վարժեցնել:

* * *
Գևորգն ու Մարիամը շատ շուտ ընկերացան:
Գայլն էլ մեկ ամսվա ընթացքում դարձավ կառավարելի ու հանգիստ:
Ման էր գալիս առանց պարանի ու հստակ կատարում Գևորգի հրամանները:
Գևորգը ոչ միայն գայլին վարժեցրեց, այլ նաև գրավեց Մարիամի սիրտը: Աչքաբաց տղա էր, մարդամոտ, շուտ ընտելացավ տեր հոր ընտանիքին:
Զորամաս չէր գնում, միայն անհրաժեշտության դեպքում: Ամբողջ ցերեկը գայլի հետ թափառում էր մոտակա անտառում:
Շաբաթը մեկ ներկայանում էր զորամաս ու նորից` տեր Հովհաննեսի տուն:
Օգնում էր բոլոր հարցերում:
Ե´վ տեր հայրը, և´ նրա կինը նկատել էին դստեր ու Գևորգի մտերմությունը ու թեև դեմ չէին, բայց աչալուրջ էին:
Գևորգը քնում էր նրանց տան առաջին հարկում:
Ծառայող ընկերներ ուներ` Երևանից` Անդրանիկն ու Հրազդանից` Սարգիսը, որոնք հաճախ էին լինում տեր հոր տանը:
Ճաշում էին միասին: Գիշերները լոտո խաղում…
Հաճախ էին ծնողները տեսնում Մարիամին Գևորգի հետ այս կամ այն գործն անելիս կամ շշուկով խոսելիս:
Ծառայությունն անցնում էր արագ ու ոչ զինվորական կարգով, ինչը գոհացնում էր բոլորին:
Մի անգամ էլ Գևորգը ցուցադրեց գայլի՞, թե՞ իր շնորքը:
Ծխախոտը դրեց բերանն ու կողքը նստած գայլին հրամայեց.
- Կգնաս խոհանոց: Ձախ կողմի դարակին`գազօջախի մոտ, լուցկի կա դրած, կվերցնես ու կբերես ինձ, հասկացա՞ր: Արա´գ:
Գայլն արագ սլացավ դեպի խոհանոց ու վերադարձավ, բերանում սեղմած լուցկու տուփը բերեց, դրեց Գևորգի ոտքերի մոտ:
Բոլորը հիացած էին:
Հետո, երբ Մարիամի հետ մենակ էին, բացատրեց, որ բացարձակ կապ չունի, թե ինչ լեզվով և ինչ է ասում գայլին: Գայլը, երբ տեսնում է բերանում ծխախոտ, գիտի, թե ինչ պետք է անի. ահա ամբողջ գաղտնիքը: 
Մի քանի անգամ մայոր Ավագյանը տեր հորը զգուշացրել էր.
-Հարկավոր է զգույշ մնալ: Ի՞նչ իմանաս՝ ի՞նչ ընտանիքի տղա է, ի՞նչ կա մտքում: Այսպես ես էլ կծառայեի:
-Նորմալ տղա է, Հրա´չ, մի´ մտածիր: Շուտով մեկ տարի կլինի, որ մեր ընտանիքում է, ոչ մի ավելորդ բան չենք նկատել` ո´չ ես, ո´չ էլ Վերան: Լա´վ կլինի:
Մեկ ամիս էր մնացել, որ զորացրվեր, երբ մի օր Գևորգը մտավ տեր Հովհաննեսի սենյակ:
- Ես ու Մարիամը որոշել ենք միասին գնալ: Ես նրան ինձ հետ տանում եմ Երևան: 
- Ինչպե՞ս, առանց մե՞զ…
- Մենք կգնանք ու հետո ձեզ կկանչենք: Դե, արդեն երկուսով որոշել ենք: Մի բան պետք է խնդրեմ: Մեկ օրից Մարիամի ծնունդն է, բայց ես նվեր չունեմ, չգիտեմ՝ ինչ անեմ:
Երկար նայեց տեր Հովհաննեսը նրան: 
Դարակից հանեց ու մի փոքրիկ աղոթագիրք մեկնեց Գևորգին:
- Սա կնվիրես, սա լավ նվեր է:
Հետո մոտեցավ Տիրամոր սրբապատկերին, ձեռքը երկարեց ու նկարի հետևից հանեց երկու դոլարանոց մի թղթադրամ:
- Սա երջանկություն է բերում: Սա դրամ չէ, խորհրդանիշ է` բախտի նշանակ: Հասկանո՞ւմ ես ինձ: 
Սրա վրա փոխվել է երեք մարդու դիմանկար: Հասկանո՞ւմ ես, թե երեքն ինչ է խորհրդանշում: Առաջինը Ալեքսանդր Համիլտոնի դիմանկարն էր: Երկորդը` Թոմաս Ջեֆերսոնինը, որը 33 տարեկան էր անկախության դեկլարացիան ընդունելիս և Ամերիկայի երրորդ նախագահը: Նկարի հետևում նաև երկրորդ նախագահ Ադամսն է, որի ոտքը կարծես տրորում է Ջեֆերսոնը:
Ամեն ամերիկացի չէ, որ ձեռքում պահել է երկու դոլարանոց թղթադրամ:
Գիտե՞ս՝ ետևում ինչ է գրված. «Մենք հավատում ենք Աստծուն»:
-Երկու դոլարանոց թղթադրամը նաև…
Ուշադիր լսում էր տեր Հովհաննեսի բացատրությունները:
Շատ երկար եմ պահել: Ուզում էի որդի ունենալուց նվիրել նրան, բայց… Նվիրում եմ քեզ` գնալուցդ առաջ:

Վերջին օրվա գիշերը գայլն անհանգիստ էր: Ոռնում էր: 
Ժամը երեքն էր, երբ տիկին Վերան իջավ առաջին հարկ, որտեղ Գևորգն էր քնում: Մթան մեջ տեսավ ծխախոտի կրակը:
- Անկողնում մի´ ծխիր: Ինչո՞ւ է ոռնում, քնել չի լինում: Դո՞ւ ինչու չես քնում:
- Երևի զգում է, որ գնալու եմ: Հիմա կհանգստացնեմ:
Դուրս եկավ տանից: Մոտեցավ գայլին: Նստեց բնի մոտ, գրկեց գլուխը:
Գայլը ձայնը կտրեց, դունչը դրեց ոտքերին ու նայում էր տղայի աչքերի մեջ:

* * *
Տեր Հովհաննեսի խնդրանքով միաժամանակ` նույն օրը զորացրվեցին և Գևորգի ընկերները` Անդրանիկն ու Սարգիսը:
Ավտոբուսը դեռ Գորիս քաղաքին չհասած` խաթարվեց:
- Ոչի´նչ, մինչև Գորիս մի կերպ կհասնենք, առավոտյան կշարունակենք,- ասաց վարորդը: 
- Բոլորիդ էլ կտեղավորենք հյուրանոցում, մի երեք ժամվա պատմություն է սարքելը:
Հյուրանոցում նրանց առաջարկեցին մեկ` երկու և մեկ` մեկ տեղանոց համարներ:
- Երկու տեղանոցում մի ծալովի մահճակալ կդնենք,- ասաց աշխատողը,- մի գիշեր է, էլի:
Մեկ տեղանոցում տեղավորվեց Մարիամը:
Տղաները երկու տեղանոցում իրերը դասավորելուց հետո իջան բար:
Գիշեր էր, երբ նրանց սենյակի ձայներից Մարիամն արթնացավ:
- Դու էլ պետք է ասես, որ ծառայել ես, հա՞: Երկու տարի այդ տերտերի քամակը մտած ապրեցիր, կնկան, աղջկան, ինչ ասես արեցիր…,- Անդրանիկի ձայնն էր: 
- Արա´, քո տեղը մենք հա´մ հատակ ենք լվացել, հա´մ գործ ենք արել, հիմա մե՞ր վրա ես մուննաթ գալիս…հլա սրան նայիր, ծալովի մահճակալի վրա էլ չի ուզում մի օր քնի…
- Ձեզ ի՞նչ, ով ոնց կարողանում է, այնպես էլ…- Գևորգի ձայնն ավելի ցածր էր լսվում:
Հետո ձայներից հասկացավ, որ կռվում են, հարվածում իրար: Վեր կացավ ու վազեց դեպի սենյակը:
Երբ բացեց դուռն ու ներս մտավ, Գևորգը հատակին էր` գլուխը բռնած, իսկ ընկերները ոտքերով հարվածում էին:
Ամբողջ երեսն արյունոտ էր…
Փորձեց մոտենալ, բայց զարմացած նայեց հարվածող տղաներին ու չհասկացավ, նրանց վայրի ժպիտի պատճառը:
Երբ հասկացավ, որ ժպտում են իր կիսամերկ մարմնին նայելով, ուշ էր արդեն:
Անդրանիկը մոտեցավ ու մազերից քաշելով` գցեց հատակին:
Սարգիսը ձեռքով բերանը փակեց:
Կծկվեց, փորձեց կծել բերանը փակող ձեռքը, բայց մի ուժեղ հարված ստացավ գլխին:
Զգաց, որ պատռելով հանում են իր գիշերանոցը…
Երկար չկարողացավ դիմադրել ու երևի անզորությունից կորցրեց գիտակցությունը …
… Երբ աչքերը բացեց, լուսացել էր:
Հիշեց ու նայեց կողքերը: Հյուրանոցի իր համարում էր` պատառոտված ու արյունոտ գիշերանոցով:
Գլխի մոտ` բարձի վրա ընկած էր երկու դոլարանոց մի թղթադրամ.. 

* * *
- Ավտոբուսը մի երկու ժամ առաջ է գնացել: Տղաներն ասացին, որ դու մնում ես, քեզ չարթնացնենք,- հյուրանոցի աշխատող կինը հետաքրքրությամբ նայում էր ամբողջովին իրեն կարգի չբերած Մարիամին:
- Աղջի´կ ջան, բա այդ տարիքում խմո՞ւմ են այդքան, չգիտե՞ս, որ չարիք է…
- Կարո՞ղ եմ զանգել: Խնդրում եմ, ընդամենը մի քանի րոպե:
Կինը դեպի Մարիամը հրեց հեռախոսը:
- Երկար չխոսես:
- Մա´մ, բարև´, պապան ո՞ւր է:
- Հասե՞լ եք, Մարիա´մ ջան, ամեն ինչ լա՞վ է: Պապան տարավ գայլին թաղելու անտառում: Գիշերը գյուղացիները կրակել, սատկեցրել էին: Կատաղել էր, երեկ ցերեկը մի հարևանի շանն էր գզել, մյուսի` հորթին…
- Մա´մ, պապային ասա` գա հետևիցս: Ես Գորիսում եմ, հյուրանոցում…

* * *
- Սա երջանկություն է բերում, հավատա´…
Մարիամի ոտքերը դանդաղ հեռանում էին աչքերից, իսկ ականջներում տեր Հովհաննեսի խոսքերն էին.
«Ամեն ամերիկացի չէ, որ ձեռքում պահել է երկու դոլարանոց թղթադրամ: Երկու դոլարանոց թղթադրամը նաև…
…Վիետնամի պատերազմի ժամանակ վիետնամուհիների` ամերիկացի զինվորներին մատուցած սեքս ծառայություններն արժեին երկու դոլար և դա պատահական չէր, քանի որ հինգ դոլարանոց թղթադրամիներին, որոնցով սովորաբար վճարվում էին վարձու զինվորները, վիետնամուհիները երբեք մանրադրամ չէին ունենում վերադարձնելու:
Երկու դոլարանոց թղթադրամը դարձավ նաև սիրո վաճառքի խորհրդանիշը…
Ուշադիր կլինես, զգույշ կվերաբերվես…»:

* * *
Գևորգը նայեց ձեռքի ափին, ու կարծես թղթադրամը խոսում էր իր հետ.
-Ես քո Խիղճն եմ: 
Եկել եմ մաքրվելու…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել