Ընդդիմադիր բևեռի պասիվությանը շունչ հաղորդելու համար, ինչ խոսք, անհրաժեշտ է համեմատաբար ակտիվ ներգրավվել քաղաքական ամենատարբեր գործընթացներում: Խորհրդարանական ուժերն էլ օգտագործում են իրենց լիազորություններն ու հանդես գալիս օրենսդրական որոշակի նախաձեռնություններով:
Այնուամենայնիվ, շատ ժամանակ այդ օրենքի նախագծերն ավելի շատ պոպուլիզմի ժանրից են լինում:
Օրինակ՝ ԱԺ «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավորները շրջանառության մեջ են դրել օրենքի նախագիծ, որով առաջարկվում է Շիրակի մարզի համայնքներում և Գյումրի քաղաքում իրականացվող գործունեությունը հարկերից ազատել 50%-ով։ Ինչպես նաև օրենքի համաձայն՝ Գյումրի քաղաքում 40 և ավելի աշխատատեղ ստեղծելու նպատակով նվազագույնը 100 մլն ՀՀ դրամ ներդրում իրականացնող կազմակերպությունները 18 ամիս ժամկետով ազատվում են շահութահարկից և եկամտահարկից:
Ընդհանուր առմամբ պետք է նշենք, որ անգամ ամենազարգացած երկրներում վարչատարածքային ամբողջ միավորները չեն ազատվում հարկերից նման ձևով: Նախ ՕԵԿ-ականներն էլ են հասկանում, որ անհավանական թվերից են խոսում, և երկրորդ` այդ դեպքում որքանով է օբյեկտիվ լինում պետական համակարգն այլ մարզերում գործունեություն ծավալող տնտեսական սուբյեկտների նկատմամբ:
Սա ակնհայտ խոսում է այն մասին, որ ՕԵԿ-ը խաղում է էլեկտորատի հույզերի հետ` փորձելով ֆոն ստեղծել, թե այն քաղաքական ուժն է, ով իրոք մտածում է ժողովրդի մասին:
Այսպիսով, ՕԵԿ-ը պարզապես զբաղված է պոպուլիզմով, և նման առաջարկներն ավելի են ընդգծում այն փաստը, որ նրանք իրականացնում են հերթական քաղաքական «դերասանությունը»: