Կարծում եմ, ամենևին էլ ոչ: «Մարդու կյանքը նման է լուցկու տուփի, որտեղ օրըստօրե ավելանում են այրված հատիկները»: Կարծում եմ, կամազուրկ մարդիկ միանգամից են այրում այդ հատիկները, և կյանքը նրանց համար ընդամենը մոխրով լի անբովանդակ տուփի է վերածվում` լցված ախտաժետ մոլություններով: Ճիշտ է, տարբեր մոլություններ ունեցող մարդիկ մոլուցքի իրենց նախընտրած ձևն են համարում գերհաճելի և թերևս նրանց դժվար է տարհամոզել, որ գոյություն ունեն հաճույքի այլ դրսևորումներ` իմանալու, սովորելու, ճամփորդելու, սիրած արվեստով կամ արհեստով զբաղվելու, հողի, ծառի ու թփի, բնության հետ հաղորդակցվելու հաճույքը: Իմ կարծիքով, կամք նշանակում է հաճելիի և օգտակարի համադրում: Կամազրկությունը, թուլամորթությունը ծուլության գործակիցն են և վնասածին: Մարդկային թուլություններն առնչվում են կամքի հետ: Դրանցից զերծ չէ ոչ ոք, անգամ ուժեղ կամային հատկանիշներ ունեցող անհատները: Այդ թուլությունները, սակայն, շատ հեռու են մոլություն լինելուց: Կամքը չի բացառում զիջելու ընդունակությունը: Խելամիտ և չափավոր զիջումն անսկզբունքայնություն և թուլամորթություն չի ենթադրում: Զիջման չափի ոչ ճիշտ պահպանումը մի դեպքում մարդուն կարող է հանգեցնել համառության, մի այլ պարագայում` թուլամորթության: Կամքն այս դեպքում ևս դրանց սահմանները ճիշտ որոշելու համար է: Կամքը վստահություն է սեփական ուժերի հանդեպ: Կամքի թուլությունը ենթադրում է, անշուշտ, թերարժեքության բարդույթ: Հենց այստեղից էլ ծագում է սիրող անհատի պակաս սիրված լինելու զգացողությունը, որ բոլոր սիրային թեմաներով ստեղծագործությունների հիմքում է:
Այնուամենայնիվ, յուրաքանչյուր մարդու կյանք հստակ է Աստծո համար: Տերունական աղոթքում ասում ենք. «Թող Քո կամքը լինի ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա»: Սակայն կյանքում դժվարանում ենք խոնարհվել Նրա կամքի առաջ:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/S.Ohanjanyan/posts/452067701505977
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել