Հայության մի հատվածի (ուզում եմ հավատալ, որ փոքր հատվածի) հրճվանքը հարևան երկրում տեղի ունեցած հրդեհի ու տասնյակ զոհերի կապակցությամբ զզվանքից բացի ոչինչ չի առաջացնում: Զոհերի թվում են երեխաներ ու երիտասարդներ: Մեր հասարակության այդ հատվածը երբեք չի լսել կարեկցանքի ու մարդասիրության մասին, չգիտի, որ կան քաղաքական, ազգային ու կրոնական արժեքներից վեր գտնվող պարզ, մարդկային արժեքներ: Դուք սովորել եք կարեկցել միայն ինքներդ ձեզ ու գիտեք աշխարհից կարեկցանք պահանջել միայն ձեր ցավերի համար: Թող ձեր ուղեղն ու սիրտը լցվեն բարությամբ, որովհետև բարին ու կարեկցանքը դեմ չեն ոչ մի կրոնի, ազգության ու ավանդույթի: Եթե մտածում եք, որ վարվում եք այնպես, ինչպես նմանատիպ դեպքում ձեզ հետ կվարվեին մեր հարևան երկրի որոշ ներկայացուցիչներ (հավանաբար նույնպես շատ քիչ), ապա իմացեք, որ իրենցից տարբերվում եք միայն ազգությամբ: Մնացած ամեն ինչով դուք նույնն եք. ոչ մի մարդկային ու հոգևոր արժեք չճանաչող, բնազդով առաջնորդվող, մտավոր ունակություններից ու զգայարաններից զուրկ մարդիկ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել